Համազգային շարժման մասին մեր անդրադարձն ամբողջական, համապարփակ չի լինի, եթե չանդրադառնանք Երկրապահի այսօրվա վերնախավը մարմնավորող Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին: Մարտական փառավոր ուղի անցած հրամանատարներ, ովքեր ռազմի դաշտում վաստակեցին հերոսի անուն և փառք, գեներալի ուսադիր, սակայն խաղաղության տարիներին չդիմացան իշխանության և օլիգարխիկ կյանքի գայթակղություններին:
Մանվել Գրիգորյանը 1989թ-ի գարնանը՝ Էջմիածնի կամավորական առաջին, ամռանը՝ Հադրութի շրջանի Էդիլլու, Հախուլլու, Աղբուլաղ, Խումանջուղ, Բլութան, Դորդուկչի և Մելիքաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատարն էր: Գրիգորյանը 1990-ին ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտարկությունից։
1989-1993թթ-ին Մանվել Գրիգորյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի հարավարևելյան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։
Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։
Գեներալ Սեյրան Սարոյանը 1989-94-ին մասնակցել է ՀՀ Ճամբարակի, Նոյեմբերյանի, Արարատի (Երասխ) և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Լաչինի, Քելբաջւսրի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Սա Երկրապահի էջմիածինցի գեներալների մարտական ուղու ամփոփ պատկերն է: Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում գեներալներ Մանվելի ու Սեյրանի հերոսությունն արցախյան պատերազմում, առնվազն մեղանչում են պատմության և արդարության դեմ:
Մյուս կողմից` հաղթանակը նսեմացնում և պատերազմը շահարկում են բոլոր նրանք, ովքեր արդարացնում են Գրիգորյանի ու Սարոյանի այսօրվա օլիգարխիկ բարքերը, Էջմիածնում հաստատված բեսպրեդելը` վկայակոչելով գեներալների հերոսական անցյալը: Պատերազմում հերոսությունը պետք է արժևորվի, գնահատվի պետության կողմից, սակայն` ոչ թե պատգամավորական մանդատների ու օլիգարխիկ փայերի, այլ` պետական հոգածության, մեծարանքի ձևով: Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն իրավամբ կերպարներ են, որոնցով կարող էին դաստիարակվել բազմաթիվ սերունդներ:
Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք կար այդ հնարավորությունը, որովհետև գեներալները ծառայության մեջ էին առաջնագծում` երևանյան քաղաքական և օլիգարխիկ թոհուբոհից հարյուրավոր կիլոմետրեր հեռու: 2000-ից սկսած` իշխանությունները Երկրապահի վերնախավին ու առաջին հերթին` Մանվելին ու Սեյրանին ինտեգրեցին օլիգարխիկ համակարգին` նրանց կտրելով հաղթանակի ոգեղեն աղբյուրից:
Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Օհանյանի կենսագրությունները 88-ից հետո գրեթե փոխկապակցված են: Նրանք միասին են միացել համազգային շարժմանը, միասին են կերտել հաղթանակը: Հիմա էլ` գեներալական զույգը անբաժան է, սակայն` ոչ թե առաջնագծում կամ հաղթական բանակի հրամանատարական պատվաբեր դիրքերում, այլ` Սերժ Սարգսյանի աջակցության առաջին շարքերում:
…Հերոսների մի մասը դարձել է հավերժի ճամփորդ` իր սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ, մյուսները հայտնվել են աղքատության և անիրավության հորձանուտում` նաև իրենց փառավոր հրամանատարների ստեղծած գիշատիչ համակարգի հետևանքով: