Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազին, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Նրանք դա հիմնավորում են Արցախի եւ Հայաստանի պետականաշինության գործում Քոչարյանի ունեցած ներդրումով:
Քոչարյանի ներդրման մասին պատկերացումն ու գնահատականը անշուշտ խիստ հարաբերական է, բայց հարցը ամենեւին դա չէ: Հարցն այն է, թե Արցախի հանրապետության խորհրդարանի մի խումբ պատգամավորները ինչ ներդրում են ունենում Արցախի պետականաշինության գործում: Իսկ նրանց «ներդրումը» մեղմ ասած տարօրինակ է ստացվում:
Նախ, որովհետեւ ստացվում է, որ Արցախի խորհրդարանի պատգամավորները ապտակ են հասցնում Հայաստանի խորհրդարանի այն 46 պատգամավորին, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիրը: Արդեն մի քանի օր է, ինչ 46 պատգամավոր ստորագրել է այն: Նրանք ՀՀ ԱԺ պատգամավոր են, ու եթե նրանց 46 ստորագրությունը առոչինչ է Քոչարյանի կալանքի հարցը որոշողների համար, ապա ի՞նչ պետք է լինի Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորների ստորագրությունը: Եթե Քոչարյանի խափանման միջոցը փոխելու են, ապա կփոխեն 46-ի ստորագրությամբ էլ, եւ գուցե նույնիսկ առանց նրանց էլ: Եթե չեն փոխելու, ապա մեղմ ասած հազիվ թե Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորների միջնորդագիր նամակը ունենա որեւէ նշանակություն:
Կամ էլ հենց ստացվում է, որ նրանք մտածում են, թե Հայաստանի խորհրդարանի 46 պատգամավորի ստորագրությունն այն չէ, իսկ իրենցը կփրկի Քոչարյանին:
Թեեւ, ավելի հավանական է, որ Արցախի հանրապետության խորհրդարանի պատգամավորները ոչ թե Քոչարյանին, այլ իրենց փրկելու մասին են մտածում, շտապելով իրենց «լուման» ներդնել երկրորդ նախագահի պաշտպանության գործում: Թե՞ Արցախի պատգամավորներին ոտքի է հանել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որի համար կարծես թե մարտավարություն է դարձել ուղղակի Նիկոլ Փաշինյանին անվերապահ աջակցություն հայտնելը՝ իր ստացած անվերապահ աջակցության դիմաց, իսկ անուղղակի կերպով Փաշինյանին «ոտք դնելը»:
Համենայն դեպս նկատվում են այլ բնույթի այդօրինակ դրսեւորումներ, եւ պետք չէ բացառել, որ Արցախի պատգամավորներն այդ տրամաբանության կամ մարտավարության մի օղակ են:
Այլապես անհասկանալի է, թե Արցախի հանրապետության պատգամավորներն ինչու՞ են որոշել միջնորդամտել Ռոբերտ Քոչարյանի շուրջ Հայաստանի հանրապետությունում տեղի ունեցող իրավական գործընթացին: Նրանք ունեն կասկած, որ դա քաղաքակա՞ն հետապնդում է: Այդ դեպքում թող դրա մասին հայտարարեն բաց եւ ուղիղ տեքստով: Եթե չունեն այդպիսի հայտարարության հիմք կամ համարձակություն, ապա ո՞րն է իրավական գործընթացին միջամտելու իմաստը:
Եվ բանն ամենեւին այն չէ, որ Արցախը ֆորմալ առումով այլ պետություն է, թեեւ այստեղ կա նաեւ սկզբունքային խնդիր, որովհետեւ այդ պատգամավորները բավականին պասիվ են, երբ խոսքը կարող է վերաբերել արցախյան խնդրում Ստեփանակերտի սուբյեկտության համար անհրաժեշտ քաղաքական վարքին, պահվածքին:
Բայց, տվյալ պարագայում բանը ֆորմալ անկախությունն էլ չէ, այլ իրավական գործընթացը: Եվ եթե որեւէ մեկը կասկածի տակ չի դնում իրավականությունը, ապա չպետք է նաեւ միջամտի ընթացքին, որովհետեւ խափանման միջոցի հարցը այլեւս դառնում է բացարձակ իրավական կոմպետենտության հարց:
Ըստ այդմ, օրինակ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների ստորագրությունը տեղավորվում է իրավական գործընթացի տրամաբանության մեջ: Ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում Արցախի պատգամավորների ստորագրությունը, եւ այն դեպքում, երբ նրանք Արցախի հաղթանակներում եւ պետականաշինության գործում ոչ պակաս դեր ունեցած այլ գործիչների հարցում պահպանել են քար լռություն:
Բայց, նույնիսկ լռությունն էլ չէ խնդիրը, որովհետեւ ճիշտը գուցե լռությունն է, այդպիսի դեպքերում Արցախից խոսելն է սխալ, որովհետեւ Արցախի առանձնահատկությունը պահանջում է կանգնել այդ ամենից վեր, Արցախի ճակատագիրը ուղղակի, թե անուղղակի չնույնացնել որեւէ մարդու ճակատագրի հետ, անկախ նրանից, թե նա ինչ դեր է ունեցել Արցախում կամ Հայաստանում:
Խոշոր հաշվով, հենց այդ ուղերձն էր մայիսի 9-ին Ստեփանակերտում նաեւ փոխանցում Նիկոլ Փաշինյանը, որը կամ չեն հասկացել, կամ չեն ուզել հասկանալ, վարժված լինելով Արցախի ճակատագիրը Հայաստանի ներքաղաքական անցուդարձի հանձնած լինելու իրողությանը: Ըստ երեւույթին, կա եւս մեկ անգամ դա անելու անհրաժեշտություն, ու դարձյալ Ստեփանակերտից, եւ թերեւս օգոստոսի 17-ին Երեւանում հրավիրած հանրահավաքից կամ անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո: