loading...

Ե՞րբ է ԱԱԾ-ն գնալու Խաչատուրովի ու Բաղմանյանի «հետևից»



Դիտումներ ` 677
Ե՞րբ է ԱԱԾ-ն գնալու Խաչատուրովի ու Բաղմանյանի «հետևից»

Հունիսի 18-ին ոստիկանության համապատասխան ծառայությունները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կանգնած են մեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։ Պարզվել է, որ մսի պահածոները փորձել է թաքցնել Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։ Այս տեղեկատվությունը հուշում է, որ բանակային յուրացումների ծավալն անհամեմատ մեծ է և հասարակությունը մոտ օրերին, ըստ ամենայնի, կտեղեկացվի զազրելի նոր փաստերի մասին:

Ապրիլյան պատերազմի օրերին պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը վստահեցնում է՝ ինքը տեղյակ չի եղել, որ Քառօրյայի ժամանակ բանակին ուղարկված օգնության մի մասը ոչ թե առաջնագիծ է գնացել, այլ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատուն: Նախկին նախարարի այս հայտարարությունը նրան չի ազատում առնվազն քաղաքական պատասխանատվությունից, որովհետև ստացվում է` բանակը վեց տարի ղեկավարել է մարդ, որը չի կարողացել վերահսկել վիճակը կամ առնվազն տեղյակ է եղել կոռուպցիոն սխեմաների մասին ու լռել է` տարբեր պատճառներից ելնելով:

Մանվել Գրիգորյանի գործի օրինակով թերևս ակնհայտ դարձավ, որ բանակում չկա մի ոլորտ, որը զերծ է եղել ապականումից, կոռուպցիայից: Խորապես համոզված ենք, որ ԵԿՄ նախագահի տարածքներում հայտնաբերվածը գողունի, թալանի միայն մի հատվածն է, այսպես կոչված` Մանվել Գրիգորյանի փայը:

Անհրաժեշտ է լուրջ ընթացք տալ բանակային յուրացումների բացահայտմանը: Խնդիրն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի անվտանգությանը, որովհետև բանակից, զինվորից գրպանված յուրաքանչյուր լուման թուլացնում է մեր երկրի անվտանգությունը, պատերազմի ռիսկը դարձնում է ավելի իրական:

 



2016-ի Ապրիլյան պատերազմը լուրջ ազդակ պետք է դառնար իշխանությունների համար, սակայն Սերժ Սարգսյանն օբյեկտիվորեն չէր կարող զինված ուժերից արմատախիլ անել կոռուպցիոն այն համակարգը, որը ներդրվել է նաև իր գործուն մասնակցությամբ:

Անհրաժեշտ է բացահայտել բանակում գործած կոռուպցիոն բուրգի բոլոր մասնակիցներին, մանավանդ, որ նրանցից ոմանք այս պահին Հայաստանը ներկայացնում են միջազգային, տարածաշրջանային կառույցներում:

Հայաստանի  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը Հայաստանի քվոտայով ներկայումս զբաղեցնում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանն այսօր նույն կարգավիճակն ունի ՀԱՊԿ Միացյալ շտաբում: Այս երկու գեներալների կոռուպցիոն գործունեության մասին նյութերը հեղեղված են մամուլում:

Հայաստանը միջազգային կառույցներում ներկայացնող այս անձինք առնչվել են բանակի մատակարարումների ոլորտին` զինված ուժերը թաթախելով կոռուպցիայի մեջ: Նրանք ունեն բիզնեսներ, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, խլվել են տարբեր մարդկանցից և, այսպես ասած, բարգավաճել են բանակի ռեսուրսների հաշվին:

Անգամ Սերժ Սարգսյանի իշխանության պաշտպանության վերջին նախարարը` Վիգեն Սարգսյանը, իր նորամուտը ՊՆ նշանավորեց օդիոզ գեներալներիից ազատվելով: Սակայն նրանք ոչ թե պատասխանատվության կանչվեցին, այլ նշանակվեցին այլ պաշտոնների, որոնք Սերժ Սարգսյանի պատկերացմամբ` նույնանում են, այսպես կոչված, վաստակած հանգստի հետ: Այս հանգամանքն, ի դեպ, բացահայտում է Հայաստանի նախկին իշխանությունների բացահայտ արհամարհանքը դիվանագիտական ծառայության նկատմամբ:

 


Անհրաժեշտ է անհապաղ իրենց պաշտոններից հետ կանչել այս գեներալներին, որոնք Մոսկվայում ներկայացնում են քրեաօլիգարխիան` վարկաբեկելով մեր երկիրն ու նրա նոր իշխանություններին: Իհարկե, տեսականորեն չենք բացառում, որ թե Խաչատուրովը և թե Բաղմանյանը միայն ֆորմալ, ձևական առումով են այսօրվա պաշտոններում ներկայացնում Հայաստանը, իսկ` ըստ էության, Մոսկվան իր տանիքի տակ է հավաքել յուրային, հարազատ կադրերի:

Առհասարակ չի բացառվում, որ բանակային յուրացումների կծիկի ծայրը հասնի Մոսկվա և Նիկոլ Փաշինյանի կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը հարվածի նաև ռուսական շահերին: Սա նույնիսկ օրինաչափ կլինի, որովհետև քրեաօլիգարխիան Հայաստանում հենց ռուսական շահերի կրողն էր` մեր երկրի անվտանգության և պաշտպանունակության հաշվին:

Այս հանգամանքն, անշուշտ, հաշվի է առնվել նոր իշխանության կողմից, որը պետք է գտնի ռացիոնալ լուծումներ, մանավանդ, որ փորձում է հայ-ռուսական հարաբերությունները ձերբազատել կոռուպցիոն, օլիգարխկ բաղադրիչից:

Բանակային կոռուպցիայի դեմ պայքարը բազմաշերտ է` իր բնույթով և հետևանքով: Այն մի կողմից ենթարկվում է քրեաօլիգարխիկ համակարգի սպամոնտաժման տրամաբանությանը, որի դրսևորումներին ականատես ենք մյուս ոլորտներում, մյուս կողմից` կոչված է ստեղծել նախադրյալներ Հայաստանի սուբեկտության մեծացման համար: Դրա համար խիստ կարևոր է, որպեսզի Հայաստանի ինքնիշխանության հիմնական ինստիտուտներից մեկը` բանակը ձերբազատված լինի կոռուպցիոն երևույթներից:

http://megainfo.am


loading...

Փակել