loading...

Արթուր Վանեցյանը «ջարդեց» Ռուբեն Հայրապետյանի կառուցած պատնեշը



Դիտումներ ` 867
Արթուր Վանեցյանը «ջարդեց» Ռուբեն Հայրապետյանի կառուցած պատնեշը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Արթուր Վանեցյանը կատարեց կարևորագույն մի քայլ: Նա հայտարարեց, որ Ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային քաղաքականությունը կտրուկ փոփոխվելու է: Մասնավորապես, հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Ջիբրալթար հանդիպման տոմսերի գինը կսկսվի 1000 դրամից:

«Առաջին որոշումներից մեկը վերաբերելու է հենց տոմսերի գների փոփոխությանը: Եվ պետք է նշեմ, որ «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հենց առաջիկա խաղի տոմսերը կսկսվեն 1000 դրամից: Մնացած տոմսերի գները ևս նույն տրամաբանությամբ կնվազեցվեն»,- ասել էր Վանեցյանը:

Փաստորեն, ՀՖՖ նոր ղեկավարությունը ազգային թիմի հանդիպումների տոմսերի գներն էժանացնում է 4 անգամ: Ռուբեն Հայրապետյանի օրոք Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ պաշտոնական հանդիպումների ժամանակ տոմսերը վաճառվում էին 4-10 հազար դրամով: Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման ժամանակ միայն Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերն արժեին 2000 դրամ: Արևելյան և Արևմտյան տրիբունաների տոմսերի գները փոփոխության չէին ենթարկվել: Մասնավորապես, իր համար «կարապի երգի» խաղին ընդառաջ՝ Ռուբեն Հայրապետյանը որոշել էր 2000 դրամանոց նվեր մատուցել ֆուտբոլասերներին: Տպավորությունն այնպիսին էր, որ Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերի գները 2000 դրամով էժանացնելով՝ Հայրապետյանը մեծահոգություն էր ցուցաբերել, որի համար պետք է հասարակությունը շնորհակալություն հայտներ: Լիխտենշտեյնի պես գաճաճ հավաքականի հետ հանդիպումը Արևելյան կամ Արևմտյան տրիբունաներից դիտելու համար մարդիկ ստիպված են եղել վճարել 5-10 հազար դրամ, ինչն ուղղակի աբսուրդ է:



Համեմատության կարգով նշենք, որ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ադրբեջանցիները իրենց ազգային թիմի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հետ հանդիպումը մարզադաշտում դիտել են՝ վճարելով ընդամենը 2 մանաթ՝ 1.2 ԱՄՆ դոլար, մոտ 600 դրամ: Այս խաղի ամենաթանկ տոմսերը վաճառվել են 19 մանաթով կամ 10 ԱՄՆ դոլարով: Հարևան Վրաստանում էլ ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպման տոմսերը արժեն միջինը 5-25 լարի, այսինքն՝ 1000-ից 5000 դրամ: Սեպտեմբերի 9-ին Սկոպյեում տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի Մակեդոնիա-Հայաստան հանդիպման տոմսերի գներն էլ սկսվել են 2 եվրոյից:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ գների իջեցումը էապես չի խթանի ֆուտբոլի զարգացմանը: Շատերը նշում են, որ խայտառակ մրցելույթներից հետո երկրպագուն վերջնականապես հեռացել է մարզադաշտից: Ժամանակին, երբ Հայաստանի ազգային հավաքականը անհամեմատ ավելի ուժեղ էր և տպավորիչ հաղթանակներ էր տանում, տոմս գնելը դարձել էր խնդիր: 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսերը նույնիսկ վաճառվում էին, այսպես կոչված, սև շուկայում սահմանված գներից մի քանի անգամ ավելի թանկ: Այո, մարդիկ չէին խնայում 10.000 դրամը, բայց դրանից օգտվում էր միմիայն ՀՖՖ-ն՝ ստանալով գերշահույթ: Ազգային թիմը հասարակությունից հեռու պահելը Հայրապետյանի համար կարծես գերխնդիր լիներ: Բազմաթիվ բաց նամակները, խնդրանքներն ու պահանջները որևէ արձագանք չէին ստանում:

Հիմա ազգային հավաքականը հասանելի է հասարակության անհամեմատ ավելի լայն շերտերի համար: Ֆուտբոլասերին մարզադաշտ վերադարձնելն ու ազգային թիմին մոտ պահելը սիրված մարզաձևը ուշքի բերելու կարևորագույն գործոններից է: Վստահ ենք, որ առաջիկա հանդիպմանը «Հանրապետական»-ում անհամեմատ ավելի շատ երկրպագուներ կլինեն, քան Հայաստան-Լիխտենշտեյն մրցավեճի ժամանակ: Ֆուտբոլասերի՝ տարիներ շարունակ բարձրացված բողոքը վերջապես տեղ հասավ: Սա կարելի է համարել ֆուտբոլասերների հաղթանակը, և նրանք անպայման կօգտվեն դրանից: 


Կամա թե ակամա հայ երկրպագուն հետայսու շատ ավելի մոտ կլինի ազգային հավաքականին: Երկրպագուների զգալի մասը պատանիներ ու երիտասարդներ են, որոնցից շատերը ուղղակի չունեն հնարավորություն 5 հազար դրամ վճարելու «Հանրապետական» մարզադաշտում ներկա գտնվելու համար: Եվրոպա լիգայի խաղարկությունում «Փյունիկի» և «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներին, որոնց մուտքն անվճար էր, տեսանք լեցուն «Հանրապետական»: Սա հզոր մի պոտենցիալ է, որը ամեն գնով պետք է մոտ պահել ստադիոնին:

Վանեցյանը կատարեց առաջին և ֆունդամենտալ քայլը՝ «ջարդելով» ազգային հավաքականի և երկրպագուի պատնեշը: 16 տարիների ընթացքում Հայրապետյանն այդպես էլ չհասկացավ, որ ազգային հավաքականը միակ միջոցն է, որը հնարավորություն է տալիս երկրպագուին, այսպես ասած, լինել երկրպագու, մարզադաշտում զգալ և վայելել ֆուտբոլային մթնոլորտը:

Չնայած անհաջող ելույթներին՝ ազգային թիմը մեր երկրի ֆուտբոլային թիվ մեկ ներկայացուցիչն է և կշարունակի մնալ ուշադրության կենտրոնում: Հուսանք նաև, որ մեր հավաքականը դուրս կգա ճգնաժամային իրավիճակից՝ առաջացնելով ֆուտբոլային աժիոտաժ:

https://www.1in.am/2431324.html


loading...

Փակել