Ադրբեջանի ռազմական շքերթին ընդառաջ, որ տեղի է ունենալու հունիսի 26-ին, Հայաստանում բավական քննարկելի դարձավ ամերիկյան ուղղաթիռների հարցը, որոնք Ադրբեջանի օդուժի կազմում նկատվել էին զորահանդեսի փորձի ընթացքում:
Հնչեցին տեսակետներ, որ Հայաստանն ԱՄՆ առաջ պետք է բարձրացնի հարցը, թե ինչպես են ուղղաթիռները հայտնվել Բաքվի տրամադրության տակ, եթե ԱՄՆ ունի Ադրբեջանին ռազմական մատակարարումների սահմանափակման օրենսդրություն, հենց Արցախի հակամարտության պատճառով: Դրանք կարող էին վաճառել այն երկրները, որոնք գնում են սպառազինություն ԱՄՆ-ից, այդ թվում ԲԵԼ 412 ուղղաթիռներ: Այդպիսի երկրներ են օրինակ Թուրքիան, Սաուդյան Արաբիան:
Պարզ չէ, այդուհանդերձ, երբ, ինչպես եւ ինչ քանակի ուղղաթիռներ է գնել Ադրբեջանը: Միաժամանակ, անկասկած է, որ Հայաստանի համար շատ դժվար է «ընկնել» Ադրբեջանին զենք վաճառող երկրների հետեւից, այն դեպքում, երբ հիմնական վաճառողները Երեւանի այսպես ասած ռազմա-քաղաքական «դաշնակիցներն» են տարիներ շարունակ: Բառացիորեն օրեր առաջ հայտարարվեց Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ Բելառուսի մատակարարած Պոլոնեզների մասին, որոնք ունեն 300 կմ հեռահարություն:
Այդ պայմաններում, այս կամ այն «օտար» երկրի առաջ Ադրբեջանին սպառազինության վաճառքի խնդիր բարձրացնելը Հայաստանին կդնի անհարմար վիճակի առաջ: Որովհետեւ բոլորը մատով ցույց են տալու մեր «դաշնակիցներին», հորդորելով նախ խոսել նրանց հետ եւ լուծել նրանց հարցը, նոր միայն դիմել իրենց: Առավել եւս, որ խնդիրը ոչ միայն «դաշնակցային» կարգավիճակի հարցն է, այլ նաեւ ծավալների ու «մահաբերության» աստիճանի:
Մյուս կողմից, «դաշնակիցների» հարցում խնդիրը բարդ է, ընդ որում այդ բարդությունը «կուտակվել» է տարիներով, իսկ գուցե տասնամյակից ավելի: Խոշոր հաշվով, Հայաստանն իր հստակ եւ միարժեք դիրքորոշումը ու մարտավարական, ռազմավարական քայլերն ու հարցադրումները պետք է աներ դեռեւս 2000 եւ հետագա թվականներից սկսած, երբ ՌԴ պուտինյան իշխանությունը սկսում էր Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների կառուցումը, այդ հասկացությունն օգտագործելով բացահայտորեն:
Հայաստանը այդ ժամանակ պետք է հաշվարկեր հեռանկարը, ռիսկերը եւ ըստ այդմ հենց «օրորոցում խեղդեր» այն վտանգները, որ պարունակում էր Ադրբեջանի նկատմամբ ՌԴ նոր նախագահ Պուտինի քաղաքականությունը: Հայաստանը սակայն դրա փոխարեն ավելի էր «հանձնվում» Ռուսաստանին: Խդիրները կուտակվեցին 10-15 տարի, ստանալով արդեն սպառազինության ոլորտում միլիարդավոր դոլարների գործարքի տեսք: Դրան զուգահեռ, թուլացավ Հայաստանի ներուժը, մեղմ ասած անորակ կառավարման հետեւանքով, ինչը էլ ավելի «ցածրացրեց» Հայաստանի ձայնը:
Հայաստանի ձայնը բարձրացրին զինվորը եւ սպան 2016 թվականի ապրիլին, դիմադրելով, կասեցնելով ռուս-ադրբեջանական տարիների ռազմա-քաղաքական ռազմավարական գործընկերության հետեւանքով հասունացած գրոհը, քառօրյա պատերազմի տեսքով: Դա տեղի ունեցավ ներքին «վերջին» ռեսուրսների գերարագ, կամավորական մոբիլիզացիայի շնորհիվ, լիովին փոխելով իրավիճակը նաեւ արտաքին հարթության վրա:
Դրանից հետո Երեւանը քաղաքական մասով արեց մի քանի ուշագրավ հայտարարություններ, այդ թվում նաեւ հակամարտության կողմերին ընդհանրապես զենքի վաճառքի արգելքի մասով: Դա արեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Սակայն Երեւանը գաղափարն առաջ չտարավ: Չի բացառվում, որ այն հետո դրվեց արդեն ներքին քաղաքական պլանների սպասարկման հարթության վրա, ծառայեցնելով այդ հարցում արտաքին կենտրոնների հետ քննարկումներին:
loading...