SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լևոնյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հայտնել է, թե տևական ժամանակ է, Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը սպանության սպառնալիքներ է հնչեցնում իր հասցեին։ Կայքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ տվյալ տեղեկությունը պարզելու և նշված օգտատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Aysor.am-ի հետ զրույցում երգչուհին նկատեց՝ սպանության սպառնալիք ինքը չի ստացել, այնտեղ ամեն ինչ ճիշտ էր գրված, բացի «սպանություն» բառից: Դա ավելորդ մեղադրանք է:
Հարցին, թե իրականում ինչո՞ւմ է իր բողոքը, երգչուհին մանրամասնեց.
«Երկու տարի շարունակ «USArmenianews.com» կայքը, որի ղեկավարը Գայանե Մանուկյանն է, իմ հասցեին շատ տգեղ, սուտ ինֆորմացիա պարունակող ու զրպարտող հոդվածներ է հրապարակել: Ես իր հետ երբեք չեմ շփվել, չեմ ճանաչել, որ վերցներ ու նման բան գրեր: Նման հոդվածները պատվերի արդյունք են լինում… Բայց ես լռեցի, այս երկու տարվա ընթացքում չպատասխանեցի: Վերջերս նկատեցի՝ չգիտեմ՝ ինչ պատճառով կամ ում մղումով՝ նոր ալիք է բարձրանում, նորից սուտ հոդվածներ է գրում ու բազմաթիվ կեղծ պրոֆիլներով տարածում: Դա ինձ դուր չեկավ ու որոշեցի դիմել ոստիկանություն»: