loading...

ԱՄՆ պատժամիջոցներ. Առաջին ծիծեռնակները Հայաստանում



Դիտումներ ` 1029
ԱՄՆ պատժամիջոցներ. Առաջին ծիծեռնակները Հայաստանում

Այս տարի Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թիվն անհամեմատ պակաս է, եւ դա կարելի է համարել ամերիկյան պատժամիջոցների ազդեցության առաջին «ծիծեռնակը»: Տուրօպերատորները նշում են, որ անցած տարվա համեմատ իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 10 անգամ:

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների է սահմանել, որի հետեւանքով իրանական արժույթն աննախադեպ անկում է գրանցել, եւ անցած շաբաթ փոխարժեքը գերազանցել է 1 դոլարի դիմաց 112 հազար ռիալը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ «սեւ շուկայում» փոխարժեքը 98 հազար ռիալ էր: 4 ամսվա ընթացքում իրանական ռիալը կրկնակի արժեզրկվել է դոլարի համեմատ:

Կառավարության սահմանած պաշտոնական փոխարժեքը 44070 ռիալ է 1 դոլարի դիմաց, մինչդեռ հունվարի 1-ին 35186 ռիալ էր:

 



Մեկ տարի առաջ շուկայում ռիալը կրկնակի ավելի թանկ էր, քան հիմա: Այսինքն, դոլար գնելու եւ օրինակ Հայաստան գալու համար իրանցիները պետք է երկու եւ կես անգամ ավելի շատ ռիալ ծախսեն, քան անցած տարի էր: Բացի այդ, եթե առաջ զբոսաշրջիկներին դոլար էին վաճառում պետական փոխարժեքով, ապա հիմա այդ պրակտիկայից հրաժարվել են: Իրանում գրեթե երեք անգամ թանկացել է ելքի վիզան:

Այս ամենը բազմաթիվ իրանցիների ստիպել են հրաժարվել Հայաստան այցից: Մինչդեռ, վերջին տարիներին իրանցի զբոսաշրջիկները ցանկալի հյուրեր էին Հայաստանում՝ նպաստելով ծառայությունների ու առեւտրի ոլորտի կայացմանը:

Պակաս բարդ չեն ռուսական ռուբլու գործերը: Այսօր երկու տարվա ընթացքում առաջին անգամ դոլարի փոխարժեքը գերազանցել է 68.4 ռուբլին: Դրամի փոխարժեքի վրա այդ փաստը չի ազդել, հնարավոր է, Հայաստանի ֆինանսական շուկայի մեկուսացվածության պատճառով:


Փորձագետները, սակայն, նախազգուշացնում են, որ ռուբլու հնարավոր փլուզումը կարող է ազդել նաեւ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալի վրա, որոնք կազմում են Հայաստանի բյուջեի մոտ 30%-ը:

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը փորձում են հրաժարվել դոլարից եւ ազգային արժույթներով առեւտուր անել: Հայաստանը դեռ նախորդ կառավարության ժամանակներից բազմիցս առաջարկել է Ռուսաստանին անցնել ազգային արժույթների ռուսական գազ գնելիս: Մոսկվան պնդել է, որ Երեւանը դոլարով վճարի:

Հայաստանի նոր կառավարությունը դիմե՞լ է Մոսկվային՝ առաջարկելով անցնել ազգային արժույթներով հաշվարկների: Երկրի ֆինանսական ղեկավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում, որը Հայաստանը հեռու պահի ֆինանսական կատակլիզմներից:

https://www.lragir.am/2018/08/13/371091/


loading...

Փակել