loading...

Չեմ հասկանում խաղաղապաշտության հոգեկան հիվանդությունը. պետք է պատրաստ լինենք կանխարգելիչ պատերազմի



Դիտումներ ` 722
Չեմ հասկանում խաղաղապաշտության հոգեկան հիվանդությունը. պետք է պատրաստ լինենք կանխարգելիչ պատերազմի

Ադրբեջանում հունիսի 27-ին կայացած ռազմական շքերթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնեց իր գրեթե բոլոր ռազմատենչ հայտարարությունները՝ ասելով, որ իրենք շարունակելու են ավելացնել սպառազինությունները, քանի որ հարցերը աշխարհում լուծվում են ոչ թե միջազգային իրավունքի, այլ ուժի դիրքերից։

Տևական ժամանակ շփման գծում ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժը փորձագետների մեջ մտահոգություն է առաջացնում՝ Բաքուն ցանկացած պահի կարող է պատերազմ սանձազերծել։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ցանկացած ժամանակ, երբ հարմար պահ եղավ, կարող են խփել, շանտաժ են անում միջազգային մասշտաբով ու մկաններ ցույց տալիս»։

 



Մեր զրուցակիցը նկատեց՝ շատ ավելի վատ է, եթե այդ ամենն ուղղված է  ներքին լսարանին: «Նշանակում է՝ ամբողջ ժողովուրդն է պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա։ Մերոնք գիտեն, թե դա ներքին լսարանին է ուղղված՝ իշխանություն պահելու համար, բայցը Ալիևը այդպիսի խնդիր չունի, նա հասարակությանը պատրաստում է  պատերազմի»,- ընդգծեց Լևոն Շիրինյանը՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի կանխարգելիչ պատերազմի։

Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ պետք է սկսել Նախիջևանից. «Առաջին պլան պետք է մղենք երկաթուղու ազատագրումը՝ դա մեր առաջին հանրապետության անբաժանելի մասն է։ Հիմա կարո՞ղ ենք, թե՞ ոչ՝ սա է խնդիրը։ Ուզո՞ւմ եք խեղդվեք, թե՞ ոչ։

Ես չեմ հասկանում այդ խաղաղապաշտության հոգեկան հիվանդությունը։ Իսկ մինչ այդ անհրաժեշտ է շատ շտապ կազմակերպել  Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, այս իշխանությունն, ըստ էության, ժամանակավոր է, և պետք է խնդրի համար պատասխանատու իշխանություն»։

 


Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը շարունակելու է շանտաժի ու ճնշման քաղաքականությունը՝ թե՛ հայտարարություններով և թե՛ գործնական քայլերով. «Այդ պատճառով ես կանխարգելիչ պատերազմը խիստ անհրաժեշտ եմ համարում»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ալիևի հայտարարությունները ուղղված  են ներքին լսարանին, բայց դրանց  պետք է լուրջ մոտենալ, քանի որ Ալիևը բարձրաձայնում է իր իրական մտադրությունների մասին:

«Ես երրորդն էլ կավելացնեմ՝ Ալիևը փորձում է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը, որպեսզի իրեն ձեռնտու որոշում կորզի»,- ընդգծեց նա։

http://www.1in.am/2382418.html


loading...

Փակել