Երեւանի բազմաբնակարան շենքերի մուտքերում հայտնվել են A4 ֆորմատի թղթով հայտարարություններ, Գազպրոմ Արմենիա ՓԲԸ անունից: Դրանք տեղեկացնում են քաղաքացիներին, որ գազի վարձի եւ այսպես ասած ներտնային սպասարկման համար վճարման վերջին ժամկետը հունվարի 21-ն է, եւ այդ ժամկետին վճարում չանելուց հետո գազը կանջատվի առանց զգուշացման: Գազպրոմ Արմենիայի այդ հայտարարությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը Լենինին տեսնելու եկած գյուղացիների մասին, որոնք սոված-ծարավ նստած են ընդունարանում, հազարավոր կիլոմետրեր կտրած, երբ նրանց դիմացով անցնում է Ձերժինսկին՝ հաց ու կարագ ուտելով:
Գյուղացիները համարձակվում են մի կտոր խնդրել, ինչին ի պատասխան Ձերժինսկին ասում է՝ ձայններդ կտրեք, թե չէ կհասցնեմ ձեր քիթ ու մռութին: Վիրավորված գյուղացիները որոշում են բողոքել Լենինին: Երբ նրանք հայտնում են կատարվածը, Լենինը պատասխանում է՝ բայց խղճով մարդ է չէ Ֆելիքս Էդմունդովիչը, կարող էր նա հագցնել ձեր քիթ ու մռութին: Խղճով ընկերություն է Գազպրոմ Արմենիան: Կարող էր ի վերջո քաղաքացիներին չզգուշացնել նույնիսկ մինչեւ 21-ը վճարելու մասին, կամ պահանջել, որ նրանք գազի համար վճարեն հենց ամսի 1-ին՝ անկախ այն բանից, թե որքան գազ են ծախսել:
Գազպրոմ Արմենիան կամ Գազպրոմը Հայաստանում կարող են ամեն ինչ, այն էլ դրա մի ահռելի մասը այսպես ասած իրավապայմանագրային ուժով, 2013 թվականի դեկտեմբերի 2-ի պայմանագրի համաձայն: Մյուս կողմից, Գազպրոմ Արմենիայի համար իրավիճակն այնքան էլ անեկդոտային չէ: Եթե ներկայիս մեղմ ձմեռը շարունակվի մի քիչ էլ՝ իսկ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հունվարի 20-ից նույնիսկ գարուն է խոստացել, ապա Գազպրոմի համար ոչ միայն ծիծաղելի չի լինի, այլ կլինի տխուր: Նախորդ տարի, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի պատվին իջեցվեց գազի գինն ու հայտարարվեց, որ Գազպրոմը իր վրա է վերցնում այսպես ասած ռիսկերը, բավական սաստիկ ձմեռ արեց, եւ ռիսկերը իր վրա վերցրեց ձմեռը: Այժմ սակայն, իրավիճակը այլ է, եւ ռիսկերը մնում են Գազպրոմի վրա: Ըստ երեւույթին, չէին սպասում, որ ձմեռը կարող է լինել այդքան մեղմ՝ քաղաքացիների, ու այդքան դաժան՝ Գազպրոմ Արմենիայի հանդեպ:
Եվ եթե հաջորդ ձմռանն էլ լինի նույնը, ապա հեռու չէ այն պահը, երբ Գազպրոմն առանց զգուշացնելու ոչ միայն գազը կանջատի՝ վարձը մեկ ժամ ուշացնելու դեպքում, այլ առանց զգուշացնելու կարող է նույնիսկ կրակել ուշացնողների վրա: Կամ էլ Գազպրոմին հարկ կլինի թերեւս մտածել Հայաստանում նոր մենաշնորհի՝ կոնդիցիոներների կամ օդորակիչների ներկրման մենաշնորհի մասին: Իհարկե տեսականում հնարավոր է մտածել նաեւ այլ բանի մասին՝ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների: Համենայն դեպս, վարչապետ Կարեն Կարապետյանը հենց դա էր ակնարկում «գազավիկներին», իր տարեվերջյան հարցազրույցում:
Դա կարող է լինել Հայաստանում Գազպրոմի ներկայության համակարգային ու հեռանկարային էֆեկտի եզակի օրինակ, թեեւ նաեւ դրանից բխող ռիսկերով, քանի որ ռուսական ընկերությունը կարող է գերիշխող դառնալ նաեւ այստեղ: Դա իհարկե կախված է այն բանից, թե Հայաստանը որպես պետական կարգավորող ինչպես կկարողանա կարգավորել դաշտն ու սահմանել խաղի արդարացի կանոններ, վերահսկելով այն:
Իսկ առայժմ, Գազպրոմ Արմենիան մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանի գնաճային խորհրդակցությանը, որտեղ առանցքում այսպես ասած հանրության սոցիալական խնդիրները թեթեւացնելու «մեսիջն» է: Դա իհարկե իր մեջ պարունակում է ներհամակարգային լուրջ խնդիրներ եւ հարաբերությունների պարզաբանում: Կամ պետք է լինի գնաճ եւ հանրությունը պետք է վճարի տնտեսական կոլապսի համար, որ ստեղծել է համակարգը, կամ համակարգը պետք է վճարի գնաճի համար: Սերժ Սարգսյանի խորհրդակցության հիմքում այդ տողատակն էր, եւ այդ խնդիրն էր խորհրդակցության շարժառիթը:
Իսկ թանկացած ապրանքների շարքում է նաեւ սեղմած գազը, որը Գազպրոմ Արմենիան է մատակարարում գազալցակայաններին: Իհարկե, Գազպրոմ Արմենիան այդ գազը չի թանկացրել, գազը ակցիզի հետեւանքով թանկացրել են լցակայանները, սակայն չի բացառվում, որ ներիշխանական քննարկումները հանգեն կետի, երբ Գազպրոմ Արմենիան հարկադրված լինի որոշակիորեն իր վրա վերցնել օրինակ սեղմած գազի ծախսը՝ որը զգայուն է տրանսպորտի համար, եւ, օրինակ, էժանացնել լցակայաններին մատակարարվող գազը:
Ըստ ամենայնի, Գազպրոմ Արմենիան այդպիսի դիմումի հեռանկարը կանխարգելելու համար ատամ է ցույց տալիս Սերժ Սարգսյանին, իհարկե առայժմ A4 ֆորմատի տեսքով: Անշուշտ, ըստ տրամաբանության, ընկերությունը բնակիչներից չի ուզում ավելին, քան նրանց ծախսած գազի փողը: Մյուս կողմից, սակայն, դա այլ բան չէ, քան ուղղակի վերջնագիր, հաշվի առնելով բնակչության ներկայիս սոցիալական վիճակը, երբ մարդիկ կարող են ասենք միայն հունվարի 23-ին ունենալ գազի համար վճարելու հնարավորություն: Առավել եւս, որ Հայաստանում շարունակում է գոյություն ունենալ նաեւ գազի գնագոյացման արդարացիության եւ իրավացիության, ու նաեւ որակական հատկանիշների վերաբերյալ մեղմ ասած կասկածը:
Նյութի աղբյուրը` Yelaket.am