Այսօր կարելի է բավականաչափ տեղեկություններ գտնել կեսարյան հատման մասին, բայց ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի տարածված առասպել այդ վիրահատության մասին
Առասպել 1․ Կեսարյան հատումից հետո բնական ճանապարհով ծննդաբերել հնարավոր չէ
Սա թերեւս այսօրվա ամենատարածված առասպելներից է։ Իրականում կեսարյան հատումով ծննդաբերած կանանց 70 տոկոսը երկրորդ կամ երրորդ երեխային հաջողությամբ լույս աշխարհ է բերում բնական ճանապարհով։ Ամենամեծ վտանգը՝ սպիի պատռումն է, բայց նման բան տեղի է ունենում 200 կանանցից մեկի դեպքում ։Ընդ որում այդ վտանգը աճում է կնոջ կյանքում կեսարյան հատումների քանակին զուգահեռ։
Առասպել 2․ Կեսարյան հատումից հետո կրծքով կերակրել չի կարելի
Իրականում կեսարյան հատումը հակացուցում չէ կրծքով կերակրելու համար։ Սովորաբար երեխային կրծքին մոտեցնում են կեսարյան հատումն անելուց 15 րոպե հետո։
Առասպել 3․ Կեսարյան հատումից հետո մոր ու երեխայի միջեւ զգացմունքային կապ չի լինում
Որոշ կանայք վախենում են, որ եթե կեսարյան հատումով երեխա ունենան, իրենց ու երեխայի միջեւ զգացմունքային կապ չի լինի ։ Իրականում այդ զգացմունքային կապն առաջանում է երեխային հպվելիս, դրա համար էլ կարեւոր է երեխային լույս աշխարհ գալուց հետո հնարավորինս շուտ դնել մոր փորի վրա։
Առասպել 4․ Կեսարյան հատումից հետո մի քանի օր չի կարելի քայլել
Եթե ամեն ինչ լավ է անցել ու ոչ մի բարդացում չի եղել, Ձեզ կարող են հիվանդանոցից դուրս գրել արդեն հաջորդ օրը, բայց Ձեր շարժունակությունը ավելի սահմանափակ կլինի՝ ավանդական ճանապարհով ծննդաբերած կանանց համեմատ։ Կեսարյանից հետո քայլել իհարկե կարելի է, եթե ոչ մի լուրջ բարդացում չի եղել, սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ավելի լավ է զերծ մնալ երկու ամսվա ընթացքում։
Առասպել 5․ Մի քանի շաբաթ մեքենա վարել չի կարելի
Եթե Դուք ձեզ հոգեպես ինքնավստահ եք զգում, ապա մեքենա կարող եք վարել հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ցանկացած պահի։ Կեսարյան հատումը որեւ է կերպ չի ազդում մեքենա վարելու ունակության վրա։
Նկատենք, որ չնայած կեսարյան հատումը անվտանգ վիրահատություն է համարվում, բայցեւայնպես առանց բժշկական ցուցումների՝ պարզապես ցավից խուսափելու համար այդ վիրահատությանը ենթարկվել խորհուրդ չի տրվում։ Եթե դուք վախենում եք բնական ծննդաբերության ցավերից, խոսեք ձեր մանկաբարձ գինեկոլոգի հետ, նա կարող է ձեզ առաջարկել ծննդաբերության ցավազրկման այլընտրանքային մեթոդներ։