loading...

Դեղին քարտ Օսիպյանին



Դիտումներ ` 727
Դեղին քարտ Օսիպյանին

Երեկ երեկոյան ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծված շեշտադրումով քննադատեց ոստիկանության գործողությունները։ Թավշյա հեղափոխությունից հետո սա թերևս առաջին դեպքն է, որ ոստիկանությունն, ըստ էության, արժանանում է վարչապետի հանդիմանությանը։

Առիթը՝ նախօրեին Վայոց ձորում Վեհափառի հետ կապված ամոթալի միջադեպն էր, երբ նրա հրաժարականը պահանջող սակավաթիվ, սակայն ագրեսիվ տրամադրություններ ունեցող խումբը շրջափակել էր Ամենայն հայոց կաթողիկոսին՝ վերջինիս զրկելով տեղաշարժի հնարավորությունից։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ, դիտելով Վայոց ձորում տեղի ունեցածի կադրերը, գոհ չի մնացել ոստիկանության գործողություններից։ Վարչապետը նշեց, որ ոստիկանությանը հանձնարարել է շատ ուշադիր հետևել վերջին միջադեպը, որ տեղի է ունեցել Վայոց ձորի մարզում, երբ խոչընդոտել էին Գարեգին Բ-ի տեղաշարժը, շատ ուշադիր գնահատել, եթե բողոքների գործողությունները գծեր են անցել, ապա պետք է հստակ արձագանք ստանա: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ օրենքի պաշտպանության հարցում կառավարությունն իր գործը պիտի անի, ոստիկանությունն իր անելիքը պիտի անի, որպեսզի մենք չունենանք իրավիճակներ, որոնք Հայաստանում հաստատված սիրո և համերաշխության մթնոլորտը, այն էլ՝ եկեղեցու հետ կապված, մարդկանց կողմից խաթարվի:

Կոնկրետ միջադեպին վարչապետի արձագանքն ադեկվատ էր և նույնիսկ այնպիսի տպավորություն էր, որ վարչապետը հրապարակավ ընդդիմանում է ոստիկանությանը՝ մի կողմից նրա զգոնությունը բարձրացնելու, մյուս կողմից հակակաթողիկոսական շարժման ակտիվիստներին զսպելու նպատակով։ Մյուս կողմից՝ խնդիրն ավելի գլոբալ հարթության վրա է և թերևս ավելի լայն համատեքստի հետևանք է։

 



Բանն այն է, որ հեղափոխությունը թափանցել է առայժմ միայն պետական համակարգի, այսպես կոչված, վերին շերտը, իսկ պետական կառույցները գործում են կամ իներցիայով կամ փորձում են իրենց գործունեությունը հարմարեցնել քաղաքական ղեկավարության ցանկություններին։ Ասվածն առավելապես վերաբերում է ոստիկանությանը։ Կարծում ենք՝ պետք չէ տրվել պատրանքների ու կարծել, թե քսան տարի շարունակ իշխանության ռեպրեսիվ մեքենայի դեր կատարած ոստիկանությունը մի անգամից կարող է փոխել որակը հեղափոխությունից կամ մի քանի գեցեցիկ ելույթ լսելուց հետո։ Ոստիկանությունը դեռ սովոր չէ գործել օրենքով և, այսպես ասած, հոտառությամբ է զգում, թե որ դեպքում ինչպիսի արձագանք պետք է ցուցաբերի՝ իշխանության բարեհաճությանն արժանանալու համար։ Երբ ոստիկանության մարզային պաշտոնյան զգում է, որ կաթողիկոսը, մեղմ ասած, այնքան էլ չի վայելում իշխանության բարեհաճությունը, նրան պաշտպանում է այնքանով, որքանով թելադրում է ոչ թե օրենքն, այլ՝ պատեհությունը։ Նիկոլ Փաշինյանի երեկվա դիտողությունը միանգամայն տեղին էր, սակայն նա, ըստ ամենայնի, գերագնահատել է հեղափոխության ազդեցությունը իրավապահ համակարգի հետ և կարծում է՝ արդեն գործ ունենք բացառապես իր լիազորություններով շարժվող ոստիկանության հետ, որը իրեն դուրս է դնում քաղաքական կոնյուկտուրայից, տարբեր սուբյեկտիվ ընկալումներից։

