Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում երեկ` հունիսի 11–ին, կայացավ երգչուհի Նառայի դստեր՝ Էլեոնորայի հարսանիքը։ Խնջույքը շարունակվել է երևանյան ռեստորաններից մեկում։ Համացանցում հարսանիքն արդեն ստացել է իր բնորոշումը՝ ճոխ։ Արարողությանը ներկա էին շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը։ Tert.am Life–ի հետ զրույցում Նառան պատմեց, որ օրն իր համար շատ ուրախ, բայց և լարված է անցել։
Երգչուհին չի կարողացել զսպել հուզմունքը։ «Ի սկզբանե լարված էի, ինչպես բոլոր ծնողները նման պահերին։ Հուզվել էի, լացում էի, սակայն եկեղեցում և սրահում արդեն հավաքել էի ինձ։ Ուրախանում ես, որ աղջիկդ երջանիկ է, ամուսնանում է իր սիրած տղայի հետ, նոր կյանք է ստեղծում և ինքդ էլ չես հասկանում` ինչու ես լացում։ Այդ րոպեին գիտակցությունդ չի աշխատում»,– ասաց նորահարսի մայրիկն ու պատմեց, որ իր համար ամենահուզիչ պահը եղել է իրենց տանը։
«Շատ տպավորիչ էր, երբ աղջիկս հարսի զգեստը հագավ, փեսան մտավ, քողը բարձրացրեց, համբուրեց և սենյակից դուրս եկան։ Այդ պահին շատ էի հուզվել»,– հիշեց Նառան ու հարսանիքից մեկ օր անց էլ հուզվեց։ Չնայած հուզմունքին` երգչուհին երջանիկ է, որ դուստրն իր սիրելի մարդու կողքին է։
Նառայի դստեր հարսանիքը համացանցում արդեն ստացել է «ճոխ» բնորոշումը։ Խնջույքին ներկա էին շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը, Թաթան, Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Միքայել Պողոսյանը, Աշոտ Ղազարյանը, Լուիզա Ներսիսյանը, Արթուր Գրիգորյանը` դստեր հետ, Անիտա Հախվերդյանը, Հրաչ Քեշիշյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրաչ Մուրադյանը, Գրիգոր Նազարյանն ու Լիլիթ Մարգարյանը, Ժաննան և այլք։ Երգիչներից շատերը նորապսակներին շնորհավորել են երգով։ Նառան շեշտեց, որ հյուրերից որևէ մեկը հրավիրված չի եղել երգելու համար։
«Հրավիրված են եղել իմ 25-30 տարվա ընկերները, որոնք մանկուց գիտեն դստերս։ Շատ ուրախ եմ, որ հարսանիքին ներկա էին միայն այն մարդիկ, որոնց հետ շատ մտերիմ եմ, ոչ թե նրանք, ում հետ տարին մեկ անգամ եմ տեսնվում։ Իմ ուրախությունը կիսում էին ամենամտերիմ ընկերներս, ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետև այսօր ուրախություն կիսելը դժվար բան է։ Հյուրերի շարքերում ևս մի քանիսը պետք է լինեին, սակայն չէին կարողացել գալ, քանի որ արտերկրում էին` հյուրախաղերի։ Շատ հյուրեր ունեինք նաև ԱՄՆ–ից։ Ներկա էր նաև ամուսնուս ամբողջ գերդաստանը Բեյրութից»,– ասաց նա։
Անդրադառնալով «ճոխ» բնորոշմանը` Նառան ասաց. «Շատ հաճելի է, որ հարսանիքը որակվել է որպես ճոխ, սակայն չեմ կարծում, որ այն ճոխ էր։ Միգուցե ավելի ճաշակով էր։ Ինձ համար ճոխ հասկացողությունը մի քիչ այլ է»։
Երգչուհին հպարտությամբ նշեց, որ կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվել է դուստրը, ինքը ոչնչի չի միջամտել։