ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացրել Երեւանի քաղաքապետարանում ու Դավթաշեն վարչական շրջանի վարչակազմում, Երեւան հիմնադրամի գործով: Ձերբակալվել են այդ հիմնադրամի տնօրենն ու Դավթաշենի թաղապետի տեղակալը: Առգրավվել են մեծ թվով փաստաթղթեր:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Երևանի ավագանին որոշել է Երևան հիմնադրամի լուծարման առաջարկով հանդես գալ: Այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է: Մարգարյանն, այսպիսով, չհասցրեց լուծարել այն:
Տարիներ շարունակ Երևան հիմնադրամին հսկայական միջոցներ են հատկացվել պետական ու Երևանի բյուջեներից: Օրինակ՝ նախորդ տարի պետական բյուջեից ավելի քան 570 մլն դրամ է հատկացվել հիմանդրամին: Իսկ Երևանի բյուջեով նախատեսված մի շարք ծրագրեր՝ սոցիալական, բարեկարգման, մշակութային ոլորտի, ձևակերպվել են այս հիմնադրամի անվան տակ: Կարելի է միայն ենթադրել, թե ինչ իմաստ ուներ նման «միջնորդավորված» ծախսը:
Երևան հիմնադրամի գործունեության հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին ամիսներ առաջ բարձրաձայնել էր նաև ավագանու Ելք խմբակցության նախկին անդամ, ներկայում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա փորձել էր տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ճի՞շտ են լուրերը, որ Երևանում սեփականաշնորհվող տարածքների համար մարդկանցից նաև Երևան հիմնադրամի համար են գումար գանձում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ըստ տեղեկությունների, «նալոգ» էր սահմանել մայրաքաղաքում տարածքներ սեփականաշնորհողների համար: Այդ տեղեկությունը Արայիկ Հարությունյանին այդպես էլ չէին տրամադրել: Նա և Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել հիմադրամին՝ իրենց տեղեկություն չտրամադրելու համար:
ԱԱԾ հաղորդագրության համաձայն, «իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ»:
Սա երրորդ ու թերեւս ամենախոշոր գործն է, որ առնչվում է Երեւանի քաղաքապետարանին: Նախ ոստիկանությունը մոտ 185 միլիոն դրամի չարաշահումներ ու յուրացումներ էր հայտնաբերել «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ում, որը թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ է մատուցում Երեւանի քաղաքապետարանին:
Երկրորդը քաղաքապետարանին ծառայություն մատուցած «ԱՆՆԱ-80» ՍՊԸ-ն էր: Ըստ ոստիկանության հաղորդագրության, տասնյակ միլիոնավոր գումարներ են հափշտակվել, իսկ աշխատանքների կեղծ կատարողականները հաստատվել էին վարչական շրջանների աշխատակիցների կողմից:
Այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն եղավ գեներալ Մանվելի եղբորորդու հարսանիքի մասին, որին ներկա էր ողջ նախկին վարչակարգը: Ըստ տեղեկության, նրանք Տարոնին հարցնում էին, թե ինչ է կատարվել, արդյոք վտանգներ կան: Դժվար թե նրանց հետաքրքրեր Տարոն Մարգարյանի ճակատագիրը: Փոխարենը, այդ հիմնադրամն ընդհանուր կոռուպցիոն համակարգի մի մասն էր, եւ հնարավոր է՝ «օբշակի» դոնորներից մեկը, ինչն էլ կարող էր անհանգստացնել մյուսներին:
Տարոն Մարգարյանը մնացել է թերեւս միակ բարձրաստիճան ՀՀԿ-ականը եւ առայժմ հրաժարական չի տալիս: Արդյոք նա կդառնա նաեւ միակ բարձրաստիճան ՀՀԿ-ականը, որին մեղադրանք կառաջադրվի: