Սերժ Սարգսյանն ամանորյա ուղերձում հայտարարել է, որ մեր հավակնությունները մեծ են, և մենք հետևողական ենք լինելու դրանք իրականացնելիս: Իշխանությունների աշխատանքը պետք է զգալի և շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, պետք է բոլորիս վստահության զգացում հաղորդի: «Մենք հրաշալի երկիր ունենք, և պետք է հպարտ լինենք այսպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով»,- շեշտել է Սերժ Սարգսյանը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ասել է, որ 2018 թվականին կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնք զգալի կլինեն հասարակության համար, և ընտրողն իրեն խաբված չի զգա:
ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը բացարձակ իրատեսական չի համարում այս խոստումները, նրա խոսքերով՝ դա նրանց հերթական ստերից ու հեքիաթներից մեկն է։
«Քանի որ նրանք բազմաթիվ անգամ նման հայտարարություններ արել են, սակայն հետագայում տեր չեն կանգնել իրենց ասածներին, ամբողջը սուտ է դուրս եկել։ Նախ, սրանք օրինակարգ իշխանություններ չեն, սրանք իշխանությունը բռնազավթել են, իշխանության են եկել մեր ժողովրդի արյան ու դիակների վրայով։ Սրանք չեն համարվում ազգընտիր իշխանություն։ Նրանք մի գիծ են որդեգրել՝ երկիրը կառավարել խաբելով, և դա, կարծես թե, իրենց հաջողվել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդան Մալխասյանը։
Վիճակը, նրա խոսքերով, իսկապես շատ ծանր է, բայց բոլոր ծանր ժամանակներում դիմանալու միայն մի ձև կա՝ մենք երբեք չպետք է զիջենք մեր դիրքերն ու սկզբունքները։ «Ես մեր ժողովրդին կոչ կանեի, որ այդ բարբաջանքներին բանի տեղ չդնի և հասկանա մի բան, որ իր փրկությունն իր հավաքական ուժի մեջ է, պայքարի մեջ է։
Չարենցն ասում է՝ ոչ մի ձագ ձվի կեղևից չի բաժանվում ողբով, ողբով չի բաժանվում արյունը վարակից, այլ պայքարով միայն։ Հիմա եթե մեր արյան մեջ վարակ է մտել, այն անազգ ու անհայրենիք թափթփուկը վարակը մտցրել է մեր մեջ, ու եթե լաց ու կոծ անենք, այդ ստերին հավատանք, ոչնչի չենք հասնելու։ Դրան միայն կարելի է հասնել պայքարով»,- հավելեց Վարդան Մալխասյանը։
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը քաղաքական կամք չի ունենա այդ փոփոխություններն իրականացնելու, քանի որ իշխանությունը ծայրից ծայր թաղված է կեղծ արժեքների, կեղծ արժեհամակարգերի և կոռուպցիայի մեջ, սերտացած է կրիմինալի հետ։ «Նման իշխանությունը չի կարող առաջընթաց ունենալ, հատկապես եթե ժողովուրդն այդ իշխանություն կոչվածին չի վստահում, չի հավատում ու չի սիրում։ Մեր ժողովրդի կեսից ավելին ոչ թե չի սիրում սրանց, այլ խորապես ատում է։ Այդ պայմաններում զարգացում ապահովելը ֆանտաստիկ և տրամաբանությունից հեռու բան է»,- ասաց Վարդան Մալխասյանը:
Անկախ նրանից՝ ապրիլին Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա կամ չի դառնա, պոռթկում, Վարդան Մալխասյանի խոսքերով, այս տարի անպայման տեղի է ունենալու, որովհետև մեր ժողովուրդը հավերժ գերի չի կարող լինել կեղծված ու կրծած մտքերի։ «Ժողովուրդն արդեն հասկացել է, որ իրեն խաբել են, փողով իշխանությունն իր ձեռքից խլել են։ Հիմա ժողովուրդը չի ուզում մնալ այսպես անագրված, ոտքի է կանգնելու, մանավանդ սոցիալական բունտ տեղի կունենա, քանի որ արդեն թանկացումների շղթա է սկսվել։ Ես գիտեմ, որ հայ ժողովուրդը հանդուրժում, հանդուրժում ու պայթում է։ Այդպիսի պայթյուն չէին սպասում նաև Իրանում, բայց տեսաք, թե ինչ տեղի ունեցավ ու դեռ դեմը չեն էլ առել։ Հիմա նման մի բան այստեղ տեղի կունենա, և Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, թե չդառնա, ոչինչ չի փոխվելու։ Կեղծ արժեքների ու կեղտի մեջ թաղված համակարգը պետք է հիմքից փշրել։ Այս համակարգի մեջ ինչ փոփոխություն, ինչ տեղաշարժ էլ անես, ոչինչ չի փոխվի»,- հավելեց նա։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ, անդրադառնալով ուղերձներին, հորեղբոր տղայի օրինակը բերեց. «Հորեղբորս տղան երբ ամուսնացավ, Սերժ Սարգսյանն արդեն նախագահ էր։ Ինքը հիմա ունի 3 տղա՝ 1, 6 և 7 տարեկան։ Երեք տղաների համար նա պետք է բարձր տոկոսներով վարկ վերցնի, եթե իհարկե, հաջողվի, որպեսզի կարողանա իր տղաներին բնակարանում մեծացնել։
Հիմա ըստ Սերժ Սարգսյանի՝ իմ հորեղբոր տղան վաղուց պետք է բնակարան ու ավտոմեքենա ունենար։ Քույրս, որ ուսուցիչ է, պետք է 200 հազար դրամ աշխատավարձ ստանար, այնինչ ստանում է 70 հազար դրամ։ Հորեղբորս տղան էլ, եթե 14 տոկոսով վարկ վերցնի բնակարան գնելու համար, ըստ էության, կրկնակի գումար պետք է վերադարձնի: Ես չեմ խոսում Հայաստան-Իրան երկաթուղու մասին, չեմ խոսում անհասկացողության պատի մասին, չեմ խոսում ամեն տարի 7 տոկոսանոց տնտեսական աճի մասին, ամեն տարի խոստացած քաղաքական և այլ բարեփոխումների մասին, նորմալ ընտրությունների մասին, Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին, նոր ատոմակայանի մասին։ Այս տարի Հյուսիս-Հարավ ճանապարհը պետք է ավարտեինք, մինչդեռ մոտ 50 կմ ճանապարհ են շահագործման հանձնել, այն էլ ամենահեշտ հատվածն է, ուղիղ ճանապարհ է, ուղղակի ասֆալտը սարքել են բետոն»,- ասաց նա։
2018-ին նույնպես լուրջ փոփոխություններ, Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, չեն ակնկալվում, և այս համակարգի պարագայում Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, թե մեկ ուրիշը, նույն բանն է լինելու։ Մինչև համակարգը չփոխվի, ոչինչ չի փոխվելու։
Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեպքում էլ ֆորս-մաժորային իրավիճակ, չի կարծում, թե կլինի, այլ խնդիրների հետ կապված ֆորս մաժորային իրավիճակները չի բացառում. «Այն, որ նմանատիպ պոռթկումների համար մեզանում պարարտ հող միշտ եղել է, դա ակնհայտ է։ Երբեմն-երբեմն տարատեսակ պոռթկումներ եղել են, իսկ դա երբ է լինելու և ինչպես է լինելու, ոչ ոք չի կարող գուշակել։ Երբ 1917 թվականին Ռուսաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, այդ ժամանակ ՆԳ նախարարի՝ ցարին ուղղված զեկուցագրերում ոչ մի խոսք չկար, որ կարող է երկրում հեղափոխություն լինել։ Այնպես որ, կարևորը հիմքերն են, իսկ հիմքերը կան»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը։