loading...

Դաշնակցությունը միացավ ՀՀԿ-ին



Դիտումներ ` 1811
Դաշնակցությունը միացավ ՀՀԿ-ին

ՀՅԴ անդամ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողներին ասել է, որ արտահերթ ընտրությունների հավանականություն չի տեսնում: «Ես ավելի շուտ չեմ տեսնում արտահերթ ընտրությունների հավանականություն: Հարկ է աշխատել, հարկ է առաջ տանել գաղափարները, երբ որ կզգանք, որ անհնար է առաջ գնալը, այդ ժամանակ կարելի է նաեւ արտահերթ ընտրությունների գնալ», ասել է նա:

Արծվիկ Մինասյանը հղում է արել Հանրապետական կուսակցությանը, որի ներկայացուցիչները հայտարարում են, որ չեն խոչընդոտելու կառավարության աշխատանքներին, ՀՀԿ-ն լինելու է կառուցողական ընդդիմություն: Ըստ այդմ, Արծվիկ Մինասյանի խոսքով, եթե խորհրդարանում կառավարությունն ունի աջակցություն, ինչ կարիք կա արտահերթ ընտրություններ անցկացնել, առավել եւս, որ դա ենթադրում է օրենսդրության լուրջ փոփոխություն:Արծվիկ Մինասյանն այսպիսով նույնությամբ կրկնում է ՀՀԿ-ի թեզերը:

 



Երկար տարիներ լինելով կոալիցիայի մեջ, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նույնացել են իրենց դիրքորոշումներով ու մոտիվացիայով: Բայց եթե ՀՀԿ-ն անկեղծ է իր այդ դրսեւորումներում, ՀՅԴ-ի պարագայում գործ ունենք տարիներ շարունակ ամոթալի պահվածքի հետ, որը կուսակցությունը վեր է ածել իշխանության կցորդ մանր առեւտրական կրպակի:Արտահերթ ընտրության ժամանակ ՀՅԴ-ն դժվար թե հաղթահարի 5 տոկոսի շեմը: Այս կուսակցությունը վերջին ընտրություններին այդ շեմը չի հաղթահարել, նրան խորհրդարան է մտցրել ՀՀԿ-ն:

ՀՅԴ-ն, բացի այդ, վաճառում էր իր ցուցակի անցողիկ տեղերը օլիգարխիկ տնտեսության ներկայացուցիչներին:Հիմա չկա անցկացնողը, բացի այդ՝ օլիգարխներին ներկայում անջատում են քաղաքականությունից, այսինքն՝ ՀՅԴ-ն ունի տանիքի ու փողի խնդիր:


Բացի այդ, լուրջ խնդիրներ կան կուսակցության ներսում, առողջ կառույցները փորձում են «թավշյա հեղափոխություն» իրականացնել կուսակցության ղեկավարության մեջ, որը երբեմնի հեղափոխական կուսակցությունը վեր է ածել առեւտրական օբյեկտի: Այս պայմաններում, բնականաբար, ՀՅԴ հայաստանյան վերնախավը չի տեսնում «արտահերթ ընտրության հավանականություն»:

Արտահերթ ընտրությունը պարզապես միջոցառում չէ, ինչպիսին եղել է ընտրությունը հեռացող համակարգի օրոք, որի սպասարկուն է եղել ՀՅԴ-ն: Արտահերթ ընտրությունը համակարգային փոփոխության անհրաժեշտ պայմանն է: ՀՅԴ ղեկավարությունը տարիներ շարունակ դատարկաբանում էր համակարգային փոփոխությունների վերաբերյալ, ներկայում, երբ կա դրա հավանականությունը, ՀՅԴ ղեկավարները կառչել են հնից, հանուն իրենց անձնական խնդիրների:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/177286


loading...

Փակել