loading...

Ե՞րբ է պետք ալերգիայի դեմ պատվաստումներ անել



Դիտումներ ` 278
Ե՞րբ է պետք ալերգիայի դեմ պատվաստումներ անել

Ալերգենների դեմ պատվաստումներն ամբողջ աշխարհում համարվում են ալերգիայի բազմաթիվ տեսակների դեմ հիմնական բուժումը՝ հակահիստամինային դեղորայքի հետ միասին։ Այդ պատվաստումներն արդեն ավելի քան 20 տարի հաջողությամբ իրականացվում են նաեւ Հայաստանում, «Էրեբունի» բուժկենտրոնում ։ Բուժկենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար Քրիստինա Ջամալյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց, որ այս տարիներին պատվաստանյութերի հետ աշխատանքի բավականաչափ փորձ է կուտակվել ու լավ արդյունքներ են ստացվել։

Բժշկի խոսքով՝ պատվաստումը հիմնականում կիրառվում է այն ալերգենների դեմ, որոնք առաջացնում են ալերգիկ ռինիտ, բրոնխիալ, ալերգիկ մաշկաբորբ ու եղնջատենդ։ Ալերգենի տեսակը որոշելու համար հիվանդին դրվում է 15 րոպեանոց թեստ։

Քրիստինա Ջամալյանը նշեց, որ աշխարհում կան ավելի քան 3000 ալերգեններ, ու դրանք բոլորը նույնականացնելը գրեթե անհնար է, բայց բժիշկները դրանք միավորում են առանձին խոշոր խմբերում ըստ տեսակների՝ բուսական ծաղկափոշի, էպիդերմալ ու կենցաղային ալերգեններ։ Պատվաստանյութը նույնպես իրենից ներկայացնում է խառնուրդ։ Ասենք բույսերի հանդեպ ալերգիայի համար կան առանձին պատվաստանյութեր ծառերի ծաղիկների ակերգենների դեմ, դաշտային խոտերի, մոլախոտերի ծաղկափոշու դեմ։

Սեզոնային ալերգիաների դեմ պետք է պատվաստվել անպայման ձմռանը, քանի որ եթե պատվաստումը սեզոնին արվի, դա կարող է լուրջ սրացում սադրել։ Մեկ կուրսը տեւում է 10-20 օր՝ ալերգիայի սրությունից կախված։ Հիվանդը սկզբում ստանում է փոքր չափաբաժիններ, հետո դրանք աստիճանաբար ավելացնում են։ Ձմեռային կուրսը պետք է կրկնել 4-5 տարվա ընթացքում։  Քրիստինա Ջամալյանի խոսքով պատվաստումների առաջին իսկ կուրսից հետո մարդիկ գարնանային –ամառային սեզոնին շատ ավելի հեշտ են դիմանում, իսկ 4-5 տարի հետո ամբողջական ռեմիսիա է նկատվում։

Բժշկուհին հիշեցրեց, որ այսօր ալերգիան լուրջ խնդիր է մարդկության համար, այն կոչում են 20-21-րդ դարերի հիվանդություն կամ համաճարակ։ Այդ հիվանդության տարածումը կապակցված է շրջակա միջավայրի աղտոտման, սննդամթերքում զանազան քիմիական նյութերի գործածման, կենցաղային քիմիայի, պարարտանյութերի, սթրեսների, զանգվածային շինարարության, կոսմետիկ միջոցների հետ եւ այլն։ Ու եթե սննդային ալերգիայի դեպքում ալերգենները կարելի է պարզապես բացառել սննդակարգից, ապա բույսերի կամ տան փոշու հանդեպ ալերգիայի դեպքում մարդուն անհնար է պաշտպանել տվյալ ալերգենների ներգործությունից։ Հենց այստեղ են օգնության գալիս պատվաստումները։

«Քանի որ ալերգիկ ռինիտը կարող է վերածվել բրոնխիալ ասթմայի, ապա այդ պատվաստումները կանխարգելում են նաեւ այդ լուրջ հիվանդությունը, որը զգալիորեն վատացնում է մարդկանց կյանքի որակն ու հանգեցնում հաշմանդամության»,- ասաց Քրիստինա Ջամալյանը։


loading...

Փակել