ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 64-ամյա կնոջ մահվան և թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։ Այս մասին նշված է քննչական կոմիտեի կայքում։
2018 թվականի մարտի 22-ին` ժամը 17:10-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։ Բացի այդ, նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատիկի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանում՝ գետնին, հայտնաբերվել է մանկահասակ երեխայի տատիկի դին՝ դաստակների, նախաբազուկների դրսային, առաջամիջնային մակերեսների, աջ կրծքագեղձի, ձախ սրունքի շրջաններում մոխրացած, ածխացած, դարչնագույն վնասվածքներով:
Լոգարանի հարևանությամբ գտնվող ննջասենյակում հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան: Նախնական տվյալներով՝ դեպքի պահին տանը եղել են թոռնիկն ու տատիկը (ծնված 10.11.1953թ.)։
Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Վարույթն իրականացնող մարմնին բժշկական կենտրոնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ փոքրիկի կյանքին, այս պահի դրությամբ, վտանգ չի սպառնում։
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: