Վերջին շրջանում մամուլում հայտնվեց տեղեկություն, թե Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքից ազատել է ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին և ԶՈւ շտաբի ղեկավարի տեղակալ Ստեփան Գալստյանին:
Նկատենք, որ տեղեկությունը տարածվեց, բայց չհերքվեց, թեպետ նաև չի էլ հաստատվում:
Փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ հարցի առնչությամբ ասել էր. «Կհրապարակվի նախագահի հրամանագիրը, կիմանաք»:
ՊՆ վերնախավի այս խժդժությունները կիսով չափ թաքցնելը, ինչ խոսք, մշակված վարքագիծ է, ասել, որ մի բան այն չէ, բայց չասել, թե ինչը և ինչու:
Եթե Ստեփան Գալստյանի անձի մասին համեստորեն կլռենք (շատերն են պնդում, որ իր գործի իսկական վարպետն է, հողն էլ ոտքերի տակ ամուր է), ապա նույն բանը դժվար է անել բազմաթիվ սկանդալների մեջ հայտնված Հայկազ Բաղմանյանի մասին:
Պետք է նկատել, որ այս պաշտոնյայի աթոռը 1992 թվականից մինչ այսօր միշտ վեր բարձրացող վերելակի նման է եղել, վեր, վեր ու էլի վեր: Ասել է թե՝ Բաղմանյանն անկում ապրող տղա չէ:
Եվ ահա, այս ֆոնին զինվորական ծառայություն չտեսած նախարար Վիգեն Սարգսյանը, ով կոնկրետ առաքելությամբ նախագահականից գործուղվել է ՊՆ,փորձում է ողջ կյանքը բանակում արմատներ նետած Բաղմանյանին կերակրատաշտից հեռացնել, մարդու, ով բավականին սերտ հարաբերություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հարց է առաջանում՝ ո՞վ է ցանկանում ազատվել Բաղմանյանից, նախագահ Սարգսյանն ինքն անձա՞մբ, թե՞ նախարար Սարգսյանը՝ իր նախաձեռնությամբ:
Հակված ենք այն տեսակետին, որ Վիգեն Սարգսյանն ինքն է փորձում իր միջավայրն իրեն հարմարեցնել և իր շրջապատում դժվար կառավարելի դեմքերի չպահել, քանի որ սա կարծես թե Սերժ Սարգսյանի ձեռագիրը չէ:
Ինչո՞ւ ենք այդպես կարծում:
Սերժ Սարգսյանի պարագայում մամուլին պաշտոնյաների նշանակման և ազատման մասին ինֆորմացիան հասանելի է դառնում միայն պաշտոնական հրամանագրից հետո:
Թե ինչու է Վիգեն Սարգսյանը սկսել այս պատերազմը, դժվար է ասել, բայց այն, որ արդեն ձախողման հոտն է գալիս, երկու կարծիք լինել չի կարող:
Նախարար է, ով ցանկանում է, բայց չի կարողանում իր ղեկավարած ոլորտում իր պատկերացրած փոփոխությունները կատարել: Հավանաբար նրանից է, որ ամբիցիոզ Վիգենն այս անգամ նշաձողը բարձր է սահմանել և չի կարողանում տակից դուրս գալ: