loading...

Ադրբեջանական կրակոցների թիրախում խաղաղ բնակչությունն է. ՀՀ ՄԻՊ զեկույց



Դիտումներ ` 638
Ադրբեջանական կրակոցների թիրախում խաղաղ բնակչությունն է. ՀՀ ՄԻՊ զեկույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 13-15-ին այցելել է Տավուշի մարզի Վազաշեն, Բարեկամավան սահմանամերձ գյուղեր, կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ կազմվել է զեկույց:

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մարտիկ Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մանրամասն ուսումնասիրություններ են կատարել դպրոցի շենքում, պարզել, որ շենքի ուղղությամբ կրակոցներ են եղել, դպրոցի շենքի վրա առկա են հետքեր: Սա լուսանկարներով տեղ է գտել զեկույցում: Կրակոցները տեղի են ունեցել դասերի ժամանակ: Երկրորդ թիրախը գյուղապետարանի շենքն է եղել:

«Շենքի վրա հետքեր կային՝ ադրբեջանական ԶՈւ կրակոցներից, բացի այդ, առանձին քաղաքացիների՝ գյուղի բնակիչների տներ ենք ուսումնասիրել, նորից հետքեր են արձանագրվել, երկու տան վերաբերյալ զեկույցում նշել ենք։ Պարզվել է, որ դաշտերի վրա էլ են կրակել՝ հացահատիկի, խաղողի դաշտերի վրա, որի հետևանքով վառվել էին դրանք»,- ասաց նա: 

Փաստահավաք խմբի անդամները զրուցել են գյուղապետի, դպրոցի տնօրենի, բնակիչների հետ, ակնհայտ է եղել, որ Վազաշենում ու Բարեկամավանում որևէ զինվորական օբյեկտ առկա չէ, հետևաբար՝ այդ կրակոցներն ուղղված են եղել խաղաղ բնակչությանը, և դա արձանագրվել է:

Փաստահավաք զեկույցը հրապարակվել է անգլերենով, ֆրանսերենով, այն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին և միջազգային կազմակերպություններին:

«Նյութական վնասի չափ չենք հաշվարկել, բայց ակնհայտ էր, որ այդտեղ նյութական վնաս էլ է պատճառվել քաղաքացիական անձանց: Օրինակ՝ դպրոցի շենքում պատուհանները փոքրացնում են, սա թեև չնչին, բայց էլի ծախսերի հետ էր կապված: Բոլոր պատուհանները, որ տեսանելի էին այդ կողմից, էականորեն փոքրացվել են»,- ասաց նա:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Պաշտպանի աշխատակազմը այս տարվա հունիսին փաստահավաք աշխատանքներ են կատարել նաև Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում: ՄԻՊ աշխատակազմից Tert.am-ին են տրամադրել փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկույցի հայերեն, ոչ պաշտոնական թարգմանությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Ոսկեպար այցերի ընթացքում Պաշտպանին ներկայացված մի շարք մտահոգությունների և մարդու իրավունքների մարտահրավերների շարքից քաղաքացիները հիմնականում առանձնացրել են ադրբեջանական զինված ուժերի շարունակական կրակոցները:

Հարցազրույցների ժամանակ քաղաքացիները նշել են, որ կրակոցները հիմնականում տեղի էին ունենում 18:00-ից հետո, երբ դրսում առավել ակտիվ շարժ ու դարձ կա, երբ մարդիկ դրսում են կամ այլ հանրային վայրերում և իրական հնարավորություն կա նրանց կյանքը վտանգի ենթարկելու համար: Նրանք նշել են, որ կրակոցների հաճախականությունը հիմնականում կապված է սեզոնայնության և փողոցներում մարդկանց ակտիվության հետ: Մասնավորապես՝ նրանք նշել են, որ հանգստյան օրերին, տոներին և այլ տոնական միջոցառումների ժամանակ կրակոցները կարող են շարունակվել ամբողջ օրվա ընթացքում:

Բաղանիս և Ոսկեպար գյուղերի քաղաքացիական բնակչությունը հիմնականում նշել է Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ թիրախային կրակոցների մասին, որոնք նպատակ ունեին խափանել անհրաժեշտ փոխադրումները: Գյուղացիները նշել են, որ կրակոցները հիմնականում եղել են կեսօրին կամ երեկոյան ժամերին, երբ մարդիկ փողոցներում կամ այլ հանրային վայրերում են կամ երբ նրանց կյանքը վտանգելու իրական հնարավորություն կա, երբ քաղաքացիական փոխադրումները բավական շատ են, և փակ ճանապարհը կարող է մեծ անհարմարություններ ու վնաս պատճառել քաղաքացիական անձանց: Փաստահավաք աշխատանքներ իրականացնելու ժամանակ Ոսկեպար և Բաղանիս գյուղերի բնակիչները բողոքել են, որ իրենց տրանսպորտային միջոցները վնասվել են ճանապարհի ուղղությամբ շարունակական կրակոցների պատճառով:

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները հաճախակիանում են, երբ նրանք նկատում են գյուղի փողոցներում հավաքված մարդկանց: Այդ պատճառով այցերի ընթացքում փաստահավաք աշխատանքներ իրականացնող խմբի անդամները ստիպված էին բաժանվել փոքր խմբերի՝ հաշվի առնելով քաղաքացիների խորհուրդն իրական այն վտանգի մասին, որ նույն տեղում մարդկանց հավաքված նկատելու դեպքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները կվերսկսվեն:

Իբրև թիրախ ընտրվում էին քաղաքացիները, այդ թվում` երեխաները, կանայք և տարեցները, ինչը վերջիններիս ունեցվածքը, առողջությունը և կյանքը վտանգելու մտադրության մասին ակնհայտ նշան է: Երբեմն երեխայի սենյակի պատուհանին կրակել են, երբ երեխան քնած է եղել, և ծնողները հազիվ են կարողացել փրկել նրան: Ծնողները ցույց են տվել, որ իրենք պատուհանը փակել են քարերով, և միաժամանակ հայտնել են իրենց մտահոգությունը կրակոցների կրկնվելու մասին, քանի որ երեխան դեռ շարունակում է քնել այն նույն սենյակում, որը թիրախավորված էր:

Ծնողները նաև դժգոհել են, որ ադրբեջանական զինված ուժերը պայթեցրել են իրենց ավտոտնակը, երբ մեքենան կայանված էր այնտեղ:

Փաստահավաք առաքելության անդամները հարցազրույց են անցկացրել մի երեխայի հետ, ով հազիվ է փրկվել կանոնավոր կրակոցներից հետո: Նրանք նաև խոսել են երեխայի ծնողների հետ, ովքեր պատմել են, թե ինչ է կատարվել և ցույց են տվել իրենց տան վնասված տանիքը:

Արձանագրվել են նաև նույն տան պատի վրայի կրակոցների հետքերը: Փաստահավաք առաքելության անդամները այցելել են նաև այլ տներ, որոնք ունեցել են կոտրված պատուհաններ, պատերի վրա կրակոցների հետքեր, վնասված տանիքներ և այլն։

Ոսկեվանը գտնվում է սարի լանջին՝ Ադրբեջանի սահմանային դիրքերի մոտ, հետևաբար քաղաքացիական անձանց վնասներն ավելի ավերիչ և տեսանելի են։ Վտանգված կյանքի մշտական վախի պատճառով գյուղի տների մեծ մասը մնացել է դատարկ։ Ժամանակահատվածը և քաղաքացիական բնակչության տների, մանկապարտեզի, դպրոցի, մեքենաների, բեռնատարների և այլ կոմերցիոն տեխնիկաների վրա կրակոցների ձևը ևս մեկ անգամ հստակ ապացուցում են Ադրբեջանի զինված ուժերի՝ քաղաքացիական բնակչությանը վնասելու ակնհայտ մտադրությունը։ Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ տներ և այլ շինություններ վերանորոգվել են՝ այնուամենայնիվ, շարունակական կրակոցները պատճառում են նոր ավերածություններ։

Քաղաքացիական անձինք, հատկապես երեխաները, նրանց ծնողները և ուսուցիչները շատ հաճախ ականատես են եղել, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում մանկապարտեզը։ Դրա հետևանքով նրանք հաճախ հարկադրված են երեխաներին տեղափոխել ավելի անվտանգ շինություններ։ Այդ ուղղությամբ շարունակական կրակոցների պատճառով ներկայում գյուղի դպրոցի մուտքի դիմաց կառուցվում է քարե հսկա դարպաս հիշեցնող պատ։ Դպրոցի մուտքը դպրոցի ելումուտն ապահովող միակ մուտքն է, որտեղ երեխաները հաճախ հավաքվում են դասերից առաջ և հետո։

Այլ գյուղերի համեմատ՝ Կոթին ունի ամենավտանգավոր դիրքը։ Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում առաքելության անդամները պարզել են, որ տներն ու տարաբնույթ շինությունները ծայրահեղ վնասված են, պատերի վրա կրակոցների բազմաթիվ հետքերով։ 

Համաձայն երեխաների, նրանց ծնողների և ուսուցիչների հայտարարությունների՝ Ադրբեջանի զինված ուժերը նախաձեռնում են թիրախավորված կրակոցներ գյուղի դպրոցի և մանկապարտեզի ուղղությամբ, հատկապես թիրախավորելով մուտքերը, որտեղ երեխաները սովորաբար հավաքվում են։

Հարևան գյուղերում արձանագրված դեպքերի պես այստեղ ևս փաստահավաք առաքելության խմբի անդամները ստիպված էին բաժանվել փոքր խմբերի, այն իրական սպառնալիքի պատճառով, որ Ադրբեջանի զինված ուժերը, տեսնելով նույն տեղում հավաքված մարդկանց, կարող են նախաձեռնել նոր կրակոցներ։

Քաղաքացիականները փորձում են պաշտպանել իրենց և իրենց սեփականությունը բոլոր հնարավոր միջոցներով։ Որպես օրինակ՝ երեխաներին և մանկապարտեզի անձնակազմին վտանգավոր կրակոցներից պաշտպանելու համար մանկապարտեզի դիմաց կառուցվել է պատ: Ավելին, որոշ մարդիկ իրենց տները պաշտպանելու համար որպես պատնեշ օգտագործում են բեռնատարներ և այլ տրանսպորտային միջոցները։ Մեկ այլ պատ կառուցվում է գյուղի դպրոցի մուտքի դիմաց։

Գյուղացիները նաև արտահայտել են իրենց անհանգստությունն առ այն, որ հաճախ չեն կարողանում հավաքել իրենց բերքը՝ գյուղացիների մեծ մասի ապրուստի միջոցը, քանի որ բերքահավաքի ժամանակ կրակոցները դառնում են ավելի հաճախակի և ավելի թիրախային։ Ըստ ձեռք բերված վկայությունների՝ Ադրբեջանի զինված ուժերը հաճախ օգտագործում են նաև մեծ տրամաչափի զինատեսակներ։ Արդյունքում քաղաքացիական անձինք ստիպված են լինում իրենց սարքավորումներն ու մեքենաները թողնելով փախչել՝ խուսափելով ավելորդ ռիսկից և վտանգից։ Այդպիսի հարձակումները վնասում են մեքենաներն ու սարքավորումները, որոնք այլևս հնարավոր չէ վերականգնել։ Շատ դեպքերում Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ այրել են խաղաղ բնակչության կողմից երկար ժամանակ հավաքված բերքը։

Փաստահավաք առաքելության խմբի անդամներն այցելել են նաև արոտավայրին և շփման գծին ամենամոտ գտնվող տունը, որտեղ պարզվել է, որ այն հստակ թիրախի և շարունակական կրակոցների ներքո է։

Փաստահավաք առաքելության ընթացքում բացահայտվել է, որ ադրբեջանական զորքերը շարունակաբար հարձակվել են հայկական Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի գյուղերի քաղաքացիական բնակչության վրա։ Դրա հետևանքով վնասվել են քաղաքացիականների տներն ու այլ գույք, դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև արձանագրվել են մարդու իրավունքների բազմաթիվ լուրջ խախտումներ, որոնք հանգեցրել են միջազգային մարդասիրական իրավունքի չափանիշների ու սկզբունքների խախտումներին։

Բոլոր վերաբերելի փաստերի ու հանգամանքների, իրականացման միջոցների ու ժամանակի համադրումն ակնհայտ ցույց է տալիս ադրբեջանական զինված ուժերի՝ քաղաքացիներին, հատկապես երեխաներին, կանանց և տարեց մարդկանց թիրախավորելու և վնասելու թշնամական դիտավորությունը»։


loading...

Փակել