loading...

Բաքվի բանտում մահացած Զապել Եսայանը հարգանքի արժանացավ Փարիզում, իսկ Հայաստանում՝ սերիալի սցենարագիրը



Դիտումներ ` 1517
Բաքվի բանտում մահացած Զապել Եսայանը հարգանքի արժանացավ Փարիզում, իսկ Հայաստանում՝ սերիալի սցենարագիրը

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։

Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։

Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»։

Զապել Եսայան

Թերևս հայ գրականության ամենամեծ ու ուժեղ հերոսներից մեկի՝ Զապել Եսայանի մասին Հայաստանում գիտեն միայն մի շարք մտավորականներ, գրականագետներ, բանասերներ ու ինքնակրթությամբ զբաղվող այն մարդիկ, ովքեր թերթել են հայ գրականության էջերն ու ծանոթացել այս ուժեղ կնոջ հետ։

Վերջին մի քանի օրերին էլ հայ մեծ գրողի անունը հայտնվեց համացանցում, քանի որ Կանանց տոնին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվել է Զապել Եսայանի անունով։



Մի քանի պարբերությամբ դժվար է ասել, թե իրականում ինչ մեծ գործ է արել շատերի համար անհայտ այս հայ կինը։ Ցեղասպանության տարիներին Զապել Եսայանը Միջին Արևելքի երկրներում զբաղվում էր հայ տարագիրների խնամքով, նա միջոցներ էր հատկացնում, որ որբ երեխաներն ունենան ապաստարաններ։ Նրա շնորհիվ շատերը կարողացան գալ Արևելյան Հայաստան։ Ցեղասպանությունից հետո հետագա տարիներին Զապելը Ֆրանսիական ու եվրոպական մի շարք պարբերականներում գրում էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող հոդվածներ, ակնարկներ ու այդկերպ եվրոպական երկրներին հաղորդակից էր դարձնում Հայոց ցեղասպանության խնդրին։

Զապել Եսայանը Ստալինյան բռնապետության զոհերից դարձավ։ Նա ձերբակալվեց 1937 թվականին և մահացավ 1943 թվականին՝ Բաքվի բանտում։ Մինչ օրս մութ են Զապելի մահվան հանգամանքները, թե ինչպես ու ինչ հանգամանքներում մահացավ նա։

Հայ իրականության մեջ շատ ժամանակ քննադատվում է եվրոպական երկրների մտածելակերպը, աշխարհայացքը, վարքն ու բարքը։ Այդ ամենի մեջ կա և՛ ճշմարտություն, և՛ վիճելի իրականություն։ Սակայն հանուն արդարության պետք է նշենք, որ Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկը՝ Ֆրանսիան գնահատեց հայ գրողին ու նրա անունով բացեց ճեմուղի։ Իսկ մե՞նք․․․․։


Իսկ Հայաստանում անկախության սերունդն ու ապագայի երեխաները կտեսնեն այն, ինչ գնահատում է իշխանությունը ու շատ ժամանակ հասարակությունը։

Վերջին օրերին քննադատության ամենամեծ ալիքը տեղաց Դիանա Գրիգորյանի հասցեին։ Կանանց տոնին ՀՀ նախագահի հրամանագրով հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը պարգևատրվեց Մովսես Խորենացի մեդալով:

Հասարակությունը քննադատում է Դիանա Գրիգորյանին, սակայն հենց հասարակությունն է սպառում սցենարիստի կողմից հանրությանը մատուցվող արտադրանքը։

Կանանց տոնին Հայաստանում պարգևատրվում է սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը, իսկ Փարիզում բացվում է Զապել Եսայանի անվամբ ճեմուղի։ Փաստացի Զապել Եսայանն ավելի մեծ հարգանք ունի Ֆրանսիայում, քան Հայաստանում։

NEWSPRESS.am Culture


loading...

Փակել