loading...

ԱՄՆ ակնարկները Բաքվին. համբերությունը կսպառվի



Դիտումներ ` 1216
ԱՄՆ ակնարկները Բաքվին. համբերությունը կսպառվի

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի անկախության առիթով ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Ղարաբաղյան խնդրին, ինչպես մի քանի օր առաջ նույն առիթով՝ Դոնալդ Թրամփը: Պոմպեոն կոչ է արել կողմերին հնարավորինս արագ վերսկսել ինտենսիվ բանակցությունները: Մի քանի օր առաջ էլ նախագահ Թրամփը Ալիևին ուղղված շնորհավորանքում ասել էր, թե առաջիկա ամիսները բերում են կարգավորման հնարավորություն: Թե՛ Թրամփը, թե՛ Պոմպեոն խոսել են նաև այն մասին, որ սպասում են Բաքվի հետ գործակցության:

Ինչո՞ւ է ԱՄՆ քաղաքական վերնախավի երկու առանցքային ներկայացուցիչների՝ Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղերձում շոշափվել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, այսպես ասած, «արագությունների» տողատակը: Հայաստանում, օրինակ, շատերին է դա հետաքրքրել, թեև պետք է նաև նկատել, որ կարգավորման գործընթացի երկարամյա պատմության ընթացքում այլ բան գործնականում երբեք չի էլ հնչել, և միջնորդները տարբեր առիթներով միշտ էլ խոսել են արագ կարգավորման, «հնարավորությունների պատուհանների» և այլնի մասին:



Օրինակ՝ հիշարժան է, որ 2006 թվականը նույնիսկ համընդհանուր բառաֆոնդում միջնորդները հռչակեցին որպես կարգավորման «հնարավորությունների պատուհան»՝ բացատրելով դա նրանով, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում տարին, այսպես ասած, ազատ է ընտրություններից, և ըստ այդմ՝ իշխանությունները կարող են կենտրոնանալ կարգավորումների վրա: Այդպիսի օրինակները կարող են շատ լինել:

Միևնույն ժամանակ, արդյո՞ք կարող ենք ասել, որ արագ կարգավորման, կարգավորման նոր հնարավորությունների և այլնի մասին խոսակցությունները սկսել են կրել հերթապահ բնույթ: Իհարկե, հազիվ թե դրանք լինեն ոչինչ չնշանակող հերթապահ խոսքեր, որ տեղ են գտնում գերտերության քաղաքական ղեկավարության ուղերձներում: Դրանք ինչ-որ բան անշուշտ նշանակում են, և ոչ միարժեքն այստեղ այն է, որ դրանք կարող են ուղիղ իմաստով նշանակել կարգավորման գործընթացի որևէ արագացում՝ որևէ կոնկրետ արդյունքի նպատակադրմամբ:

Այդ ուղերձները կարող են նշանակել այլ բան, առնչվել այլ հարցերի և պարունակել այլ տողատակեր, որոնք հասկանալի և հստակ են միայն ուղերձը հղողների և դրանք ընդունողների համար՝ ելնելով այն հանգամանքից, որ կա ինֆորմացիայի ահռելի ծավալ՝ կարևոր մանրամասներով, որ հայտնի է միայն նրանց:


Այդ տեսանկյունից հետաքրքրական է, որ Ադրբեջանին ուղղված շնորհավորանքներում են հնչում բանակցություններն արագ վերսկսելու կոչերը՝ միաժամանակ զուգորդվելով այն մտքերի հետ, որ ԱՄՆ-ը «սպասում» է Ադրբեջանի հետ աշխատանքին: Այլ կերպ ասած՝ հստակ են ուղերձները ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը, այդ թվում՝ հնարավորությունների մասով ու սպասումով՝ տողատակում ունենալով թերևս այն, որ ԱՄՆ-ն ունի հնարավորություններ նաև առանց Ադրբեջանի, բայց դեռ սպասում է Բաքվի, այսպես ասած, կառուցողականությանն ու քաղաքական կարգավորման տրամաբանություն վերադառնալուն:

Ի՞նչ կանի ԱՄՆ-ը, եթե Բաքուն չօգտվի այդ հնարավորությունից, երբ Վաշինգտոնի համբերությունը սպառվի և այլևս դադարի Ալիևի կառուցողականությանը սպասելուց:

http://www.1in.am/2360705.html


loading...

Փակել