loading...

Երևանի սենսացիոն առաջարկը Բրյուսելին. շրջադա՞րձ, թե՞ պատրանք



Դիտումներ ` 740
Երևանի սենսացիոն առաջարկը Բրյուսելին. շրջադա՞րձ, թե՞ պատրանք

Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ճգնաժամի բաղադրիչներ կան, և դա թերևս ակնհայտ է այն հեռակա դիվանագիտական փոխհրաձգությունից, որը տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու միջև։

Ուշագրավ է, որ չի բարձրաձայնվում, սակայն երկուստեք առկա է նոր իրավիճակի ոչ ադեկվատ ընկալման հանգամանք։ Բրյուսելում ժամանակ է պետք, որպեսզի մարսվեն հայկական հեղափոխության հետևանքները, թեև արևմտյան մայրաքաղաքներում բավականին պրագմատիկ են, և նրանց համար չափման միավորը արտաքին քաղաքականության վեկտորն է։ Այս համատեքստում էր Պյոտր Սվիտալսկին նախօրեին հայտարարել, թե ինչպե՞ս կարող է Եվրամիությունը փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, եթե հայկական կողմը հայտարարում է, որ Եվրամիության ուղղությամբ Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա։

Ըստ ամենայնի, Բրյուսելում կարծում են, որ Հայաստանը պատրաստ չէ Եվրամիության հետ ավելի խորքային ու բովանդակային հարաբերությունների, և ակնարկում են, որ հարաբերությունները առայժմ չեն կարող դուրս գալ գործող իրավաքաղաքական կարգավորումների շրջանակից։ Հիմա այնքան էլ կոռեկտ չէ քննարկել, թե ինչքանով է ռացիոնալ Բրյուսելի այս մոտեցումը, որովհետև դժվար է գնահատել, թե Եվրամիության գործնական քաղաքականության ձևավորման վրա ինչպիսի համամասնությամբ ազդեցություն ունեն աշխարհաքաղաքական շահերը և արժեքային կողմնորոշումները։

 



Մյուս կողմից՝ դժվար է ասել, թե ինչքանով է լեգիտիմ Հայաստանի նոր կառավարության պահանջը Եվրամիությունից՝ փոխել վերաբերմունքը ժողովրդավարական Հայաստանի հանդեպ, այսինքն՝ առաջնությունը տալ արժեքային չափման միավորին, երբ հեղափոխությունն ըստ էության չի անդրադարձել մեր երկրի արտաքին քաղաքականության ոչ միայն վեկտորի, այլ նաև, գոնե առայժմ, որակի վրա։

Այս բարդ խճանկարում երեկ բավականին ուշագրավ, ինչ-որ իմաստով սենսացիոն հայտարարություն է արել Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ Նա ասել է, որ Հայաստանը բավականին խոշոր գումարի օժանդակություն է ակնկալում Եվրամիությունից, և այդ նպատակով այժմ մշակվում են համապատասխան ծրագրեր: Եղոյանը, իհարկե, կոնկրետ գումարի չափ չի նշել. խոսել է, այսպես կոչված, սոլիդ գումարի մասին ու հավելել է, որ խոսքը հիմնականում վերաբերում է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։

Դժվար է հիմա պնդումներ անել՝ արդյո՞ք Հայաստանի կառավարության նոր նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է, թե՞ հակառակը՝ Երևանը փորձում է կոնկրետ նախաձեռնությամբ գնդակը թողնել Բրյուսելի դաշտում։ Փաստն այն է, որ Հայաստանի կառավարությունը հնչեցնում է հայտարարություն գլոբալ նախաձեռնության մասին, ինչը փորձագիտական շրջանակներում ակտիվ դիսկուրսի ազդակ է տվել։ Փորձագետները խոսում են Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված «Մարշալի պլանի»՝ անգամ մեկ միլիարդ եվրո գնահատվող ծրագրի մասին:

 


Երևանի նախաձեռնողականությունը միայն դրական է ու արժանի է դրվատանքի, ու մեր պատկերացմամբ՝ հենց այդպիսի ակտիվություն և դինամիկա պետք է ունենա Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ՝ արտաքին քաղաքականության մեջ հույժ կարևոր է պատրանքներին չտրվելը և իրական օրակարգեր, նշաձողեր ձևակերպելը, որպեսզի մի կողմից՝ բանակցությունները ռացիոնալ ընթացք ստանան, մյուս կողմից՝ հասարակության մեջ չառաջանան անիրական սպասումներ, որոնք հետո, որպես կանոն, փոխակերպվում են խորը հիասթափության։

Հայաստանի համար Եվրամիությունը չի կարող ունենալ «Մարշալի պլան», որովհետև անգամ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի եվրաինտեգրացիայի մակարդակն էապես զիջում է հարաբերությունների այն նշաձողին, որ Բրյուսելի հետ ունեն Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան։ Նման խորքային ինտեգրացիոն ծրագրեր Բրյուսելը չի իրականացնում անգամ այս երկրների հետ, որոնք կատարյալ եվրոպականացման դիմաց վայելում են Բրյուսելի համապարփակ աջակցությունը։

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կարող են որակապես փոխվել, եթե Երևանն իր արտաքին քաղաքականությունում շոշափելի աշխարհաքաղաքական փոփոխությունների գնա: Հայաստանի այսօրվա կառավարությունը նման շրջադարձի պատրաստ չէ, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայտարարում էր Բրյուսելում իր ունեցած բոլոր հանդիպումների ընթացքում։ Հայկական հեղափոխությունը ֆինանսական չափման կոնկրետ միավոր չունի, և եթե դա չի հանգեցրել գոնե Հայաստանի եվրաասոցացման հեռանկարի, ապա այնքան էլ տեղին չէ գլոբալ վերանայումներ ակնկալել Երևան-Բրյուսել հարաբերությունների առանցքում։

https://www.1in.am/2392685.html


loading...

Փակել