Բյուրականում թալանել են Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի ամառանոցը, որը գրանցված է որդու անունով: Ըստ տեղեկության, գողերը տարել են թանկարժեք իրեր:
Նախօրեին էլ ոստիկանությունն էր տեղեկություն տարածել Մանվել Գրիգորյանի հայրական տունը թալանելու մասին: Այն Մանվել Գրիգորյանի, որը կալանավորված է ԱԱԾ հայտնի բացահայտումներից հետո:
Արդյոք իրավապահների աշխույժ գործունեությանը զուգահեռ ծավալվում է նախկին եւ ներկա պաշտոնյաների առանձնատների կամ ամառանոցների աշխույժ թալանի գործընթաց:
Ի՞նչ են տանում պաշտոնյաների տներից, ու արդյոք կլինի երրորդի, չորրորդի տան թալան, ու այդպես շարունակ:
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատները ռիսկային իրավիճակում էին հայտնվել 2011 թվականին, երբ եղան մի շարք գողություններ: Տարածվեց տեղեկություն, որ գործում է հատուկ մասնագիտացած բանդա, այդ թվում ուժային կառույցների, իրավապահ կառույցների նախկին աշխատակիցների ներգրավմամբ:
2011 թվականի սեպտեմբերի 23-ի լուսադեմին ոստիկանությունը հայտարարեց բանդայի վնասազերծման մասին: Օպերացիան տեղի էր ունեցել Մյասնիկյան պողոտայում: Իհարկե բանդայի վնասազերծումը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին չօգնեց պահպանել պաշտոնը: Բանդայի վերաբերյալ եղան իրարամերժ տեղեկություններ, թե դրանում ներգրավված են եղել նաեւ տարբեր պաշտոնյաների որդիներ: Այդ ամենը հերքվեց: Բանդայի գործով դատապարտվեցին մի քանի անձինք, թեեւ դարձյալ մամուլի տեղեկություններով, մի շարք անձինք այդպես էլ «մնացին գործից դուրս»:
Արդյոք տեւական դադարից հետո «դուրս մնացածները» վերստին անցել են գործի: Առավել եւս, որ եթե 2011 թվականին բանդան տագնապ էր առաջացրել իշխող համակարգում՝ հիմա արդեն նախկին համակարգում, ապա այժմ կարող է այսպես ասած պահանջարկ վայելել:
Բանն այն է, որ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում սկսվել է պայքար կոռուպցիայի եւ ապօրինի հարստության դեմ, արդեն կա երկու հնչեղ գործ եւ դրանց կալիբրն այնպիսին է, որ անկասկած է՝ լինելու են նաեւ հաջորդները: Այս իրավիճակում, նախկին համակարգում հարստացածներից շատերը կանգնած են երկընտրանքի առաջ՝ հարստությունը կամ իրավապահները կբացահայտեն, կամ գողերը կտանեն:
Մեծ է հավանականությունը, որ շատ շատերը կնախընտրեն գողերի բաժին դարձնել հարստությունը, իրավապահների բաժին չդառնալու համար: Իրավապահների հետ հիմա երեւի թե շատ դժվար է պայմանավորվել: