loading...

Բաքվում հասկացան հայկական ուղերձների լրջությունը



Դիտումներ ` 946
Բաքվում հասկացան հայկական ուղերձների լրջությունը

«Ադրբեջանը սպասում է արտգործնախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի նոր բանակցություններ անցկացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հավելել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստվում է բանակցել բացառապես Հայաստանի իշխանությունների հետ:

Բաքուն, զարմանալիորեն, սկսեց խոսել բանակցությունների մասին: Ըստ ամենայնի, Ադրբեջանի իշխանությունների մոտ կեցվածքի փոփոխություն է տեղի ունեցել այն բանից հետո, երբ նախ Հայաստանի Պաշտպանության նախարարը, ապա՝ նաև Արցախի պաշտպանության նախարարների խոսքն, ըստ էության, Բաքվին ուղղված նախազգուշական ուղերձներ էին, սթափության կոչեր:

Դավիթ Տոնոյանին նախօրեին լրացրել է նաև Արցախի ՊՆախարարը:

Ադրբեջանի հատուկ նշանակության օբյեկտները հայկական զինված ուժերի թիրախում են, և պաշտպանության բանակը կարող է ցանկացած պահի կաթվածահար անել հակառակորդի տնտեսությունը, Ստեփանակերտում հայտարարեց է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

 



«Մինգեչաուրի կաթվածահար լինելը վերջին ժամանակահատվածում․․․ իհարկե՝ դա ընդհանուր առմամբ մտնում է մեր մարտավարական պլանների մեջ: Սովորաբար ռազմարվեստը պահանջում է մարտական գործողություններ վերսկսելու դեպքում հարվածներ հասցնել ինչպես նման օբյեկտների, այնպես էլ ռազմական օբյեկտների․․․ այնպիսի օբյեկտների [որոնց հարվածելը], որը վնաս կտա տնտեսությանը և չի թույլատրի, որպեսզի արդյունքում զինված ուժերը ապահովվեն համապատասխան միջոցներով: Եթե դրա անհրաժեշտությունը կլինի (դեռ դա ես չեմ տեսնում) միանշանակ որոշում ընդունելու ենք և վայրկյան անգամ չենք երկմտելու՝ հարվածելու հարցում»,- այսօր ասաց ԼՂ պաշտպանության նախարարը:

Հայաստանյան տասնյակ լրատվամիջոցների համար ասուլիս հրավիրած Լևոն Մնացականյանն նաև նշել է՝ ԼՂ պաշտպանության բանակն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի կողմից նոր սպառազինության ձեռքբերմանը: Պնդեց՝ վերջին շրջանում հակառակորդի ձեռք բերած բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի համակարգերն ու չեխական զինատեսակները հայկական զինված ուժերի կողմից հեշտությամբ կարող են չեզոքացվել: Ըստ Մնացականյանի՝ վերջին մեկ տարում ԼՂ ՊԲ-ում ևս լուրջ վերազինում է տեղի ունեցել․ թարմացվել է ավտոպարկը, հրետանին, ժամանակակից ջերմային տեսահսկվող սարքերով կահավորվել են շփման գծի ողջ երկայնքով տեղակայված դիրքերը:

«Բոլորն էլ օպերատիվ-մարտավարական հրթիռներ են [Ադրբեջանի ձեռք բերածը], բացառությամբ՝ «Դանա» համակարգի, հեռահարությունը՝ մինչև 300 կիլոմետր: Նույնատիպ զենք ունի նաև մեր ԶՈւ-ն, և խոցելու հնարավորությունները ևս նույնպիսին են, ինչպիսին Ադրբեջանի ձեռք բերած վերջին սպառազինությանն է: Մենք ոչ միայն ունենք նույն հնարավորությունները, այլ ի վիճակի ենք նաև ուղղորդելու, ճշգրտելու կրակը»,- պարզաբանեց Մնացականյանը:

 


Ի տարբերություն նախիջևանյան հատվածի, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի զինուժի էական կուտակումներ չկան, կրակոցները նույնպես նվազել են: Սահմանում տիրող հարաբերական լռությունը, սակայն, ըստ Մնացականյանի ինչ-որ բան նշանակում է:

Այսպես, ղարաբաղյան սահմաններում, կարելի է ասել, հարաբերական անդորր է: Բաքուն այժմ խոսում է բանակցությունների մասին: Սա նշանակում է, որ նրանք փորձելու են «ճնշման» գործիքը տեղափոխել բանակցությունների դաշտ:

Ի դեպ, Ադրբեջանն Ադրբեջան չէր լինի, եթե չարձագանքեր Լևոն Մնացականյանի հայտարարություններին: Ադրբեջանի ՊՆ-ն արդեն պատասխանել է Արցախի Պնախարարին՝ նկատելով, որ Հայաստանի տարածքում էլ կան այնպիսի օբյեկտներ, «որոնց տարածքը մեկ հարյուրամյակով կյանքի համար անպիտան կդառնա, եթե դրանց հարված հասցվի»: «Բանակի տրամադրության տակ եղած սպառազինության ամենաառաջատար համակարգերն ի վիճակի են ամենակարժ ժամկետներում ոչնչացնել թշնամու կարևոր ռազմական օբյեկտները և ռազմավարական կոմունիկացիոն գծերը»: Թշնամական կողմը նախքան նման անպատասխանատու հայտարարություններ անելը պետք է մտածի, որ Հայաստանի տարածքում կան այնպիսի օբյեկտներ, որոնց տարածքը մեկ հարյուրամյակով կյանքի համար անպիտան կդառնա, եթե մենք դրանց հարված հասցնենք», ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Թամար Բագրատունի

http://hayeli.am/article/1104311


loading...

Փակել