Իհարկե, այսօրվա հարցաքննության հետ կապված հասարակության սպասումները գտնվում էին ամենաբարձր նշաձողի վրա․ Հայաստանի ժողովուրդն օր առաջ ցանկանում է պատժված տեսնել այն մարդուն, որի հրամանով տաս տարի առաջ մայրաքաղաք Երևանի սրտում գնդակահարվել են տաս անզեն ու անմեղ քաղաքացիներ։ Մյուս կողմից՝ նախաքննությունը պետք է բավարարի ոչ միայն հանրային սպասումները, այլ, առաջին հերթին, գործընթացի միանշանակ լեգիտիմությունը, որովհետև, ըստ ամենայնի, մեղադրյալի աթոռին են հայտնվելու երկրի երկրորդ նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, ու Հայաստանում և դրանից դուրս որևէ մեկի մոտ կասկած չպետք է առաջանա, որ տեղի է ունեցել բացարձակապես օրինական քննություն՝ առանց քաղաքական միջամտության և կոնյուկտուրայի ազդեցության։
Գրեթե կանխատեսելի է, թե այս իրավիճակում ինչ մարտավարություն են ընտրել Ռոբերտ Քոչարյանն ու Մարտի 1-ի գործով նրա պոտենցիալ հանցակիցները։ Յուրի Խաչատուրովը կամ Սեյրան Օհանյանը հանգիստ կարող են հայտարարել, որ իրենք կատարել են միայն պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանները, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հրապարակավ «ձեռքերը լվացրել» է պաշտպանության նախարարի 2008թ-ի փետրվարի 23-ի թիվ 0038 ապօրինի հրամանից։ Սա, իհարկե, կանխատեսելի մարտավարություն է՝ հաշվի առնելով, որ Միքայել Հարությունյանը այս գործով առայժմ միակ մեղադրյալն է ու բացակայում է երկրից, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այս տակտիկան չունի ռացիոնալ, մասնագիտական, քաղաքական հիմնավորումներ․ ճակատագրի բերումով պաշտպանության նախարարի աթոռին ժամանակավորապես հայտնված ու կենսաթոշակային տարիքում գտնվող գեներալը որևէ մոտիվացիա չուներ սահմանադրական կարգը տապալելու համար։
Միքայել Հարությունյանը գուցե եղել է կոռումպացված, բայց երբեք չի ունեցել քաղաքական ամբիցիաներ, նույնիսկ այդպիսիք առանձնապես չի դրսևորել զինված ուժերում։ Մի խոսքով՝ Միքայել Հարությունյանի տարբերակը շատ թույլ է, որին չեն հավատալու ոչ հասարակությունը, ոչ էլ առավել ևս մասնագիտական կազմ ունեցող նախաքննության մարմինը։
Արդեն էական է այն հանգամանքը, որ Քոչարյանը հարցաքննվեց, և հասարակության մոտ առնվազն հոգեբանորեն կոտրվեց նրա «անձեռնմխելիության» թեզը։ Սա թերևս Մարտի 1-ի բացահայտման ամենակարևոր քաղաքական նախադրյալն է, մանավանդ՝ ընդհանուր պատկերացում կարող ենք կազմել նաև ՀՔԾ-ի մարտավարության մասին։ Մարտի 1-ի գործին քաջածանոթ մարդիկ գիտեն, որ այն կառուցված է բավականին գրագետ հաշվարկի վրա՝ Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության, զրկելով մանևրելու հնարավորությունից։։
Գրեթե անխուսափելի է, որ Քոչարյանը շուտով կրկին հարցաքննվելու է, այս անգամ՝ իրավական կոնկրետ հետևանքներով։ Իհարկե, Միքայել Հարությունյանի ներկայությունը շատ ավելի տպավորիչ կդարձնի երկրորդ նախագահին առաջադրվելիք մեղադրանքը, սակայն եթե նույնիսկ ՀՔԾ-ն չունենա լրացուցիչ փաստարկներ, ապա Փաստահավաք խմբի զեկույցները բավարար են նրան մեղադրանք առաջադրելու համար, նույնիսկ՝ Հարությունյանի բացակայությամբ։ Մեր այս արձանագրումը, ի դեպ, ոչ թե քաղաքական գնահատական կամ ցանկություն է, այլ համոզմունք՝ հիմնված Մարտի 1-ի գործի փաստական հանգամանքների վրա։
Բավարարվենք միայն այն հիշատակումով, որ 2008-ի փետրվարի 23-ը շրջադարձային օր է Մարտի 1-ի գործում․ այդ օրը Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել գրեթե բոլոր ուժային կառույցներում, որոնց հաջորդել են նրանց ապօրինի գործողությունները՝ ՊՆ նախարարի թիվ 0038 որոշումը, ԱԱԾ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դեմ քրեական գործի հարուցումը, ոստիկանության կողմից զանգվածային ձերբակալությունների մեկնարկը և այլն։ Բոլոր ուժային կառույցները նույն օրը չէին կարող ավտոնոմ ընդվզել սահմանադրական կարգի դեմ՝ առանց Ռոբերտ Քոչարյանի հստակ հրամանի։
Սա Քոչարյանի մեղսակացությունը հաստատող ընդամենը մի դրվագն է, մյուսների մասին կխոսենք առաջիկայում, մանավանդ՝ նախաքննությունն այսօր հաղթահարեց հոգեբանական արգելքը և մտավ միանգամայն նոր փուլ։ Իհարկե, ՀՔԾ-ի ընթացիկ կարևորագույն խնդիրներից մեկը հնարավորինս արագ Միքայել Հարությունյանին Հայաստան բերման ենթարկելն է, որովհետև նրա բացակայությունը Քոչարյանի՝ թեև ժամանակավոր, բայց միակ ալիբին է։ Երկրորդ նախագահի մասով, վստահ ենք, որ արդեն ձեռնարկված են անհրաժեշտ միջոցառումները, որոնք նրան թույլ չեն տա լքել երկրի տարածքը։