Պուտինին նախապատրաստում են հզոր պատժամիջոցներին
Ռուսաստանում օպերատիվ շտաբ է ստեղծվել, որի խնդիրը երկրի ռազմարդյունաբերական համալիրի «կայուն զարգացման ապահովումը» եւ «ԱՄՆ անօրինական պատժամիջոցների կանխատեսվող ուժգնացման պայմաններում» պետական պաշտպանական պատվերի կայուն կատարումն է: Շտաբը ղեկավարելու է Պուտինը:
Ռազմարդյունաբերական համալիրը Ռուսաստանի ու ռուս օլիգարխների համար ամենամեծ եկամուտներն է ապահովում նավթից ու գազից հետո: Համալիրի դեմ ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի համար չափազանց տհաճ նորություն են:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 39 ռուսական պաշտպանական ընկերությունների ու հետախուզական կառույցների ցանկը, որոնց հետ մինչեւ 2018 թվականի հունվարի վերջ «էական գործարքներ» անելն արգելված է ոչ միայն ամերիկյան, այլ նաեւ այլ երկրների ընկերություններին:
Այդ գործարքները պատժամիջոցների պատճառ կդառնան ռուսական պաշտպանական ձեռնարկությունների գործընկերների համար՝ սկսած վարկերի սահմանափակումից վերջացրած թոփ մենեջերների ԱՄՆ մուտքի արգելքով: ԱՄՆ-ն չի կատակում, եւ ռուսական բանկերը հասկացել են, որ ռազմաարդյունաբերական համալիրի հետ համագործակցությունը կարող է նոր պատժամիջոցների պատճառ դառնալ, ընդհուպ մինչեւ անջատում ՍՎԻՖՏ համակարգից:
Ռուսական Ալֆա-բանկն արդեն ծանուցել է ռուսական պաշտպանական համալիրին, որ արեւմտյան պատժամիջոցների պատճառով չի սպասարկելու նրանց: Մեկնաբանելով բանկի հայտարարությունը՝ ռազմարդյունաբերական հարցերով փոխվարչապետ Ռոգոզինը հայտարարել է, որ Ալֆա-բանկը ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ աշխատելու թույլտվություն չի ունեցել: Ընդ որում, նա Թվիթերում գրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացվելու են:
Հայաստանը ռուսական զենքի գնորդներից մեկն է, եւ վերջերս կառավարությունը ռուսական զենքի գնման համար 100 միլիոն դոլար վարկի համաձայնագիր է հաստատել: ԱՄՆ պատժամիջոցները կտարածվե՞ն Հայաստանի վրա:
Բացի այդ, տարին սկսվել է Ռուսաստանի դեմ ԱՀԿ-ում եվրոպական խոշոր հայցով, Եվրոպան Ռուսաստան խոզի մսի արտահանման արգելքի համար 1.4 միլիարդ եվրո է պահանջում: Ռուսաստանի Դաշնությունների խորհրդում հայտարարել են, որ հայցի բավարարման դեպքում Ռուսաստանը կարող է դուրս գալ ԱՀԿ-ից:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացվում են, եւ դա կարող է ազդել Հայաստանի վրա՝ որպես ԵՏՄ անդամ: Հունվարի 1-ից Հայաստանում բարձրացել են ակցիզային հարկն ու մաքսատուրքերը, ինչը թանկացումների պատճառ է դարձել: Հայաստանի պաշտոնյաները, խոսելով այդ մասին, նշում են, որ ԵՏՄ-ն չի արդարացնում տնտեսական ակնկալիքները եւ պնդում են, որ ամեն ինչ կարող է փոխվել, եթե Ռուսաստանում իրավիճակը լավանա:
Ռուսաստանում իրավիճակը կարո՞ղ է լավանալ, եթե ԱՄՆ-ն խստացնի պատժամիջոցները, իսկ Եվրամիությունը մեկը մյուսի հետեւից միլիարդանոց հայցեր ներկայացնի: