Նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և ԱՄՆ կատարած այցերից ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ քաղաքավարական հանդիպումից հետո մեկնում է Մոսկվա, որտեղ կդիտի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղն ու դրանից առաջ էլ կմասնակցի Մեծ թատրոնում այդ եզրափակչից առաջ տեղի ունենալիք գալա համերգին:
Սարգսյանի այցը թերևս նույնքան «քաղաքավարական» է, որքան Պոմպեոյի հետ հանդիպումը: Իսկ ինչքանո՞վ է այն քաղաքական: Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը Մոսկվա էր մեկնել Նիկոլ Փաշինյանը, որի ընթացքում եղել էր Պեսկովի հայտնի «հումորը», երբ նրան հարցրել էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին:
Նա ասել էր, որ այդպիսի հանդիպում չի կարող լինել, քանի որ Հայաստանի նախագահը Մոսկվա չի ժամանել: Թե որքանով էր Պեսկովի կատակի կեսը լուրջ, կամ կե՞սն էր լուրջ, ավելի, թե պակաս, իհարկե դժվար է ասել, սակայն Հայաստանում նրա այդ հայտարարությունները ընկալեցին իբրև Մոսկվայում արցախյան գործընթացում Նիկոլ Փաշինյանի մասնակցության «մերժման» ակնարկ:
Միաժամանակ, Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը Պուտինը ԱՊՀ ղեկավարների համար կազմակերպած ընդունելությանը ծանոթացրել էր Փաշինյանին ու Ալիևին: Ավելիի մասին խոսք առայժմ չկա, դա Բրյուսելից վերադարձին հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը:
Հետաքրքիր է, իսկ Ալիևը մեկնելո՞ւ է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը դիտելու և ինչ կլինի այդ դեպքում, ծանոթությունից: Մյուս կողմից, Մոսկվա մեկնելուց առաջ Արմեն Սարգսյանն արել է առանցքային հայտարարություն, ասելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և նաև ղարաբաղյան հարցում քաղաքականությունը մշակում և իրականացնում են վարչապետն ու արտգործնախարարը, իսկ ինքը կարող է միայն օգնել իր փորձով կամ խորհուրդներով:
Սարգսյանի այդ հայտարարությունը Մոսկվա այցից առաջ թերևս պատահական չէ, որովհետև պետք չէ բացառել, որ Մոսկվայում կան շրջանակներ, որոնք կցանկանան օգտագործել Հայաստանի նախագահի և վարչապետի այսպես ասած «մրցակցության» գործոնը, փորձելով խաղալ դրա վրա: Այդ հարցում նրանց կարող է զգալիորեն շահագրգռել Ադրբեջանը: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտարարեց, որ Ադրբեջանն ավելի է ագրեսիվացել Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, որովհետև տագնապում է դրանից:
Ադրբեջանն ունի տագնապի տեղ, իհարկե ոչ թե այն պատճառով, որ հեղափոխությունը կտարածվի նաև իր մոտ, այլ որովհետև թավշյա հեղափոխությամբ Հայաստանում ձևավորվել է լիովին մի այլ մթնոլորտ, բացառիկ լեգիտիմությամբ իշխանություն և, անկասկած, շատ դժվար է խոսել այդ իշխանության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ այնպես, ինչպես կխոսեր, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ:
Այստեղ Ալիևն ըստ երևույթին կարող է փորձել օգտագործել նախագահ-վարչապետ հանգամանքը և դրանով խուսանավել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից: Ըստ ամենայնի, Ալիևն այդ հարցում, ինչպես միշտ, կփորձի ներգրավել ռուսական որոշակի շրջանակների, այդ թվում՝ իշխանական: Արմեն Սարգսյանը Մոսկվա մեկնելուց առաջ ըստ երևույթին Ալիևին այդ խաղից զրկելու համար միանգամայն հստակ «ճանաչեց» արցախյան խնդրում Նիկոլ Փաշինյանի բանակցող և քաղաքականությունը մշակող կարգավիճակը: