Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ շնորհավորել նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հուլիսի 12-ին Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` երբ նստած էին պատվիրակությունների սրահում, Չավուշօղլուն սրընթաց անցել է նրանց կողքով, ապա մի քանի րոպե հետո վերադառնալով՝ նախ մոտեցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, ում ճանաչում է Եվրոպայի խորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ, ապա իրեն:
«Նա ծանոթացավ ինձ հետ և ասաց, որ իրենք հետևում էին հայաստանյան գործընթացներին և տեղյակ են, ապա շնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այլ շփում չի եղել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: