Արցախի ՊՆ-ն այսօր հանրությանը տեղեկացրեց սահմանին մեր ունեցած արդեն չորրորդ զոհի մասին: Մեկ օրվա ընթացքում հայկական կողմը չորս զոհ է տվել:Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը լայնածավալ գործողություններ է իրականացնում կամ փորձում է իրականացնել: Հետաքրքիր է, որ հայկական կողմը դեռևս հրապարակային պարզաբանում չի ներկայացրել, թե սահմանին ինչ վիճակ է տիրում և ինչ ծավալի սադրանքի են դիմել Ադրբեջանի զինված ուժերը:
Վերջին մեկ օրվա լարվածությունը անմիջական կապ ունի Ադրբեջանի ՊՆ երեկվա հայտարարության հետ: Երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով՝ հունիսի 19-ից Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, զորավարժություններին կմասնակցեն մինչև 23 հազար զինվորական, 120 միավոր տանկ և զրահամեքենա, մինչև 180 հրթիռա-հրետանային համակարգ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը։
Այս հայտարարությունը և հայտարարությունից հետո հետևած սահմանային լարվածությունը խոսում է այն ամսին, որ Ադրբեջանը պատերազմական լայնածավալ գործողություններ կարող է սկսել հենց հունիսի 19-ին: