loading...

ԱՄՆ դեսպանատունը կրկին շրջագայություն է սկսում. այս անգամ կներկայացնի ֆիլմեր, պար ու գրականություն



Դիտումներ ` 399
ԱՄՆ դեսպանատունը կրկին շրջագայություն է սկսում. այս անգամ կներկայացնի ֆիլմեր, պար ու գրականություն

ԱՄՆ դեսպանատունը կրկին ուղեւորվում է դեպի մարզեր, այս անգամ ներկայացնելու ֆիլմեր, պարարվեստ եւ գրականություն եւ նշանավորելու 25-ամյա գործունեությունը Հայաստանում:  Մշակութային ու գործընկերային այս շրջագայությունը, որ կոչվում է «Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն», մեկնարկում է հոկտեմբերի 14-ին եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի վերջ:

«Այս ամռանը «Ամերիկյան մշակութային շրջագայությամբ» մենք եղանք խոշոր մարզային քաղաքներում:  Այժմ ուղեւորվում ենք դեպի ավելի փոքր համայնքներ, որտեղ մեր դիվանագետները հաճախ չեն այցելում: Կցուցադրվեն ֆիլմեր, պարային բեմադրություններ, կլինեն գրական միջոցառումներ, որոնց միջոցով մենք մեր հայ բարեկամների ու գործընկերների հետ կնշենք այն կապերը, որ միավորում են մեզ, կնշենք մշակույթի ու արվեստի հանդեպ մեր սերը, որ համախմբում է մեզ», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Կինո

«Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն» նախաձեռնության առանցքային բաղադրիչներից մեկը ամերիկյան վավերագրական ու անկախ կինոարտադրողների ֆիլմերի ցուցադրումն է: Ի դեպ, ֆիլմերն այս տարի ավելի վաղ «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» շրջանակում ցուցադրվել են Երեւանում: Ֆիլմերում շեշտադրվում են կարեւոր հիմնախնդիրներ, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական հասարակության ձեւավորումը, բազմազանությունը, կանանց դերի մեծացումը եւ այլն:

«Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն» նախաձեռնության շրջանակում կինոցուցադրումներ նախատեսվում են Գավառում (հոկտեմբերի 14), Սեւանում (հոկտեմբերի 15), Եղեգնաձորում (հոկտեմբերի 18), Գյումրիում (հոկտեմբերի 20), Ստեփանավանում (հոկտեմբերի 21), Ալավերդիում (հոկտեմբերի 22), Չարենցավանում (հոկտեմբերի 28) եւ Աբովյանում (հոկտեմբերի 29):  Բոլոր քաղաքներում ցուցադրվելու է երկու ֆիլմ: Նախ՝ կցուցադրվի վավերագրական ֆիլմ, որին կհաջորդի այդ ֆիլմի քննարկումը հայ առաջատար կինոգետներից մեկի հետ: Իսկ նույն օրն ավելի ուշ կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ, որի հետ կապված կլինի քննարկում հայ կինոգետի ու դերասանի հետ: Բոլոր ֆիլմերն ունեն հայերեն ենթագրեր: Մուտքն ազատ է բոլորի համար:

«Այս ֆիլմերը գերազանց հնարավորություն են, որ մեր հայ բարեկամներն ու գործընկերները հետամուտ լինելու կարեւոր հարցերի, օրինակ՝ աուտիզմ ունեցող երեխայի խնամքի եւ դաստիարակության հարցին, ու նաեւ առիթ ունենան օգտագործել ու բարելավել անգլերենի իրենց իմացությունը: Ես նաեւ կարծում եմ, որ ֆիլմերի նկատմամբ սերը, կինոյի հանդեպ ջերմ վերաբերմունքը մեր երկու ժողովուրդներին բնորոշ ու միավորող ընդհանուր գծերից են», - ասաց դեսպան Միլսը:

Շրջագայությանը կմասնակցում են կինոգետներ Իննա Սահակյանը, Վիգեն Գալստյանը, Դիանա Կարդումյանը եւ Սերժ Մելիք Հովսեփյանը, դերասան/դերասանուհիներ Սամվել Թադեւոսյանը, Անի Խաչիկյանը, Նարինե Գրիգորյանը եւ Բաբկեն Չոբանյանը:

Անսահմանափակ պար

«Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայության» երկրորդ բաղադրիչը պարային բեմադրությունների ներկայացումն է «Անսահմանափակ շարժում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են ԱՄՆ կառավարության ֆինանսավորած կրթական փոխանակման ծրագրերի մի խումբ շրջանավարտներ: Բեմադրություններում ներգրավելով հաշմանդամություն ունեցող անձանց՝ նրանք փորձում են խթանել ֆիզիկական ու գեղարվեստական ազատությունը հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար:

Շրջագայության ընթացքում կներկայացվի երկու պարային բեմադրություն. «Մենք», որը բնորոշվում է որպես երկխոսություն հասարակության հետ բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են մեզ կապված հաշմանդամության հետ, եւ «Ալիսան», որի հիմքում  «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործությունն է:

Պարային բաղադրիչով «Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայության» կանգառները կլինեն Երեւանում  (նոյեմբերի 2),  Գյումրիում (նոյեմբերի 5), Վանաձորում (նոյեմբերի 6), Գորիսում (նոյեմբերի 9) եւ  Կապանում (նոյեմբերի 10):

Գրականություն

Նոյեմբերի 8-ից 14-ը Հայաստան կժամանեն մի քանի հարգված ամերիկացի գրողներ՝ անցկացնելու աշխատաժողովներ, դասախոսություններ ու քննարկումներ գրականության ուժի վերաբերյալ: Սա կազմակերպվում է Այովայի համալսարանի Միջազգային գրական ծրագրի շրջանակում: Հայաստան ժամանողների շարքում են Նատաշիա Դեոնը, ով քննադատների բարձր գնահատականին արժանացած «Ողորմածություն» գրքի եւ մի շարք այլ գրքերի հեղինակն է, մրցանակակիր-դրամատուրգ Լիզա Շլեզինգերը, բանաստեղծ Մայքլ Քոլիերը, գրող Քեյթ Դիքարին եւ Լավանի անվան երիտասարդ բանաստեղծների մրցանակակիր Քրիսթոֆեր Մերիլը:

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը Հայաստան կայցելի Նյու Յորք Թայմսի բեսթսելեր-հեղինակ Շերոն Դրեյփերը՝ ներկա գտնվելու իր «Աղմկոտ լռություն» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին, որը հնարավոր է դարձել ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ: Այս վեպը մի խելացի երիտասարդ կնոջ մասին է, ով ծնվել է ուղեղի կաթվածով եւ չի կարողանում խոսել, շարժվել, չի կարողանում հաղորդակցվել եւ պետք է ճանապարհ գտնի հասնելու այն կյանքին, որով նա է ցանկանում ապրել:

Այցի ընթացքում տ-ն Դրեյփերը ՀՀ պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսոր Արմենուհի Ավագյանի հետ միասին քննարկումներ կվարի ուսանողների, դասախոսական կազմի ու տարբեր օղակների հետ ներառական կրթության կամ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի շուրջ:

«Կարծում եմ տեղին կլինի, որ մեր մշակութային ու գործընկերային շրջագայության եզրափակիչ ակորդը լինի գրականությունը: Հայաստանը հաճախ իր ինքնությունը սահմանելիս հղում է կատարում իր լեզվին ու այբուբենին: Հայաստանը հպարտ է, որ ներկայացնում է պատմություններ այլ մշակույթներից եւ կարողանում է հրամցնել իր պատմություններն աշխարհին: Կարծում եմ շատ տեղին կլինի, որ մեր շրջագայությունն ամփոփենք մեր պատմությունների ներկայացմամբ եւ գրքի, գրականության հանդեպ մեր սիրո դրսեւորմամբ», - ասաց դեսպան Միլսը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն  ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մոհամեդ Կետատային եւ Երեւանում Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի պատասխանատու Ռուզանա  Ղալթախչյանին։

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն օտար լեզուների, այդ թվում նաեւ ֆրանսերենի ուսուցման զարգացումն է: Այս համատեքստում ԿԳ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծացել է հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ: Այդ փաստի մասին են վկայում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, որը նաեւ նպաստել է Հայաստանում ֆրանկոֆոն կրթական ցանցի ստեծմանը:  Մ.Կետատան հետաքրքրվել է Հայաստանում գործող   ֆրանսերենի խորացված ուսուցմամբ տասը դպրոցներում իրականացվող կրթական ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Նշելով, որ ՀՀ ԿԳՆ-ն  պատրաստակամ է  ստեղծել հնարավորություններ օտար լեզուների,  մասնավորապես ֆրանսերենի խորացված ուսուցմամբ  դպրոցների ցանցի ընդլայնման համար՝ Լ. Մկրտչյանը միաժամանակ կարեւորել է ֆրանսիական կողմի հետեւողական աջակցությունը Հայաստանի կրթական համակարգին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել  նաեւ 2018թ. Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի եւ Երեւանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ցանցի անդամ հանդիսացող համալսարանների համաժողովի նախապատրաստման աշխատանքներին։


loading...

Փակել