loading...

Եթե մենք ունեցել ենք Խաչատուրովի նման գլխավոր շտաբի պետ, էլ ինչի՞ մասին է խոսքը. Բադասյան



Դիտումներ ` 1639
Եթե մենք ունեցել ենք Խաչատուրովի նման գլխավոր շտաբի պետ, էլ ինչի՞ մասին է խոսքը. Բադասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ աշխատանքից ազատեց ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին: Մի քանի ժամ անց վարչապետը հայտարարեց նոր գլխավոր շտաբի պետի անունը, հասարակության շրջանում ոչ այդքան հայտնի` գեներալ-մայոր Արտակ Դավթյանին: Դավթյանը 2009 թվականից զբաղեցնում էր ՊՆ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը, իսկ 2017 թվականի սեպտեմբերի 28-ից 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:

Ի՞նչ սպասելիքներ կան ԳՇ նոր պետից, մեր հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

- Պարոն Բադասյան, ի՞նչ կարծիք ունեք նորանշանակ ԳՇ պետի մասին. կարծես թե հասարակության շրջանում Արտակ Դավթյանն այդքան էլ մեծ ճանաչում չունի, արդյոք նա կարո՞ղ է փոփոխություններ կատարել ոլորտում:

- Նորանշանակ շտաբի պետի մասին սոցցանցերում տարբեր քննարկումներ են գնում: Իմ կարծիքով՝ առաջին հերթին նա հասարակության մեջ ճանաչում չունի, քանի որ «սովորույթ» կա, որ գեներալները պետք է լինեն փոխկապակցված կոռուպցիոն գործողությունների եւ նմանատիպ բաների մեջ, իսկ իրեն չեն ճանաչում հասարակությունում, եւ սա հենց առաջին ամենալավ բնութագիրն է Արտակ Դավթյանին, այսինքն, նա թաթախված չէ կոռուպցիոն գործողությունների մեջ:

Երկրորդը, եթե մարդը հասել է գեներալի պաշտոնի՝ աննկատ լինելով, աճել եկել հասել է այն պաշտոնին, որ գլխավորել է գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունը, ուրեմն պատահական մարդ չէ եւ ոլորտին անծանոթ չէ: Սա եւս մի հանգամանք է, որ նշանակում է, որ հասարակությունը պետք է ակնկալիքներ ունենա, որ նա կարող է կոմպետենտ ձեւով ղեկավարել: Այսինքն, կոռուպցիոն շարքերից դուրս է, օպերատիվ հարցերում կարող է գլխավորել շտաբը:



Երրորդ, եթե մենք համեմատության մեջ վերցնում ենք նախորդ շտաբի պետերի, թե կոռուպցիոն ներգրավվածությունը եւ թե նրանց օպերատիվ արձագանքը երեւույթների նկատմամբ, ապա տեսնում ենք, որ որեւէ բանով չեն փայլել, եւ ընդհանրապես որեւէ հմտություն չեն ցուցաբերել:

Օրինակ, 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ հարձակում է եղել, ըստ իս, գլխավոր շտաբի պետը պետք է անձամբ նույն պահին, իր ձեռքը վերցներ գործողությունը, մարտը կազմակերպեր եւ հաջորդ առավոտյան` անշուշտ, մենք ունեինք այդ ներուժը, հետ վերցներ այդ դիրքերը: Բայց դրանք այդպես էլ հետ չեն վերցվել, եւ որեւէ քայլ չի ձեռնարկվել հետ վերցնելու ուղղությամբ. դա որպես տեղյակ մարդ եմ ասում: Ես գտնում եմ, որ դա չիմացության ու անճարակության հարց էր, որը ցուցաբերել էր նախորդ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը: Եթե մենք ունեցել ենք նման գլխավոր շտաբի պետ, էլ ինչի՞ մասին է խոսքը, երբ մենք մարդուն դեռ չենք ճանաչում, սկսենք նրա մասին վատ խոսելը:

