Հունիսի 15-ին, ժամը 15:40-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Chrysler» մակնիշի 34 QS 567 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1958 թ. ծնված Տ. Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3մ գլորվել դեպի գետակը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Վ. Խ.-ը և 1958 թ. ծնված Հ. Կ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ժամը 15։00-ի սահմաններում Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Տրդատ Կիրակոսյանը իր վարած Chrisler մակնիշի 34 QC 567 համարանիշի ավտոմեքենայով Լոռու մարզի արդեն հանրահայտ դարձած Ախթալայի կամրջի մոտ բախվել է Ախթալայի բնակիչ՝ 64-ամյա Սեյրան Սարգսյանի վարած անձնական օգտագործման KAВЗ մակնիշի 38 UՏ 721 համարանիշի մարդատար ավտոբուսին։
Կայքի տեղեկացմամբ՝ Chrisler-ը բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։