Գլոբալ հարթության վրա եկեղեցքու հետ կապված խնդիրը խորքային մակարդակում չի ընկալվում անգամ կառավարության կողմից ու այս պարագայում դժվար է ավելի ադեկվատ վարքագիծ պահանջել ոստիկանությունից։

«Կառավարությունը ներեկեղեցական հարցերի չպիտի միջամտի»,-երեկ ասել է Նիկոլ Փաշինյանը ու բացատրել է, թե ինչու է գտնում, որ այս խնդիրը ներեկեղեցական է: Իր այս տպավորությունը վարչապետը բացատրել է նրանով, որ Վեհափառի հրաժարականը պահանջողների մեջ կան նաև Հայ առաքելական եկեղեցու գործող հոգևորականներ։ Նա կողմերին կոչ է արել հավաքվել ու քննարկել առկա խնդիրները։

 


Այս դեպքում դժվար է համաձայնել վարչապետի հետ, որովհետև հակակաթողիկոսական շարժումը մանիպուլյատիվ հնարքներով իրեն սերում է թավշյա հեղափոխությունից և դժվար է նրանց գործունեությունը համարել ներեկեղցական պայքարի դրսևորում։ Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ ներեկեղեցական պայքարի բաղադրիչներ կան, ապա վարչապետի կարծիքը համարժեք չէ այլ տեսանկյունից․ առնվազն կոռեկտ չէ նույն հարթության վրա դնել Գրիգոր Լուսավորչի գահակալին ու նրա հրաժարականը պահանջող մի քանի տասնյակ մարդկանց, որոնց առնչությունը եկեղեցու հետ խիստ պայմանական է։ Սա նվազագույնը կարող է տարընթերցումների տեղիք տալ, որովհետև Ամենայն հայոց կաթողիկոսի ծառայությունն ասոցավում է ոչ միայն հոգևոր, այլ նաև՝ համազգային առաքելության հետ։

Պետությունը եկեղեցու ներքին հարցերին իրապես չպետք է միջամտի, սակայն առնվզան պարտավոր է ապահովել նրա բնականոն գործունեությունը, հոգևոր դասի, Հայրապետի անվտանգությունն՝ ինչպես Հայաստանյաց առաքելական եկեղեցու գործունեության բնականոնությունը և պատրիարքների անվտանգությունն ապահովված է աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ այնպիսի պետություններում, որոնք, մեղմ ասած, բարեկամական վերաբերմունք չունեն հայ ժողովրդի ու Հայաստանի, առհասարակ՝ քրիստոնեության հանդեպ։

Երեկ, մեկ այլ առիթով վարչապետը շատ խիստ արձագանքեց այն մարդկանց վարքագծին, որոնք բռնություն են քարոզում։

Ես ապշել էի, որ Ջերմուկ իմ այցիցի հետո մարդիկ կային, որ կանգնել տեսախցիկների առջեւ հայտարարում էին՝ զենքով կխփենք, կգյուլլենք, ես ուզում եմ հայտարարել, որ Հայաստանում ոչ ոք չի կարող զենքով հարց լուծել․ երեկ ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը մեր սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո կանգնի ու ասի՝ ես զենքով հարցեր կլուծեմ։ Զենքով Հայաստանում ոչ մեկը հարցեր չի լուծելու, սա հստակ է։ Որևէ մեկը բեսպրեդելով, լկտիությամբ, զենքով ՀՀ-ում հարցեր չի լուծելու։ Սա ես ասում եմ որպես ՀՀ վարչապետ և ուզում եմ, որ մենք բոլորս սա ի գիտություն ընդունենք։ Հակառակ դեպքում էլ ինչի՞ համար էր այս հեղափոխությունը՚։ Ցանկացած այսպիսի հայտարարության հետևելու է իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ։ Որևէ մեկը չմտածի, որ այս հայտարարությունները կթողնենք անարձագանք»,-ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետը պետական դիրքերից, վճռականորեն պաշտպանում է օրինականությունը և ոչ ոքի մտքով չի կարող անցնել, թե նա խոսում է «Լիդիան Արմենիա» ընկերության դիրքերից։ Նույն վճռականությամբ վարչապետը պետք է քննադատի բռնության կոնկրետ գործողությունների դիմող «Նոր հայաստան, նոր Հայրապետ» շարժման վարքագիծը՝ նույնիսկ, եթե չեզոքություն է ուզում պահպանել ներեկեղեցական հարցերում։

https://www.1in.am/2391294.html


loading...

Փակել