Ես ակնկալում եմ ամբողջությամբ ավելի դրական եւ ավելի բարին, որովհետեւ նրան նշանակել է մի մարդ, որը այսօր ղեկավարում է Հայաստանի կառավարությունը: Նրան մի մարդ է նշանակել, ով միայն ունի հենարան ժողովրդին եւ ժողովրդի շահերով է առաջնորդվում: Որեւէ կոռուպցիոն աշխատանքներ, որեւէ բիզնես կամ որեւէ պատրադրանք նա չունի: Ես համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանը անպայման տեղեկացված կլինի նրա հմտությունների, անձնական բնութագրի եւ կարողությունների մասին եւ հետո նշանակած կլինի:

- Իսկ կա՞ր ձեզ համար ավելի նախընտրելի թեկնածու գլխավոր շտաբի պետի պաշտոնի համար:

- Կարող է լինել, բայց նշանակողը ես չեմ, նշանակողը Նիկոլ Փաշինյանն է, եւ ես համոզված եմ, որ նա ճիշտ էլ նշանակել է: Հիմա այդ մարդը հայտնի չէ, բայց շուտով հայտնի կդառնա:

- Որպես ռազմական գործիչ, ո՞վ է ձեր թեկնածուն, կասե՞ք նրա անունը:

- Իհարկե, ես չեմ կարող միանշանակ ասել մի հոգու, բայց շատ թեկնածուներ կան, որ կարող էին գլխավորել դա: Օրինակ Կարեն Աբրահամյանը` Արցախի ՊԲ շտաբի պետ, Միքայել Արզումանյանը, ով նույնպես երիտասարդ գեներալ է եւ ամեն ինչով փորձառու: Հիմա նա գլխավոր ռազմական տեսչությունում է: Ես կարող եմ այսպես ազնիվ գեներալների անուններ ասել, բայց կնախընտրեի այդ երկուսին: Շատ ուրախ եմ, որ թեկնածուներ շատ ունենք, բայց այսօր նշանակված անձը Արտակ Դավթյանն է, եւ ես համոզված եմ, որ նա նույնպես արժանի թեկնածու է:


- Ի՞նչ սպասելիքներ ունի Արցախը ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարից եւ ԳՇ պետից, ի՞նչ փոփոխություններ են ակնկալում ռազմական ոլորտում:

- Բանակում այնպիսի քայքայիչ գործողություններ էին կատարվում, որի պատճառով մեր երեխաները, հայորդիները չէին ցանկանում որպես սպա ծառայել, ես համոզված եմ, այս փոփոխություններից հետո, բանակում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ սպան կցանկանա ծառայել, երեխաները կցանկանան իրենց տեսնել սպայական ծառայության մեջ եւ բանակի մեջ, ինչը մինչ այսօր չկար, որովհետեւ արդարության պակաս կար բանակում:

Օրինակ, միջանձնային հարաբերությունները ճշտող, այն բոլոր համակարգերը, որ բանակում քայքայիչ գործողություններ էին կատարում, ինչի արդյունքում այսօր բանակում կան շատ դատված մարդիկ, պայմանականորեն ծառայություն են տանում, կամ էլ համբերում են` դա չի լինի: Բանակում զոհերը կպակասեն, որովհետեւ կային պատճառներ, որ չէր արվում: Այն ինչ, որ կախված է գլխավոր շտաբից եւ բանակից, ես համոզված եմ, որ այս նոր ազգային զարթոնքի ֆոնի վրա եւ այս նոր նշանակումներով, բանակը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այն թերությունները, որ կային, չլինեն:

Ես այս ակնկալիքներն ունեմ, որ սրանով իսկ բանակում արդարություն տեղակայելուց հետո մարդիկ վաղվա օրվա նկատմամբ ավելի հավատով կլինեն, կոնկրետ մենք` առաջնագծում ապրողներս: Մենք միշտ պատրաստ ենք, որպես մասնագետներ, մեր ուժն ու եռանդը հասարակական կարգով ծառայեցնելու ի շահ մեր հայրենիքի:

http://armtimes.com/hy/article/138118


loading...

Փակել