Հաճախ է պատահում, երբ որևէ կայքում ինչ որ բան եմ կարդում և մտմտում՝ սա ոնց որ իմ գրածն է։ Բացում, տեսնում եմ՝ իրոք, ես եմ գրել, բայց չգիտես ինչու, ուրիշի անուն ազգանունն է դրված։ Ուշադրություն չեմ դարձնում՝ էս չկարգավորված դաշտում գնաս ում բան ասես։
․․․Բայց այսօր էլ չդիմացա։ Հայացք լրատվական կենտրոնում գրառում եմ կարդում, ու ասես իմ բառերն եմ լսում։ Ամեն մեկն իր ոճն ունի։ Ընթերցողս ինձ հաճախ է գրում՝ հենց առաջին բառից իմացա, որ դու ես գրել։
Ինչևէ, իմ գրածն է, բայց կարդում եմ, որ հեղինակը Անուշ Զուրաբյանն է։ Ձեզ եմ ներկայացնում, ընթերցողը առանց ազգանունը կարդալու, կասի, թե հեղինակն ով է։ Զարմանալին այն է, որ հոդվածի մի մասն է տեղադրված, երևի մտածել է՝ «լրիվով կբռվի»․
«Այդքան մտածում եք, գնացեք կանգնեք զոհի ծնողի կողքին. 19 տարեկանի դագաղ բարձրացնելն ամենածանր բանն է», վերնագիրն է
«Էլի զինվոր է զոհվել։ Ասում են՝ սոցիալական վիճակը մի գրեք, որ մինուճար է՝ դա էլ մի գրեք, ծնողները թե ինչ վիճակում են՝ դա էլ մի գրեք։ Պարզապես ռոբոտի նման գրեք՝ զինվոր է զոհվել։ Բայց գոնե կարելի՞ է գրել, որ 19 տարեկան զինվոր է զոհվել։ Որ մեր 19-20 տարեկանների շարքերը նոսրանում են։ Այդքանից հետո զինվորական համազգեստ հագնող և դիրքեր գնացողներին կարելի՞ է ասել՝ «արյան վրա, այն էլ 19 տարեկանի արյան վրա չեն փիառվում»։ Այդքան մտածում եք, գնացեք կանգնեք զոհի ծնողի կողքին։ 19 տարեկանի դագաղ բարձրացնելը ամենածանր բանն է։ Գնացեք, օգնեք... Ա՜խ Նարեկ ջան, չեմ ճանաչում քեզ, բայց սիրտս կտոր-կտոր լինում»:
Անուշ Զուրաբյան. Ֆեյսբուք
Անուշի "հոդվածի" լինքը․ https://hayacq.com/29211--19-.html
Վիրավորականն այն է, որ այդ բառերը գրել էի փետրվարի 7-ն զոհված Հայկ Քալանթարյանի մասին, Անուշը վերցրել ու նոր զոհի՝ Նարեկի վրա է դրել։ Հայկը 20 տարեկան էր, Նարեկը՝ 19։ Դրա համար վերնագրում փոփոխություն էր կատարել, ավելացնելով իմ գրածից ևս մի հատված։ Ներկայացնում եմ «20 տարեկան Զինվորի դագաղ բարձրացնելը ամենածանր բանն է․․․» վերտառությամբ հոդվածիս նույն հատվածը․
«Էլի զինվոր է զոհվել։ Ասում են՝ սոցիալական վիճակը մի գրեք, որ մինուճար է՝ դա էլ մի գրեք, ծնողները թե ինչ վիճակում են՝ դա էլ մի գրեք։ Պարզապես ռոբոտի նման գրեք՝ զինվոր է զոհվել։ Բայց գոնե կարելի՞ է գրել, որ 20 տարեկան զինվոր է զոհվել։ Որ մեր 20 տարեկանների շարքերը նոսրանում են։ Այդքանից հետո զինվորական համազգեստ հագնող և դիրքեր գնացողներին կարելի՞ է ասել՝ «արյան վրա, այն էլ 20 տարեկանի արյան վրա չեն փիառվում»։ Այդքան մտածում եք, գնացեք կանգնեք զոհի ծնողի կողքին։ 20 տարեկանի դագաղ բարձրացնելը ամենածանր բանն է։ Գնացեք, օգնեք»։
Ավելացրել է միայն նոր զոհվածի անունն ու տարիքը։ Նրա միակ հեղինակային իրավունքը՝ «Ա՜խ Նարեկ ջան, չեմ ճանաչում քեզ, բայց սիրտս կտոր-կտոր լինում» նախադասությունն է։ (Հրապարակ- ում իմ հոդվածի լինքն եմ կցում․** **https://goo.gl/nhQwmq
ՀԳ Շատ նման բաներ են եղել, լռել եմ։ Բայց այսօր չէի կարող լռել, որովհետև երբ զոհված զինվորից են բան գողանում, որն իրե՛ն է նվիրված եղել, անտանելի է։
Կարծում եմ Անուշ Զուրաբյանը ձայն կհանի, իսկ թե ինչ կասի՝ Աստված չանի, երկրորդ սխալը թույլ տա․․․