loading...

Դա իսկական պայթյուն կլինի



Դիտումներ ` 794
Դա իսկական պայթյուն կլինի

ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ իրավապահների հաջորդ թիրախը կարող է լինել ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Նա Սերժ Սարգսյանի ընկերոջ ազգականն է, ներգրավված է մի շարք բիզնեսներում, իսկ նրա անվան շուրջ ամենախոշորն օֆշորային սկանդալն էր, որի հետեւանքով նա հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից:

Հետաքննությունն անցկացրել էր լրագրողական հետաքննական միջազգային խումբը, բացահայտվել էին տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվներ, որոնց թվում էին նաեւ Իլհամ Ալիեւն ու Միհրան Պողոսյանը իր ազգականների հետ:

Ալիեւի անունը պատահական չենք նշում, քանի որ այս սկանդալից հետո հրաժարական տալով, Միհրան Պողոսյանը որպես պատճառաբանություն նշել էր, թե չի ցանկանում, որ իր անունը լինի Ալիեւի անվան կողքին:

 



«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին: Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի», գրել էր Միհրան Պողոսյանը:

Այս հանգամանքը առավելապես հետաքրքիր էր նրանով, որ բացահայտումը տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի օրերին, որի ժամանակ հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության պահվածքը լայն քննարկման առարկա դարձավ, մասնավորապես պատերազմին զինուժի անպատրաստության, կասկածելի զինադադարի եւ այլնի մասով:

Վերջին շրջանում իրավապահները սկանդալային բացահայտումներ են անում, որոնց ալիքը հասել է նաեւ Սերժ Սարգսյանի մերձավորներին՝ եղբայրներին, թիկնազորի պետին: Բացահայտվել են չհայտարարագրված տասնյակ միլիոնավոր դոլարներ:

 


Միհրան Պողոսյանի պարագայում եւս առաջ կգա չհայտարարագրված սեփականության հարցը, սակայն տվյալ դեպքում խնդիրը նրա անձը չէ: Խնդիրը օֆշորային տիրույթն է, որը կարող է դառնալ նախադեպ, նկատի առնելով Հայաստանում խոշոր նախագծերում օֆշորային ընկերությունների ու օֆշորային հաշիվներ ունեցող անձանց ներգրավվածությունը:

Այդ առումով, Միհրան Պողոսյանի գործը կարող է դառնալ իսկական պայթյուն ու բացահայտումների նոր մակարդակի մեկնարկ:

https://www.lragir.am/2018/07/01/360684/


loading...

Փակել