LA-ից Երևան տանող ճամփան, հարազատ է ինձ համար այնքան Ընկերներ, ծանոթ ու բարեկամ, From LA թռանք To Yerevan …Չէ, հարգելիներս, սա ամբողջ կյանքը արտասահմանում ապրած սփյուռքահայի աղավաղված նախադասություն չէ, սա Էմմիի նոր երգի առաջին տողերն են: Դատելով երգչուհու վերջերս լույս տեսած տեսահոլովակից ու երգից՝ ընդամենը 3 տարին լիովին բավարար է նորմալ հայերենը մոռանալու և օտար բառերով, ասել է թե՝ կրեաԾիվ տեքստով երգ երգելու համար: Ասել, որ երգն ու տեսահոլովակը միանգամից մի քանի տարով հետընթաց էր Էմիի համար, կնշանակի ոչինչ չասել: Ոճային առումով Էմմին ևս ոչնչով չուրախացրեց: Էմմիի լռությունից հետո ակնկալվող միակ բանը երգչուհուն նոր ամպլուայի մեջ տեսնելն էր, սակայն մենք տեսանք մի Էմմի, որին գիտեինք դեռևս «Հայեր» խմբից: Կերպարային առումով այսքան անհաջող Էմմին դեռ երբեք չէր եղել. բազմազան ու անհաջող կեղծամները, պատռված ջինսերը, մեկը զամշից, մյուսը լաքից երփներանգ կոշիկներն ուղղակի անտանելի են: Երգը լսելով, այնպիսի տպավորություն ստացա, կարծես ոչ թե Երևանը, այլ Լոս Անջելեսն է համայն հայության մայրաքաղաքը, դրա համար էլ ՛՛ընկերները, ծանոթներն ու բարեկամները՛՛ միայն ամառն են գալիս Երևան հանգստանալու:
Մի հարցնող լիներ՝ ինչ ես մտածել դու Էմմի ջան, երբ որոշել ես երկրիդ զինանշանը, դրոշն ու ազգիդ սիմվոլ Արարատը օգտագործել քո ցածրորակ, անհեթեթ ու կոնկրետ ինձ համար հումորային այս հոլովակում: Դու գոնե հասկանու՞մ ես, որ քո երգած երգի թեմատիկան ու կադրերն իրար հետ ոչ մի կապ չունեն: Խոսում ես այն մասին, որ Լոսից ՛՛Երևան տանող ճամփան հարազատ է քեզ համար այնքան՛՛, բայց չգիտես ինչու, չես ասում, որ Երևանից Լոս տանող ճամփան էլ միակ մուրազդ էր, որը վերջապես իրականացրեցիր: Տեսահոլովակ ես նկարել, որտեղ կիքսերի մասին անգամ չեմ ուզում խոսել, այլապես էջս չի հերիքի: Բայց ամենասարսափելի կիքսը՝ սխալ նկարված Արարատ լեռը…
Մանրամասները սկզբնաղբյուրում՝
http://www.privet.am/?p=30859