Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանը յոթ ամիս ԱՄՆ-ում բնակվելուց հետո այժմ Երեւանում է: Life.panorama.am-ը նրա հետ զրուցել է ամերիկյան կյանքի եւ նորակազմ ընտանիքի մասին:
Հայ hայտնիների ոճային փnփոխnւթյունները. Լուuինե Աղաբեկյան
— Ի սկզբանե նախատեսված չէր, որ այդքան երկար պետք է այնտեղ մնայինք. մենք մեկնել էինք ամուսնուս հարազատներին տեսակցելու, սակայն այնտեղ ամուսինս առողջական խնդիրներ ունեցավ, վիրահատվեց, ինչն էլ պատճառ դարձավ, որ ավելի երկար մնանք: Բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե ԱՄՆ եմ տեղափոխվել ապրելու, ասեմ, որ ես այստեղ եմ ապրում, իսկ Միացյալ նահանգներ երբեմն-երբեմն մեկնում ենք ամուսնուս հետ, քանի որ նա այստեղ ոչ մեկ չունի: Հոկտեմբերի վերջին մենք կրկին կմեկնենք ԱՄՆ, որովհետեւ թղթաբանական խնդիրներ ունեմ, պետք է կարգավորվենք այդ հարցերը: Հույս ունեմ, որ մեկնելուց երեք ամիս հետո շուտ կվերադառնանք, քանի որ այստեղ ես ընտանիք ու աշխատանք ունեմ, ներկայացումներ կան, որտեղ իմ մասնակցությունը պարտադիր է:
-Դժվար չէ՞ր նոր երկրի բարքերին սովորելը, նաեւ մարդկանց մտածելակերպն ընդունելն ու ինտեգրվելը:
— Պետք է խոստովանեմ, որ Հայաստանն ինձ համար ամենահոգեհարազատ երկիրն է, ես ինձ միայն այստեղ եմ տեսնում: Հայաստանում ես որպես կին կայացած եմ՝ ունեմ աշխատանք, սիրված եմ, ճանաչված: Ինձ այստեղից այն կողմ չեմ տեսնում, իսկ ԱՄՆ գնում եմ ստիպված, քանի որ ամուսինս է գնում: Այն, ինչ անում ես Հայաստանում, այնտեղ չես կարող անել: Գուցե շատերին տարօրինակ թվա ասածս, բայց ֆիլմեր նկարահանելիս, կամ ներկայացումներ բեմադրելիս այն պրոֆեսիոնալիզմը, որ կա Հայաստանում, այնտեղ միանշանակ չկա: Դրա համար էլ ԱՄՆ-ում ոչինչ չեմ անում ու ոչ էլ հասկանում եմ այնտեղի մարդկանց մտածելակերպը: Չարախոսություն թող չթվա, բայց նրանց մեջ այսպիսի մի մոտեցում կա՝ կազմավորված ստեղծագործական խմբերը նոր մարդկանցով չեն համալրվում, անընդհատ նույն դեմքերով են աշխատում: Երբ Հայաստանից դերասան է գնում ԱՄՆ, ըստ իս, ցանկության դեպքում պետք է հրավերք անեն, այլ ոչ թե սպասեն, որ տվյալ դերասանը գնա եւ ասի, թե եկել եմ, ինձ գործ տվեք: Այս իսկ պատճառով այնտեղ ոչնչով չեմ զբաղվում, պարզապես ամուսնուս հետ վայելում եմ օրերս: Ինչ վերաբերվում է օրենքներին, այ այդ առումով ԱՄՆ-ն հիանալի երկիր է: Այնտեղ դու կարող ես օրենքով ապրել, ինչը բացակայում է մեր երկրում: ԱՄՆ-ում պետությունը քեզ գնահատում է ու տալիս բազում հնարավորություններ ապրելու, աշխատելու, ստեղծագործելու, սովորելու: Ես շատ գնահատում եմ նրանց այդ մոտեցումը, բայց եւ կարծում եմ, որ եթե մեր երկիրը եւս այդպիսին լիներ, ապա Հայաստանից ավելի հրաշք վայր աշխարհում չէր լինի: Մեր ժողովրդին միայն կասեմ, որ շատ բարձր գնահատեն մեր պետությունը, ու այն չշփոթեն ղեկավարության հետ: Ամեն մեկը պետք է սիրի ու փայփայի իր երկիրը:
-Արմինե, վերջին յոթ ամիսների ընթացքում ի՞նչը կամ ո՞ւմ էիք ամենաշատը կարոտել:
— Քանի որ այնտեղ ոչնչով չէի զբաղվում, հետեւաբար ամենաշատը կարոտել էի թատրոնը: Կարոտել էի իմ խաղին, ընկերներիս, հարազատներիս: Կարոտել էի թատրոնի ու մեր երկրի օդը: Պատկերացրեք, երբ տեսահոլովակներ էի նայում Երեւանի մասին, սկսում էի արտասվել, կարոտն իսկապես խեղդում էր:
-Նոր առաջարկներ ունե՞ք. մինչ մեկնելը, բացի թատրոնային աշխատանքից, ֆիլմերում կհասցնե՞ք նկարահանվել:
— Անկեղծ ասաց, երբ ԱՄՆ-ում էի, այստեղից մի քանի առաջարկներ ունեցա, բայց քանի որ վերադարձս ուշացավ, չկարողացա դրանց մասնակցել: Այս պահին նոր հրավերներ չունեմ, բայց շատ ուրախ կլինեմ, եթե հասցնեմ մինչ մեկնելս հետաքրքիր աշխատանքներում ներգրավվել: Իսկ եթե չհասցնեմ այստեղ նկարահանվել, ապա արդեն իսկ մտքեր կան ԱՄՆ-ի իմ լավ ընկերների հետ մինչեւ մարտ ամիս սիթքոմ կամ ներկայացում իրականացնել:
-Արմինե, այստեղի եւ այնտեղի հեռուստադիտողների պահանջները շա՞տ են տարբեր:
— Այո, բավականին: Այնտեղի հայ հեռուստադիտողն արդեն հոգնել է այստեղի ֆիլմերի լացուկոծից, անվերջ կրակոցներից ու բռնակալությունից: Մարդիկ ավելի թեթեւ ու հետաքրքիր ֆիլմեր են ուզում դիտել, որոնք մեզ մոտ պակասում են: Ինքս այս առումով շատ բողոքներ եմ այնտեղ լսել: Հայրենիքին միացնող միակ կապը հեռուստատեսություններն են, եթե դրանք հետաքրքիր բաներ ցույց չտան, ապա մարդիկ այլեւս չեն նայի: Շատ կցանկանայի, որ այս խնդիրը որեւէ կերպ բարձրաձայնվեր, ի վերջո, պետք չէ անընդհատ կրիմինալ կյանք ցույց տալ, կարելի է գյուղի կամ քաղաքի կյանքը հետաքրքիր կերպով ներկայացնել եւ դա անել հումորով: Ամերիկյան հեռուստատեսություններում հազվադեպ կարելի է կրիմինալ կադրեր տեսնել, նրանք հետաքրքիր սիթքոմներ ու ֆիլմեր են ցույց տալիս, որոնք մարդկանց կյանքը թեթեւացնում են:
-Արմինե, նշեցիք, որ այնտեղի մարդիկ շատ են տարբեր իրենց մտածելակերպով: Ձեր ամուսինն էլ հայաստանաբնակ չէ. հետաքրքիր է՝ մտածելակերպի տարբերությունը ինչպե՞ս է հարթվում ընտանիքում:
— Նա ինձ հանդիպեց այն տարիքում, երբ ես հասուն ու կայացած կին էի: Ես հասկացա, որ նա իմ կյանքի տղամարդն է, քանի որ զգացի, թե ինչպես է ամբողջովին ինձ ընկալում, ըմբռնում, նա կարողացավ ինձ թույլ տալ ազատ ստեղծագործել, մենք մի բառից իրար հասկանում ենք: Այսինքն՝ մենք կարողացանք մեկս մյուսին լրացնել: Նա հումորով մարդ է, նրա հետ շատ հետաքրքիր է, ինչի շնորհիվ էլ նա իմ շրջապատում կարճ ժամանակում սիրվեց: Հիմա միանման ենք մտածում եւ կապ չունի, որ ծնվել է Քեսաբում, ապրել ԱՄՆ-ում: Երեւի թե սա է հենց ճակատագիրը ու ինչպես ասում են՝ ի վերուստ կանխորոշված իմ կեսը: Հիմա հասկանում եմ, որ երեւի պետք է հասնեի այս տարիքին եւ հետո նոր նրան հանդիպեի. Ես հավատում եմ ճակատագրին, ու շնորհակալ եմ Աստծուն ամուսնուս ինձ պարգեւելու համար: Այսօր ես երջանիկ եմ, քանի որ ունեմ կողքիս մեկին, ով ոչ միայն հասկանում ու սիրում, այլեւ գնահատում է ինձ: