«Ես չգիտեմ՝ ո՞վ ի՞նչ է հայտարարել եւ ով ում հետ ի՞նչ է քննարկել, կամ որտե՞ղ է քննարկել, բայց ես արձանագրել եմ փաստը. ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց, մինչ օրս, քննարկել է միայն երեկ՝ ԳՄ նիստի ընթացքում», Aravot.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա փաստացի պատասխանել է Արդարադատության նախարար ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանին, ով երեկ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք վարչապետի թեկնածություններ են քննարկել: Ընդ որում, այդ քննարկումները եղել են վաղուց: Ընդ որում, քննարկումները թեժ են եղել, որոնց արդյունքում, «հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակում առկա մարտահրավերները, մենք որոշակի որոշումներ ենք կայացնում»:Շարմազանովը հակադարձել է, թե միակ քննարկումը եղել է նախօրեին:
Այլ հանրապետականներ եւս ասում էին, այդ թվում Սերժ Սարգսյանը, որ քննարկելու են վերջին պահին: Շարմազանովն ասել է նաեւ, որ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջարկը պաշտպանել են բոլորը, առանց բացառությունների, այդ թվում նաեւ Դավիթ Հարությունյանը:Ավելի վաղ, այն շրջանում, երբ հրապարակ նետվեց Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեզը, Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե անփոխարինելիներ չկան, եւ որոշումը կախված է լինելու իրավիճակից:
Սերժ Սարգսյանի վարչապետությունը հիմնավորվում էր անվտանգության մարտահրավերներով, եւ պետք է նկատի առնել, որ անվտանգություն ասելով ՀՀԿ-ականներն ի նկատի են ունեցել իշխող համակարգի տնտեսա-քաղաքական անվտանգությունը: Սերժ Սարգսյանի հարցում համաձայնությունը, դատելով երկու բարձրաստիճան ՀՀԿ-ականների հեռակա բանավեճից, ձեռք է բերվել տվյալ իրավիճակի թելադրանքով:Իսկ իրավիճակը բարդ է, համակարգը կանգնած է լուրջ ճգնաժամի ու մարտահրավերների առաջ:
Այն փորձ է արվում հաղթահարել խորհրդարանական կարգի, այսինքն համակարգային նոր պայմանագրին անցնելով, սակայն բազմաթիվ խնդիրներ, որոնց շահառուները ներիշխանական տարբեր խմբեր են, մնում են բաց, որոնք կարող են առավել խորացնել ճգնաժամը:Սերժ Սարգսյանի վարչապետությունը, փաստացի, դառնում է իրավիճակային լուծում, իսկ նրա վարչապետության դեմ այսօրվանից մեկնարկած փողոցային ինտենսիվ շարժումը կարող է այդ իրավիճակի որոշակի «կատալիզատոր» դառնալ:
Փողոցում դրված է Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու խնդիր, այն հիմնավորմամբ, որ այդ դեպքում համակարգն ինքնըստինքյան կփլուզվի, կամ այդ գործընթացը կհեշտանա: Ընդդիմադիր այլ խմբեր խոսում են ընդհանուր համակարգափոխությունից, գտնելով, որ Սարգսյանի վարչապետության խափանումն այդ խնդիրը չի լուծի:Ո՞ր տարբերակին «կհավատա» համակարգը: Թերեւս դրանից է կախված թե առաջիկա զարգացումների, թե իշխանության ներքին «կոնսենսուսի» տրամաբանությունը: