loading...

Բանակը հզորացնում է սահմանների պաշտպանությունը. մերոնք որսում են հակառակորդի դիպուկահարներին



Դիտումներ ` 1077
Բանակը հզորացնում է սահմանների պաշտպանությունը. մերոնք որսում են հակառակորդի դիպուկահարներին

Ռուսաստանի կողմից զրահափոխադրիչների և զինամթերքի նոր խմբաքանակի մատակարարումն Ադրբեջանին չի կարող ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա, քանի որ ընդհանրապես զրահափոխադրիչներն առանձնահատուկ դեր չեն խաղում մարտական գործողություններում: Դրանք նախատեսված են պարզապես հետևակը մարտադաշտ տեղափոխելու համար: Ըստ ռազմի կանոնների՝ դրանք նույնիսկ չպետք է օգտագործվեն բուն կռվի ժամանակ, քանի որ ոչ այնքան ուժեղ զրահապատում ունենալու պատճառով դրանք բավական խոցելի են:

Ադրբեջանի համար դժվար կլինի նախկին չափերով զենք գնել

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի համար այս մատակարարման մեջ զարմանալի ոչինչ չի եղել: Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ռազմական տեխնիկայի այս նոր խմբաքանակը մատակարարվել է Բաքվին դեռևս 2010-11 թթ. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված պայմանագրերի կատարման շրջանակում: Պարզապես մատակարարումները ձգձգվել են այն պատճառով, որ Ադրբեջանը երկար ժամանակ չէր մուծում կանխավճարը:

Դատելով լուսանկարներից՝ մատակարարվել է մոտ 10-20 միավոր ԲՏՌ-82Ա՝ խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչների արդիականացված տարբերակը՝ սարքավորված ավելի հզոր սպառազինությամբ: Ընդ որում, պիտի հիշենք, որ նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանը ԲՏՌ-ների ևս մի խմբաքանակ էր ստացել: Լեոնիդ Ներսիսյանն ասում է, որ Ադրբեջանը 200 միավոր զրահափոխադրիչ է պատվիրել, այդ պատճառով էլ տեխնիկան խմբաքանակներով է ուղարկվում Բաքու: Սա նշանակում է, որ հետագայում էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակելու է տեղեկացնել Ռուսաստանի նոր ռազմական տեխնիկա ստանալու մասին՝ միաժամանակ փորձելով այդ տեղեկությունն օգտագործել քաղաքական իրադրության վրա ազդելու նպատակով, մինչդեռ իրականում ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության մեջ նորություն չկա:

«Ամեն անգամ, երբ Ադրբեջանն ինչ-որ բան է ստանում, բարձրագոչ հայտարարություններ է անում, ցուցադրական քայլեր անում՝ այդ թվում քաղաքական նպատակներով, թեև իրականում ոչ մի նորություն էլ չկա այդ մատակարարումների մեջ»,- մեկնաբանեց փորձագետը:

Ավելին, Ներսիսյանը կանկախտեսում է, որ Ադրբեջանին մատակարարվելու են նաև ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ, այնպես որ մեզ սպասվում են նոր ցուցադրություններ ադրբեջանցիների կողմից, սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական նոր գործարքների մասին մեր զրուցակիցը տեղեկություններ չունի և ասում է, որ դա դժվար է կանխատեսել:
«Առայժմ նոր համաձայնագրերի մասին որևէ տեղեկություն չի արտահոսել, բայց ընդհանրապես Ադրբեջանի համար հիմա շատ դժվար կլինի նախկին չափերով և այդպիսի խելահեղ գումարներով զենք գնելը, բայց նրանք կարող են փորձել ինչ-որ բան ձեռք բերել»:



Ինչո՞ւ Ադրբեջանը կիրառեց անօդաչուներ

Լեոնիդ Ներսիսյանը անդրադարձավ նաև մի քանի օր առաջ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գրանցված միջադեպին՝ Ադրբեջանի կողմից հյուսիսային հատվածում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմանը: Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հունվարի 20-ին հակառակորդի ԱԹՍ-ից ականանետի արկ է արձակվել հայ դիրքապահների ուղղությամբ, որից հետո նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ: Արցախի ՊԲ-ն ծաղրել էր ադրբեջանական կողմին, թե մի երկիր, որը պարծենում է 4 միլիարդանոց տարեկան ռազմական բյուջեով, 21-րդ դարում կիրառում է «տնայնագործությամբ պատրաստված ռազմատեխնիկական միջոց»:

Ռազմական վերլուծաբանը երկու տարբերակ է տեսնում, թե ինչ նպատակով է Ադրբեջանը Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո դիմել նման քայլի:

Առաջինը, շատ հնարավոր է, որ առաջապահ ինչ-որ ուժեր են գործի դրել տնայնագործական սարքը, քանի որ այսօր շատ հեշտ է քաղաքացիական միջոցներն օգտագործել ռազմական նպատակներով, բայց նման սարքերը մարտական արդյունավետություն չունեն և, բնականաբար, չէին կարող վնաս հասցնել պաշտպանված հայկական դիրքերին:

Մյուս վարկածով՝ անօդաչուները կիրառվել են հրամանատարության հրամանով՝ հակամարտության գոտում լարվածությունն ավելացնելու, որպեսզի ի չիք դառնան վերջին բանակցությունների արդյունքները և չշարունակվի բանակցային գործընթացը:

«Այս պրոցեսը շարունակվում է երկար տարիներ՝ բանակցություններ հանուն բանակցությունների, և դրանք մշտապես ուղեկցվում են տարբեր սրացումներով, և արդյունքում կողմերը որևէ փոխզիջման չեն հասնում»:

Փորձագետի կարծիքով՝ մեկ այլ գործոն ևս կարող էր ազդել Ադրբեջանի սադրիչ գործողությունների վրա՝ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում:

«Սա կարող է լինել որոշակի միջոց՝ ազդանշանելու Ռուսաստանին, որ քրդերի կողմից հակամարտությանն ակտիվորեն միջամտելու դեպքում Թուրքիան կարող է օգտագործել ղարաբաղյան կոնֆլիկտը՝ որպես խաղաքարտ, հրահրել այս հակամարտությունը՝ ինչպես 2016 թ. ապրիլին»:

Այսպիսով, ռազմական սրացումները շփման գծում հետագայում ևս չի կարելի բացառել՝ հատկապես բարձր մակարդակի դիվանագիտական հանդիպումներից առաջ և հետո: Պարտադիր չէ, որ դա ամեն անգամ լինի, բայց Արցախի պաշտպանության բանակը, բնականաբար, պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի:


Սահմանների ավելի հզոր պաշտպանություն

Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ առայժմ չկան նախադրյալներ լայնածավալ պատերազմի կամ այնպիսի բախումների համար, ինչպիսիք եղան 2016 թ. ապրիլին, թեև չկան նաև երաշխիքներ, որ սրացումներից մեկը չի վերածվի լոկալ պատերազմի:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին ամիսներին համեմատաբար խաղաղ վիճակը շփման գծում և ի՞նչն է ռազմականապես զսպում Ադրբեջանին, վերլուծաբանը պատասխանեց, որ գործոնները շատ են: Դրանց թվում պետք է նշել այն հանգամանքը, որ հայկական կողմն էապես ամրապնդել է առաջնագծի պաշտպանությունը, տեղադրվել են նոր սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետորեն վերահսկել սահմանները և թույլ չտալ դիվերսիոն ներթափանցումներ, որոնք նախկինում շատ հաճախ էին լինում:

«Այնուամենայնիվ, իր դերն է խաղացել նաև առաջնագծի վերազինումը, որը շատ ակտիվ սկսեց իրականացվել ապրիլյան պատերազմից հետո, և հիմա շատ դժվար է իրականացնել այն գիշերային դիվերսիաները, որոնք առաջ ադրբեջանցիները սիրում էին անել, որովհետև այժմ շփման գծի ամբողջ երկայնքով տեղադրվել են հսկայական սարքավորումներ՝ ջերմատեսիլ խողովակներով, որոնք ապահովում են սահմանների վերահսկողությունը գիշերը:

Ադրբեջանը մի քանի փորձ արեց Ապրիլյան պատերազմից հետո, և բոլորն էլ ձախողվեցին, որից հետո ադրբեջանական ագրեսիայի այս մասը փաստացի բացառվել է, բայց դիպուկահարների կրակը ժամանակ առ ժամանակ բերում է զոհերի: Հայկական կողմն առայժմ միջոց չի գտել դրա դեմ, բայց դիպուկահար կրակով շատ դժվար է բարձրացնել լարվածության աստիճանը, որովհետև դրանք բավական հազվադեպ սպանություններ են, և բացի այդ, հայ դիպուկահարներն էլ իրենց հերթին փորձում են որսալ հակառակորդի դիպուկահարներին»:

http://www.1in.am/2291345.html


loading...

Փակել