Մարտի 27-28-ին Ժնեւում սպասվում է ռուս-վրացական բանակցություն, որին կմասնակցեն նաեւ Միացյալ Նահանգների, Հարավային Օսիայի, Աբխազիայի, եվրոպական կառույցների ներկայացուցիչներ: Լայնաֆորմատ այդ բանակցությունը առնչվելու է քաղաքական հակամարտությանը, որ կա Ռուսաստանի, Վրաստանի, չճանաչված երկու հանրապետությունների միջեւ:
Ժնեւի բանակցությունից առաջ Ռուսաստանի հետ հարաբերությունը կարգավորելու հարցում առաջընթացի պատրաստակամություն էր հայտնել Վրաստանի վարչապետը: Այդուհանդերձ, փորձագետները մեծ չեն գնահատում Ժնեւում որեւէ ճեղքման շանսը, համարելով, որ անգամ հակամարտությունների գործընթացում ուժի կիրառումը բացառելու մասին փաստաթուղթ ընդունելու դեպքում էլ այն կկրի խորհրդանշական բնույթ:
Այդուհանդերձ, ինքնին լայնաֆորմատ բանակցության փաստն արդեն իսկ որոշակի իրավիճակ է, ընդ որում կողմերի վարքագծի տեսանկյունից առավել համարժեք, քան օրինակ Ադրբեջանի վարքագիծը արցախյան խնդրում:Վրաստանը չի ճանաչում Աբխազիան եւ Հարավային Օսիան ու համարում է իր տարածքը օկուպացված, սակայն ակնհայտ է, որ Թբիլիսին պրագմատիկ ելնում է առկա իրողություններից եւ փորձում գտնել կայուն եւ անվտանգ ապագայի ձեւաչափեր:
Խոշոր հաշվով, պաշտոնական Թբիլիսիի վարքագիծը միանգամայն ռացիոնալ է եւ բխում է վրացական պետականության շահից, այն իմաստով, որ ավելորդ ռազմա-հայրենասիրականությունը Վրաստանին ամենեւին չի օգնելու հաղթահարել Ռուսաստանին, փոխարենը կարող է ավելացնել խնդիրներ, որոնք լուրջ հարված կլինեն վրացական պետականությանը: Իսկ այդ պետականությունը կայուն եւ հիմնարար փուլ է մտել Վարդերի հեղափոխությունից սկսած, եւ ներկայում Վրաստանի առաջ կան իսկապես կարեւոր խնդիրներ, ինչի համար խիստ անհրաժեշտ է ճանաչել իրողություններն ու ապահովել կայունությունը եւ անվտանգությունը:
Ադրբեջանի պարագայում լիովին բացակայում է իրողությունները ճանաչելու եւ դրանք հաշվի առնելու ցանկությունն ու մտադրությունը: Այստեղ իհարկե կա մի հիմնարար խնդիր: Ի վերջո, եթե Ադրբեջանի դիմացն էլ լինել Ռուսաստանը, ինչպես Վրաստանի դեպքում, այսինքն Մոսկվան լիներ հակամարտության դե յուրե կամ դե ֆակտո հակառակ կողմը, ապա կասկած չկա, որ Բաքուն էլ ստիպված կլիներ հաշվի նստել իրողությունների հետ եւ չգնալ ավելորդ արկածախնդրության:
Բաքուն իրողությունների հետ չի հաշտվում եւ հաշվի չի նստում, քանի որ վստահ է, որ Հայաստանը ոչ միայն ուժեղ չէ իրենից, այլ նույնիսկ թույլ է եւ ավելի թուլացող: Ադրբեջանի այդ համոզումն ինչքանով է իրատեսական, այլ հարց է, բայց այն կա: Խոսքը ռազմական հավասարակշռության մասին չէ, այլ ընդհանրապես պետական ներուժի: Բաքուն համարում է, որ եթե այսօր չի կարողանում հաղթահարել հայկական զինուժի դիմադրությունը, ապա վաղը Հայաստանի զինուժը «կպարտվի» Հայաստանի պետական կառավարման անարդյունավետությանն ու թուլացող պետականությանը:
Ալիեւը բաց տեքստով է արտահայտվում այդ մասին եւ ըստ այդմ չի տեսնում իրողությունների՝ այն է Արցախի սուբյեկտության եւ անկախության հետ հաշտվելու անհրաժեշտություն, նա ստիպված չէ անել այդ բանն ու չի անում:Անշուշտ դժվար է պատկերացնել, որ Հայաստանը տեսանելի ապագայում կարող է պետականության տնտեսական եւ ռազմա-քաղաքական ներուժի մասով Ադրբեջանի հանդեպ ձեռք բերել այնպիսի առավելություն, ինչպիսին ունի ասենք Ռուսաստանը Վրաստանի հանդեպ:
Մյուս կողմից, ներկայում աշխարհակարգի վերաձեւավորման լայն գործընթացում նկատելի է ուժային կենտրոնների որոշակի հակում կամ աստիճանական միտում դեպի մի շարք իրողությունների պրագմատիկ գնահատում եւ դրանց ճանաչման վրա հիմնված հետագա գործընթացների շուրջ մրցակցություն, ոչ թե մրցակցություն այդ իրողությունները փոխելու համար:Կովկասի հակամարտությունները կարծես թե դիտարկվում են այդ համատեքստում: Աշխարհքաղաքական մրցակցությունն այս դեպքում ոչ թե իրողությունները փոխելու, նոր իրողություն, նոր ստատուս-քվո ձեւավորելու ուղղությամբ է, այլ առկա ստատուս-քվոյում դերակատարման, հարաբերությունների եւ խաղի կանոնների մշակման:
Վրաց-ռուսական հակամարտության մասով այդ գործընթացն առկա է, եւ այստեղ իհարկե Հայաստանի համար կա երկու կարեւոր հանգամանք: Նախ, կայունությունը վրաց-ռուսական հարաբերության տիրույթում Հայաստանի համար կարեւոր է մի շարք հանգամանքներից ելնելով, մյուս կողմից՝ հարաբերության կարգավորման այդ տրենդն էլ որպես թեկուզ անուղղակի նախադեպ կարեւոր է արցախյան խնդրում տեսական կիրառելիության մասով:
Առավել եւս, որ այստեղ նույնպես կա որոշակի փոխհամաձայնություն ուժային կենտրոնների մասով՝ մրցակություն ոչ թե ստատուս-քվոն փոխելու, այլ ստատուս-քվոյում դերակատարություն ունենալու շուրջ: Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ հակամարտության սուբյեկտների միջեւ ներուժի եւ կարողությունների տարբերությունն այնպիսին չէ, որ Ադրբեջանը ստիպված լինի գործնականում ներգրավվել իրողությունների ճանաչման գործընթացին: Բաքուն դրանում ներկայում պասիվ ներգրավման մեջ է, ակնկալիքով, որ հարկ չի լինի անցնել ակտիվ ռեժիմի, որովհետեւ Հայաստանը կթուլանա:
Այստեղ է, որ Հայաստանի համար ռեգիոնալ եւ աշխարհքաղաքական միջավայրը դասավորվել է կարծես թե բավական շահեկան տրենդների եւ վեկտորների առկայությամբ, եւ միակ խնդիրը, որ կա, այդ պայմաններում արդյունավետ կառավարման հասնելն է՝ Ադրբեջանին իրողությունների հետ հաշտվելու առնվազն պասիվ ռեժիմում պահելու, իսկ ուժային կենտրոններին էլ ոչ թե ստատուս-քվոն փոխելու, այլ ստատուս-քվոյի պայմաններում դիրքային եւ դերային մրցակցության ռեժիմում պահելու համար:
Ընդ որում, հարկ չի լինի այդ կենտրոններին տվյալ ռեժիմում պահել անվերջ, քանի որ ինչ որ պահի այն անխուսափելիորեն բերելու է արդեն իրողությունների միջազգային իրավունքի ուժով ճանաչման:Հայաստանից պահանջվում է ընդամենը պետականության որակի էական փոփոխության շնորհիվ պահել այդ տրենդը եւ թույլ չտալ դինամիկայի անկում, որովհետեւ այժմ շատ բան կախված է նրանից, թե որպես ժամանակակից պետություն ինչ կարող է իրենից ներկայացնել Հայաստանը: