Այս պայմաններում Ադրբեջանը զրկվում է մանեւրի բավական մեծ դաշտից, քանի որ նախկին տրամաբանությամբ ու թեմայով բանակցությունն արդեն չի կարող ներկայացնել որպես իր «հաղթողական» քաղաքականության բաղկացուցիչ: Մնում է պատերազմը կամ պատերազմի հռետորաբանությունը, որը նույնպես խնդրահարույց է, եւ սադրանքների հաճախակիացումը սահմանին:
Ոչ վաղ անցյալի փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի առանց արտաքին հստակ երաշխիքների ու ժամանակին այն կանգնեցնելու վստահության: Հայկական կողմը կարող է փակել այս խնդիրը նպատակային արտաքին քաղաքականությամբ, թույլ չտալու համար նման երաշխիքներ:
Զուգահեռ պետք է վերականգնվի սպառազինության հավասարակշռությունը, ինչի մասին հայտարարել է նոր կառավարությունը: Սակայն ամենակարեւորը Արցախի ժողովրդավարական զարգացումն է, որի մեկնարկը տրվեց Ստեփանակերտում բողոքի ելույթներից հետո: Ժողովրդավարական փոփոխություններն ու արդիականացումն Արցախի ամենակարեւոր՝ Ադրբեջանի հանդեպ քաղաքակրթական առավելության գրավականն է, որը կանխանշելու է թե քաղաքական, թե ռազմական առավելությունն առաջիկա զարգացումներում: