ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլի ցուցակում» հայազգի անձանց, մասնավորապես Սամվել Կարապետյանի և «Ռոսգոսստրախ» ընկերության հիմնադիր, միլիարդատեր Դանիլ Խաչատուրովի անունների առկայությունը Հայաստանում բնականաբար առաջացրել է հարց պատժամիջոցների ազդեցության, հետևանքի վերաբերյալ: Այդ մարդիկ, հատկապես Սամվել Կարապետյանը, Հայաստանում խոշոր ներդրող են, իսկ վերջինս ընդհանրապես ենթակառուցվածքային ներդրող է, նաև քաղաքականության մեջ ենթատեքստային խոշոր դերակատար, հետևաբար նրա հանդեպ պատժամիջոցը անկասկած ենթադրում է նաև վտանգ Հայաստանի համար, Հայաստանում նրա ծրագրերի համար: Այդ վտանգը անկասկած կա, դա հուշում է պարզ տրամաբանությունը:
Մյուս կողմից՝ Սամվել Կարապետյանը պատժամիջոցի տակ չէ, այլ ընդամենը հնարավոր պատժամիջոցների հնարավոր ենթակաների շարքում: Իհարկե, եթե խոսքը վերաբերում է ոչ թե ինչ-որ ոչ կառավարական կազմակերպության կազմած ցուցակների, ապա այստեղ հնարավոր է այդպիսի «կարգավիճակին» վերաբերվել վերապահումով, բայց այդ պոտենցիալ պատժամիջոցների ենթակաների ցուցակը կազմված է գերտերության ֆինանսների նախարարությունում ու ներկայացված է Կոնգրես, հետևաբար այստեղ առնվազն ակնհայտ է քաղաքական մեսիջը: Մնացյալը կախված է այն բանից, թե այդ մեսիջը ինչպես կհասկանան Հայաստանի իշխանությունն ու մասնավորապես ինքը՝ Սամվել Կարապետյանը:
Միևնույն ժամանակ, այդ ամենով հանդերձ, ԱՄՆ-ը մի քանի անգամ շատ հստակ ու թափանցիկ մեսիջ է հղել ընդհանրապես ՌԴ հանդեպ պատժամիջոցների հետևանքի մասով՝ ասելով, որ Վաշինգտոնը մշտապես պատրաստ է Հայաստանի համար կորուստները չեզոքացնել, հետևանքը փոխհատուցել, այլընտրանքային հնարավորություններ ապահովել: Ընդ որում, այստեղ խոսքն ավելի լայն խնդրի մասին է, քանի որ ՌԴ մի շարք ընկերությունների հանդեպ պատժամիջոցներն ու մեկուսացման քաղաքականությունն ընդհանրապես Հայաստանի համար արդեն իսկ բերել են կորուստների:
Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե Հայաստանն արդյո՞ք պատրաստ է օգտվել այն հնարավորությունից, որ ընձեռում է Նահանգները՝ որպես փոխհատուցման տարբերակ, մեխանիզմ, միջոցներ: Ընդ որում, խոսքը պարզապես օգնության մասին չէ, այլ տնտեսական ծրագրերի, որոնք Հայաստանին կտան տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորություն:
Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունը զգալիորեն մատների արանքով է նայել այս ամենին՝ հուսալով, թե միևնույն է՝ Ռուսաստանը չի հասնի այնպիսի վիճակի, երբ Հայաստանի համար հետևանքը կարող է լինել ուղղակի կրիտիկական: Բայց նախազգուշական «ցուցակը» և դրանում ներկայումս հայկական խոշոր կապիտալի ֆլագման հանդիսացող Կարապետյանի ազգանվան ներառումը կարող են լինել ուղիղ ազդակ Հայաստանին, որ հուսալ, թե հնարավոր է իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը՝ մեղմ ասած, ոչ միայն պետք չէ, այլև ավելի վտանգավոր է:
Կրեմլի ցուցակը Հայաստանին ուղղակի թե անուղղակի մեսիջ է, որ ջրի հատակն իջնելն անհնար է՝ ամեն ինչ դուրս է եկել ջրի երես, հետևաբար մնում է կողմնորոշվել, թե Հայաստանն ինչ կարգավիճակով է լողալու ջրի երեսին: Ընդ որում, գուցե հնչի տարօրինակ, սակայն այստեղ Հայաստանի «ինքնուրույնությունն» ու նախաձեռնողականությունը կարող են ողջունելի լինել անգամ հենց Մոսկվայի՝ Կրեմլի համար: Վերջին հաշվով, ներկայումս Կրեմլը Հայաստանին պահում է ոչ թե տնտեսական ռեսուրսներով, այլ ավելի շուտ ռազմական՝ խաղարկելով անվտանգությունն ու ռուսական ռազմակայանի առկայությունը:
Հայաստանն այստեղ չունի մեծ մանևրի տեղ, գոնե տեսանելի, միջնաժամկետ հեռանկարում: Փոխարենը՝ այս պայմաններում բացվում է տնտեսական և քաղաքական որոշակի մանևրի հնարավորություն, որին Ռուսաստանը ստիպված է համաձայնել, քանի որ, այդուհանդերձ, Հայաստանը նաև տնտեսական բեռ է Մոսկվայի վրա, և այդ իմաստով Կրեմլը դեմ չի լինի, եթե Հայաստանը կարողանա, այսպես ասած, կողքի վրա գտնել տնտեսություն պահելու ռեսուրսներ:
Դա իրավիճակ է, որ դասավորվել է ընդհանուր աշխարհաքաղաքական անցուդարձի համատեքստում, կամ այլ կերպ ասած՝ դա պատմական իրավիճակ է, որը Հայաստանի համար ոչ թե տագնապ խփելու, այլ գործելու հնարավորություն է: Այլ է խնդիրը, որ Հայաստանի ներկայիս համակարգը ի բնե անկարող է օգտագործել այդ հնարավորությունը: Ըստ ամենայնի, նաև այդ համատեքստում է Արմեն Սարգսյանի ներգրավումը Սերժ Սարգսյանի «ցուցակ»: