ՀՀԿ-ի նավը խորտակվում է, եւ ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել, որ լքում է իշխող կոալիցիան ու պահանջում է արտահերթ ընտրություններ: ՀՅԴ հայաստանյան ղեկավարությունը վաղուց վեր է ածվել մանր առեւտրականների խմբակի, որը ներքաղաքական տարբեր փուլերում ընկնում էր այս ու այն կողմ՝ մանդատներ ստանալու եւ մանդատ վաճառելու նպատակով: Ընդ որում, հիմնավորելով ազգային ու ընկերային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Բառացիորեն մի քանի օր առաջ, երբ դեռ Երեւանում ծավալվող շարժումը շատերի համար պարզ չէր, թե ինչի է հանգեցնելու, ՀՅԴ-ն եռանդուն պաշտպանում էր կերակրատաշտի իր կտորն ու կոռուպցիայի քվոտան, համերաշխության ու կայունության կոչեր անելով:
Հետո երբ հասկացան, թե ինչ է կատարվում, Հրանտ Մարգարյանը շտապեց կալանավայր՝ Նիկոլի մոտ, հետո հայտարարեց, թե փորձել է ինչ որ բաներ պայմանավորվել:Դաշնակները վերջին մի քանի ընտրություններում երբեք 5 տոկոսը չեն անցել, նրանց խորհրդարան է անցկացրել իշխանությունը բազմապիսի ծառայությունների դիմաց:
Հնարավոր է՝ Հրանտ Մարգարյանը 5 տոկոսի համար էր գնացել Նիկոլի մոտ, ավելի ճիշտ՝ կասկած չկա դրանում:Հեղափոխության ինչ որ փուլում դրա շարքերն են լցվում հանրային ամենատարբեր շերտերը, որոնք մերկանտիլ նպատակներ ունեն: Տվյալ դեպքում զավեշտն այն է, որ անվամբ լինելով հեղափոխական, Դաշնակցության հայաստանյան ջոջերը քարշ են գալիս դրա հետեւից՝ իրենց հարցերը լուծելու համար: