loading...

Ես չեմ ուզում մահանալ



Դիտումներ ` 747
Ես չեմ ուզում մահանալ

Երեկ էլեկտրոնային a1plus.am լրատվականը հրապարակեց մի ռեպորտաժ, որը անտարբեր չէր կարող թողնել ոչ ոքի: Պայմանագրային նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը հայտնվել է անելանելի վիճակում։2011-ին Երևանի մայրաքաղաքային գնդում պայմանագրային զինծառայության է մտել։ Ամեն ինչ սկսվել է մեկ տարի անց, երբ աղիքային բորբոքում ստացած Դավիթը հայտնվել է  Մուրացանի հոսպիտալում։

 «Չեմ հիշում ոնց են ինձ առաջին վիրահատությունն արել, առաջին վիրահատությունն ինչ–որ սխալ ա եղել, երկրորդն են արել, երկրորդից հետո ընկել եմ կոմայի մեջ ու սենց վիճակ ա առաջացել մոտս»,- պատմում Դավիթ Հակոբյանը։

Նա 28 տարեկան է, ապրում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում։ 2006-2008 թվականներին Արցախում սահմանային զորամասում է ծառայել։ Առողջական խնդիրներ չի ունեցել նաև պայմանագրային զինծառայության մտնելիս։ Մուրացանի բժիշկները հեռացրել են Դավիթի աղիքը, ինչից հետո նա անշարժացել է՝ քայլելը դարձել է գրեթե անհնարին։

 



Պաշտպանական  գերատեսչության անգործությունից հուսալքված Դավիթը երկու տարի առաջ կտրուկ քայլի է դիմել։ Օրեցօր վատթարացող առողջական վիճակի մասին հիշեցնելու համար զանգել է ոստիկանություն, հայտնելով, որ Բաղրամյան 26-ում, ՊՆ Սեյրան Օհանյանի գրասենյակում, Մուրացան հոսպիտալում ռումբ կա։ «Տենց արել եմ, որ ուշադրություն դարձնեն, ես ասեմ, բացատրեմ, որ ես էս վիճակում մնալուց չեմ բուժվում»։

Բուժումն արտերկրում կազմակերպելու փոխարեն ուղարկել են բանտ, որտեղ 16 ամիս է անցկացրել։ 6 ամիս է՝ ինչ ազատության մեջ է։ Բանտից դուրս գալուց հետո  Վիգեն Սարգսյանին 4 նամակ է ուղարկել, ուղղակի պատասխան չի ստացել։

Դավիթ Հակովյանը հայտարարում է, որ չի ուզում մահանալ և խնդրում է փրկել իր կյանքը: Երիտասարդ տղայի հետ տեղի ունեցածը խոսում է պետության անգործության մասին: Այդ անգործությունը մարդուն ստիպում է անգամ գնալ ծայրահեղ քայլի, որպեսզի իր խնդիրը լսելի դառնա:

Հիմա ՀՀ կառավարությունը շատ է խոսում ազգ-բանակ կոնցեպտի մասին, իսկ կառավարության ծրագրում այս կոնցեպտը կարևորագույնների թվին է դասվում: Իսկ ում է պետք այդ կոնցեպտը, երբ բժշկի սխալի պատճառով զինվորականի կյանքը վտանգված է ու պետական գերատեսչությունները թքած ունեն այդ հանգամանքի վրա:

Հետաքրքիր է,  թե օլիգարխ պաշտոնյաները, որոնք պետության հաշվին են հարստացել ինչպես են նայում իրենց ցոփ ու շվայտ կյանքով ապրող երեխաների աչքերին, երբ այդ նույն ժամանակ նաև իրենց կյանքը պաշտպանող զինվորականը խնդրում  է ապրել:

loading...

Փակել