loading...

0038 հրամանը կայացվում է գերագույն գլխավոր հրամանատարի ցուցումով. Քոչարյանը փորձում է լվանալ ձեռքերը



Դիտումներ ` 667
0038 հրամանը կայացվում է գերագույն գլխավոր հրամանատարի ցուցումով. Քոչարյանը փորձում է լվանալ ձեռքերը

«0038 հույժ գաղտնի հրամանում սևով սպիտակի վրա արձանագրված է, որ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված հարցերի իրականացման համար ստեղծվել է շտաբ։ Իսկ գերագույն գլխավոր հրամանատարը Ռոբերտ Քոչարյանն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց զինվորական գործերով մասնագիտացված փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին, որում անդրադարձ էր կատարվել 0038 գաղտնի հրամանին։

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում անդրադարձել էր 0038 գաղտնի հրամանին։ Ըստ Քոչարյանի՝ դա ներքին փաստաթուղթ է, և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում:

«Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում:

Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել: Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին»,- ասել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանի կողմից 2008-ի փետրվարի 23-ին ստորագրված «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ» հույժ գաղտնի 0038 հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով որոշում է կայացվել ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխել զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով:

 



«Այդ հրամանի հիման վրա Երևանի կայազորն է ձևավորվել, նշանակվել են կայազորի պետ, տեղակալներ։ Ըստ էության, օպերատիվ շտաբ է ձևավորվել, և շտաբին տրվել են հանձնարարականներ։ Մինչդեռ 2008 թվականին գործող 2005 թվականի խմբագրմամբ, ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածի համաձայն, ՀՀ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո և քաղաքական գործընթացներին պահպանում են չեզոքություն։ Քաղաքական գործընթացներին մասնակցելու ոչ մի իրավունք չունեին զինված ուժերը»,- ընդգծեց Նորիկյանը։

Բացի այդ, փաստաբանի խոսքով՝ անհրաժեշտություն կա պարզաբանելու, թե ինչ է նշանակում ներքին փաստաթուղթ, քանի որ ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է զորքերի կառավարման կարգը, գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրերը ու կարգադրությունները։ «Ես չեմ հասկանում, թե Քոչարյանը ներքին փաստաթուղթ ասելով ինչ նկատի ունի։ Այդպիսի հասկացություն առհասարակ չկա։ Ավելին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը բացառում է, որ կարող էր այդպիսի հրաման ստորագրել առանց Ռոբերտ Քոչարյանի ուղղակի ցուցման»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում հայտնած մեկ այլ մտքով հերքում է իր ասածը, թե չէր կարող տեղյակ լինել 0038 որոշումից։ Մասնավորապես, երբ պատմում է, թե ինչպես է ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը զեկուցում բանակի ու ԵԿՄ-ի հետ կապված խնդիրները։

«Այդ դրվագից հետևում է, որ Քոչարյանը չէր կարող բանակում կատարվող չնչին տեղաշարժի մասին տեղյակ չլինել, կամ մի քայլ կատարվեր առանց իր համաձայնության։ Բանակում զորքերի կառավարման, տեղաշարժի, գործունեության վերաբերյալ չի կարող լինել ներքին փաստաթուղթ, իսկ 0038 գաղտնի հրամանը ներքին փաստաթուղթ չէ, դա պաշտպանության նախարարի հույժ գաղտնի հրաման է, որը ծնվել է գերագույն գլխավոր հրամանատարի ուղղակի ցուցմամբ և հանձնարարությամբ, որը եղել է ակնհայտ ապօրինի հրաման, որով խախտվել է ՀՀ Սահմանադրությունը»,- ընդգծեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է երկրում արտակարգ դրություն հայտարարելուն, ապա Նորիկյանի խոսքով՝ դա ևս ապօրինի է եղել, քանի որ 2008 թվականի ընտրութուններից հետո ՀՀ քաղաքացիները դուրս են եկել փողոց իրենց իրավունքների պաշտպանության համար՝ համաձայն չլինելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների արդյունքների հետ, որով Սերժ Սարգսյանը ընտրվել էր ՀՀ նախագահ։

«Այդ ժամանակ որևէ հիմք չկար արտակարգ դրություն հայտարարելու համար։ 2005 թվականի խմբագրությամբ, Սահմանադրության 55 հոդվածի 14-րդ կետի համաձայն, ՀՀ նախագահը սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում խորհրդակցելով ԱԺ նախագահի և վարչապետի հետ՝ կարող է հայտարարել արտակարգ դրություն և իրականացնել իրավիճակից բխող գործողություններ, որի մասին ուղերձով դիմում է ժողովրդին։ Այլ խնդիր է, թե Քոչարյանը ինչ չափորոշիչներով է առաջնորդվել, երբ հանգել է հետևության, թե երկրում տեղի ունեցողը սահմանադրական կարգին սպառնացող հանգամանք է եղել, քանի որ արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 2-ին, այսինքն՝ զոհերից հետո, երբ քաղաքը մաքրված էր արդեն։

 



loading...

Փակել