loading...

Բաքվի «հայ-ամերիկյան» սադրանքը. Չհայտնվել ծուղակում



Դիտումներ ` 944
Բաքվի «հայ-ամերիկյան» սադրանքը. Չհայտնվել ծուղակում

Ադրբեջանի ռազմական շքերթին ընդառաջ, որ տեղի է ունենալու հունիսի 26-ին, Հայաստանում բավական քննարկելի դարձավ ամերիկյան ուղղաթիռների հարցը, որոնք Ադրբեջանի օդուժի կազմում նկատվել էին զորահանդեսի փորձի ընթացքում:

Հնչեցին տեսակետներ, որ Հայաստանն ԱՄՆ առաջ պետք է բարձրացնի հարցը, թե ինչպես են ուղղաթիռները հայտնվել Բաքվի տրամադրության տակ, եթե ԱՄՆ ունի Ադրբեջանին ռազմական մատակարարումների սահմանափակման օրենսդրություն, հենց Արցախի հակամարտության պատճառով: Դրանք կարող էին վաճառել այն երկրները, որոնք գնում են սպառազինություն ԱՄՆ-ից, այդ թվում ԲԵԼ 412 ուղղաթիռներ: Այդպիսի երկրներ են օրինակ Թուրքիան, Սաուդյան Արաբիան:

Պարզ չէ, այդուհանդերձ, երբ, ինչպես եւ ինչ քանակի ուղղաթիռներ է գնել Ադրբեջանը: Միաժամանակ, անկասկած է, որ Հայաստանի համար շատ դժվար է «ընկնել» Ադրբեջանին զենք վաճառող երկրների հետեւից, այն դեպքում, երբ հիմնական վաճառողները Երեւանի այսպես ասած ռազմա-քաղաքական «դաշնակիցներն» են տարիներ շարունակ: Բառացիորեն օրեր առաջ հայտարարվեց Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ Բելառուսի մատակարարած Պոլոնեզների մասին, որոնք ունեն 300 կմ հեռահարություն:

Այդ պայմաններում, այս կամ այն «օտար» երկրի առաջ Ադրբեջանին սպառազինության վաճառքի խնդիր բարձրացնելը Հայաստանին կդնի անհարմար վիճակի առաջ: Որովհետեւ բոլորը մատով ցույց են տալու մեր «դաշնակիցներին», հորդորելով նախ խոսել նրանց հետ եւ լուծել նրանց հարցը, նոր միայն դիմել իրենց: Առավել եւս, որ խնդիրը ոչ միայն «դաշնակցային» կարգավիճակի հարցն է, այլ նաեւ ծավալների ու «մահաբերության» աստիճանի:



Մյուս կողմից, «դաշնակիցների» հարցում խնդիրը բարդ է, ընդ որում այդ բարդությունը «կուտակվել» է տարիներով, իսկ գուցե տասնամյակից ավելի: Խոշոր հաշվով, Հայաստանն իր հստակ եւ միարժեք դիրքորոշումը ու մարտավարական, ռազմավարական քայլերն ու հարցադրումները պետք է աներ դեռեւս 2000 եւ հետագա թվականներից սկսած, երբ ՌԴ պուտինյան իշխանությունը սկսում էր Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների կառուցումը, այդ հասկացությունն օգտագործելով բացահայտորեն:

Հայաստանը այդ ժամանակ պետք է հաշվարկեր հեռանկարը, ռիսկերը եւ ըստ այդմ հենց «օրորոցում խեղդեր» այն վտանգները, որ պարունակում էր Ադրբեջանի նկատմամբ ՌԴ նոր նախագահ Պուտինի քաղաքականությունը: Հայաստանը սակայն դրա փոխարեն ավելի էր «հանձնվում» Ռուսաստանին: Խդիրները կուտակվեցին 10-15 տարի, ստանալով արդեն սպառազինության ոլորտում միլիարդավոր դոլարների գործարքի տեսք: Դրան զուգահեռ, թուլացավ Հայաստանի ներուժը, մեղմ ասած անորակ կառավարման հետեւանքով, ինչը էլ ավելի «ցածրացրեց» Հայաստանի ձայնը:

Հայաստանի ձայնը բարձրացրին զինվորը եւ սպան 2016 թվականի ապրիլին, դիմադրելով, կասեցնելով ռուս-ադրբեջանական տարիների ռազմա-քաղաքական ռազմավարական գործընկերության հետեւանքով հասունացած գրոհը, քառօրյա պատերազմի տեսքով: Դա տեղի ունեցավ ներքին «վերջին» ռեսուրսների գերարագ, կամավորական մոբիլիզացիայի շնորհիվ, լիովին փոխելով իրավիճակը նաեւ արտաքին հարթության վրա:

Դրանից հետո Երեւանը քաղաքական մասով արեց մի քանի ուշագրավ հայտարարություններ, այդ թվում նաեւ հակամարտության կողմերին ընդհանրապես զենքի վաճառքի արգելքի մասով: Դա արեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Սակայն Երեւանը գաղափարն առաջ չտարավ: Չի բացառվում, որ այն հետո դրվեց արդեն ներքին քաղաքական պլանների սպասարկման հարթության վրա, ծառայեցնելով այդ հարցում արտաքին կենտրոնների հետ քննարկումներին:

 


Բոլոր դեպքերում, 2016-ի ապրիլից հետո բարձրաձայնվել է կարեւոր միտք եւ նոր Հայաստանում, նոր արդեն հանրային մեծ լեգիտիմությամբ իշխանության պայմաններում արժե թերեւս զարգացնել միտքը, այն բերելով արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային պլան: Ըստ այդմ, որեւէ իմաստ չկա բարձրաձայնել ամերիկյան ուղղաթիռների հարցը ԱՄՆ կառավարության առաջ, երբ դա չի լուծելու որեւէ խնդիր, փոխարենը կարող է ավելորդ խնդիր կամ լարվածություն առաջացնել Հայաստան-ԱՄՆ հարաբերության մեջ:

Ավելին, պետք չէ բացառել նույնիսկ, որ ուղղաթիռների ցուցադրությամբ Բաքուն փորձում է հետապնդել նաեւ հենց այդ նպատակը՝ ստեղծել հայ-ամերիկյան որեւէ թնջուկ, առավել եւս ադրբեջանա-ամերիկյան հարաբերության մեղմ ասած խնդրահարույց իրավիճակի ֆոնին: ԱՄՆ նոր նախագահ Թրամը մայիսին մի քանի անգամ շնորհավորեց Ալիեւին, սակայն դիվանագիտական տողատակում դրանք ավելի շուտ զգուշացում կամ սպառնալիք էին, քան շնորհավորանք:

Այդ պայմաններում Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հայ-ամերիկյան որեւէ «չհասկացվածության» սադրանքի տրվելուց:

Իսկ խոշոր առումով պետք է անցնի հակամարտության գոտի սպառազինության մատակարարման հարցը գլոբալ արգելքի սահմանման, ռեգիոնալ եւ միջազգային անվտանգության ու կայունության համատեքստում դնելու:

 

loading...

Փակել