loading...

0038 գաղտնի հրամանը. ինչ են խոսել Քոչարյանն ու Սարգսյանը



Դիտումներ ` 1088
0038 գաղտնի հրամանը. ինչ են խոսել Քոչարյանն ու Սարգսյանը

Մարտի 1-ի գործն իրականացնող քննչական խումբը գործով մեղադրյալ է ներգրավել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, նրան մեղադրելով բանակը ներքին գործընթացներում օգտագործելու, սահմանադրական կարգը տապալելու փորձի համար:

Հատուկ քննչական ծառայությունը փաստերի շարքում հիշատակում է օրինակ այն ներքին հրամանը, որի մասին 2008 թվականի հունիսին հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ցույց տալով, որ դեռեւս փետրվարի 23-ին եղել է զորքերը զորանոցային պատրաստության բերելու հրաման:

Միքայել Հարությունյանը տվյալ պարագայում անկասկած «ցատկահարթակ» է դեպի Ռոբերտ Քոչարյան, որն այն ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարն էր: Նախկին Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը օրինակ հայտարարում էր, թե Քոչարյանին հարցաքննեին Մարտի 1-ի գործով, որ ի՞նչ ասեր: Իհարկե ասելու բան շատ կար, չկար պարզապես Քոչարյանին ու նաեւ այն ժամանակ գործող վարչապետ ու պաշտոնապես ընտրված նախագահ Սերժ Սարգսյանին հարցաքննելու անկախություն կամ քաղաքական կամք:



Հիմա կամքը կա, իրավապահների ազատությունը կա, եւ նրանք փաստորեն ստեղծում են հարցաքննության շատ կոնկրետ առիթ: Մեղմ ասած, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը առնվազն որպես այդ ժամանակ նախագահ եւ վարչապետ պետք է պատասխան տան իրենց պաշտպանության նախարարի գործունեության մասով: Եվ ոչ միայն:

Այդպիսով, Միքայել Հարությունյանին մեղադրանքից հետո հարցը այն է, թե երբ է Մարտի 1-ի քննչական խումբը հարցաքննության կանչելու Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Եվ իհարկե ոչ միայն նրանց: Բայց այդուհանդերձ հետաքրքիր կլինի լսել, թե ինչ կասի օրինակ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի գործողությունների մասով, կասի՞, որ ինքը դեմ է եղել որեւէ մոտեցման, բայց Քոչարյանը գործել է առանց իր հետ համաձայնեցնելու:

Իսկ արդյոք կարող են պատմության արխիվում լինել հետաքրքիր ձայնագրություններ, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի զրույցի, կամ ներիշխանական որեւէ այլ ֆորմատով զրույցի:

 


Տրամաբանությունը, գործի շրջադարձը հուշում է, որ հերթը պետք է նաեւ դրանց հասնի: Չէ՞ որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունից հետո իշխանության քարոզչությունը «զինվեց» ընդդիմության գործիչների հեռախոսազրույցների ձայնագրություններով, միմյանց եւ Տեր-Պետրոսյանի հետ խոսակցություններով, որոնք փորձ արվեց օգտագործել ընդդիմությանը վարկաբեկելու եւ իշխանության գործողությունն արդարացնելու համար:

Հիմա գործը շրջվել է, եթե մինչ այդ ընդդիմադիր գործիչներն էին մեղադրվում սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ, ապա այժմ արդեն մեղադրվում է այն ժամանակ բարձրաստիճան առաջին պաշտոնյաներից մեկը, մյուսների հետ կապող գործնականում անխուսափելի թելերով:

Կգա՞ Քոչարյանի, Սարգսյանի եւ այլոց ձայնագրությունների հերթը:

 

loading...

Փակել