loading...

Այսօր հայ ժողովուրդը ասում է այն, ինչ ասում էինք մենք. Ալիևը դրական ակնկալիքներ ունի Հայաստանի նոր կառավարությունից



Դիտումներ ` 830
Այսօր հայ ժողովուրդը ասում է այն, ինչ ասում էինք մենք. Ալիևը դրական ակնկալիքներ ունի Հայաստանի նոր կառավարությունից

Սեպտեմբերի 3-ին Ղրղզստանում՝  Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VI գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև ղարաբաղյան խնդրին:

«Պատահական չէ, որ քրեական ռեժիմը տապալվեց, որն ավելի քան 20 տարի ղեկավարում էր Հայաստանը, և այսօր հայ ժողովուրդը ասում է այն, ինչ ասում էինք մենք: Հուսով ենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կառուցողական դիրք կունենան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, մեր հողերը ազատվելու են, և տարածաշրջանում խաղաղություն ու համագործակցություն կստեղծվի», — ասել է Ալիևը:



Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ նախկին իշխանություններն իրենց գործողություններով խոչընդոտում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Հետաքրքիր է, թե ինչն է ստիպել Ալիևին նման լավատեսական հայտարարություններ անել: Ի վերջո Արցախի հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերն կարծես առավել կոշտ են` Փաշինյանը հայտարարում է, որ ինքը չի պատրաստվում բանակցել Արցախի անունից:

Ալիևի այս հայտարարությունը հատկապես հետաքրքրական է, քանի որ հայտարարությունից  օրեր առաջ նա հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին վարչապետ Փաշինյանը պետք է հանդիպի ՌԴ նախագահի հետ:


Ակնհայտ է, որ ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման հիմնական թեման լինելու է Արցախի հարցը: Այս պահին դեռ պարզ չէ, թե Փաշինյանը ինչ տրամադրվածությամբ է գնում հանդիպման` նա շարունակելու է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող փաստաթուղթը համարե՞լ «հող ծախել», թե Պուտինի հետ հանդիպումից հետո նախկին նախագահների կողմից «հող ծախելը» փոխված իրողությունների պայմաններում կհամարվի միակ արդյունավետ լուծում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո պարզ կդառնա, թե ինչն է ստիպել Ադրբեջանի ռազմատենչ նախագահ Իլհամ Ալիևին նման լավատեսությամբ լցվել:


loading...

Փակել