loading...

Բեկում Նախիջեւանում



Դիտումներ ` 1556
Բեկում Նախիջեւանում

Պաշտպանության նախարարությունը կազմակերպել է մի շարք փորձագետների ու բլոգերների այց Նախիջեւանի սահմանային դիրքեր, նրանց համար տեսանելի դարձնելով այն, ինչ իրականում տեղի է ունենում այնտեղ: Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի վերադասավորումների մասին տեղեկությունները Հայաստանում սկսեցին շրջանառվել թավշյա հեղափոխության վճռորոշ փուլին զուգահեռ, հատկապես նոր կառավարության ձեւավորումից հետո:

Հաշվի առնելով այն, որ այդ տեղեկատվությունն աշխուժորեն շրջանառում էին խմբեր, որոնք նախորդ իշխանության շրջանում նույն ջանասիրությամբ անում էին հակառակը՝ որեւէ այդօրինակ թեմա արծարծողին մեղադրում էին ադրբեջանական քարոզչությանը ծառայելու համար, թերեւս աներկբա էր դառնում, որ նախիջեւանյան տեղեկությունների գեներացիայի նպատակը Հայաստանի նոր իշխանությանը հարվածելն էր, ցույց տալը, որ այդ իշխանությունը չի տիրապետում անվտանգության իրողություններին, ունակ չէ լուծել խնդիրները:

Պաշտպանության նախարարության կազմակերպած այցին մասնակից փորձագետները, բլոգերները տեղադրել են լուսանկարներ եւ տեղեկատվություն իրավիճակի մասին, հավաստիացնելով, որ հայկական կողմը լրիվ տիրապետում է իրադրությանը, որ ադրբեջանական դիրքերի շարժերը տեղի են ունեցել բացառապես նրանց վերահսկողության տարածքում, գտնվում են հայկական դիրքերից լիովին վերահսկելի տիրույթում, եւ որեւէ տարածք կորցնելու մասին աղմուկը չի համապատասխանում իրականությանը: Նախիջեւանի պարագայում սակայն խնդիրը գտնվում է լիովին այլ տիրույթում, քան զուտ դիրքային իրողությունները: Նախիջեւանն ունի առանձնահատուկ կարգավիճակ, թե դե յուրե, թե դե ֆակտո: Ըստ այդմ, այդ ուղղությամբ Ալիեւի գործողությունները չեն կարող դիտարկվել նույն հարթության մեջ, ինչպես Արցախի դիրքերի պարագայում: 



Այստեղ իրադրության լարման դեպքում անխուսափելի ներգրավվելու են թե Թուրքիան, թե Ռուսաստանը, թե ՀԱՊԿ: Ալիեւը անշուշտ չի կարող դա չգիտակցել: Ուրեմն ո՞րն է նրա մտադրությունը: Վերջին հաշվով անհրաժեշտ է արձանագրել, որ Նախիջեւանում նա աշխուժություն ցուցաբերում է արդեն մի քանի տարի: Ավելին, այդ ուղղությամբ 2014 թվականին հայկական կողմը ունեցել է նաեւ զոհեր, ընդ որում, չհաստատված տեղեկություններով՝ թուրքական վարձկանների մասնակցությամբ միջադեպերի հետեւանքով:

2014 թվականին Նախիջեւանի սահմանի դիրքեր այցելեց նաեւ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը: Նախիջեւանում արդեն տեւական ժամանակ Ալիեւը ստեղծել է համազորային բանակ՝ Թուրքիայի հետ, այդպիսով Թուրքիային տալով պաշտոնական ռազմական ներկայացվածության հնարավորություն: Այդ հանգամանքով Ալիեւը եթե չի նվազեցրել, ապա առնվանզ հավասարակշռել է Իրանի ազդեցությունը, որը հետխորհրդային շրջանում բավական մեծ է եղել Նախիջեւանում: Համազորային բանակի ստեղծումով Ալիեւը մեծացրել է թուրքական գործոնը եւ Իրանի գործոնը նեղացրել զուտ տնտեսական շրջանակում:

Այդպիսով, Ալիեւը փոխել է Նախիջեւանի գործառութային նշանակությունը ռազմա-քաղաքական առումով, որովհետեւ Իրանի ազդեցությունը լինելու էր զսպող, իսկ Թուրքիայի դեպքում ամեն ինչ հակառակն է: Այդպիսով Ադրբեջանը փաստացի ստիպում է, որ Հայաստանը ավելի մեծ ռեսուրս կենտրոնացնի Նախիջեւանի ուղղությամբ պաշտպանական խնդիրները սպասարկելու համար: 


Այստեղ բանը հարձակման պատրաստվելը չէ: Հարձակողական, պատերազմական նպատակներն ու մտադրությունները դիրքերը առաջ կամ այս ու այն կողմ տալով չէ, որ Ալիեւը պետք է արտահայտի: Ալիեւը մանեւրում է, ստիպելով Հայաստանին լարվել եւ ռեսուրսներ կենտրոնացնել նաեւ Նաիջեւանի ուղղությամբ, այդպիսով առաջին հերթին ընդլայնելով ռեսուրսային պատերազմը, հայկական կողմին մաշեցնելու իր ռազմավարության տրամաբանությամբ:

2016 թվականի ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ հայկական կողմը նույնիսկ արցախյան ուղղությամբ չի ապահովել անհրաժեշտ ռեսուրսային ամրությունը, ըստ այդմ ավելորդ է խոսել Նախիջեւանի ուղղության մասին: Այլ կերպ ասած, այստեղ խնդիրը ոչ թե նոր, այլ նախորդ իշխանության ռազմավարական բացթողումն է: Նոր իշխանության վրա է ընկել այդ խնդիրը, ինչպես ընդհանրապես նախորդ իշխանության թողած մեծ ու փոքր բոլոր ռազմա-քաղաքական, տնտեսական խնդիրները: Մյուս կողմից, նոր իշխանությունը իրավունք չունի մտածել հնով «արդարանալու» մասին եւ ստիպված է գտնել այդ խնդիրների, այդ թվում Նախիջեւանի ուղղությամբ անհրաժեշտ պաշտպանական ռազմավարության լուծումները:

Հայաստանն անշուշտ առաջնային ռեսուրսային լուծում պետք է գտնի իր կարողությունների գեներացման միջոցով, սակայն աներկբա է, որ բավական հստակ եւ միարժեք պետք է դրվի նաեւ դաշնակցային պարտավորություն ունեցող սուբյեկտների պատասխանատվության հարցը: Հատկապես ներկայիս իրավիճակում Ադրբեջանը տվել է դրա առիթը Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի նոր հանդիպմանն ընդառաջ, որ տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության առիթով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում:

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել