Առցանց տաքսի պատվիրելու համար նախատեսված Gett ծառայությունը բողոք է ներկայացրել Ռուսաստանի Հակամենաշնորհային դաշնային ծառայություն՝ մրցակից «Յանդեքս. Տաքսի» ընկերությանը մեղադրելով օգտատերերին լրտեսելու համար:
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, Gett-ի բողոքի համաձայն՝ «Յանդեքս. Տաքսի»-ն հետևում է օգտատերերի սմարթֆոններում առկա մյուս հավելվածներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ բողոքի համար հիմք է ծառայել ֆեյսբուքյան օգտատեր Տիմոֆեյ Վասիլևի գրառումն առ այն, որ Gett հավելվածի ներբեռնումից հետո «Յանդեքս. Տաքսի»-ն նվազեցրել է մեքենայի պատվերի գինը:
Վասիլևը նկատել է, որ թեև անձնական տվյալների անվտանգության տեսանկյունից դա շատ վատ է, այնուհանդերձ՝ այդկերպ կարելի է գումար տնտեսել տաքսի պատվիրելու համար:
Gett-ի հիմնադիր Դեյվ Վայսերը պատմել է, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումն իրարանցում է առաջացրել ընկերությունում:
«Յանդեքս. Տաքսի»-ն ինչ-որ կերպ բավական շատ բան գիտի ձեր բջջայինում կատարվող քայլերի մասին: ՀԴԾ-ին խնդրել ենք զբաղվել այս հարցով»,-ասել է նա:
Հետաքրքրական է, որ Gett-ի աշխատակիցների պարզած տեղեկության համաձայն՝ եթե սմարթֆոնում կա և՛ Gett, և՛ «Յանդեքս. Տաքսի», 60%-ով ավելանում է «Յանդեքս. Տաքսի»-ով զեղչ ստանալու հավանականությունը: Հետազոտությանը մասնակցած մասնագետները ևս հաստատել են, որ ծառայությունը տեղեկություններ է հավաքում հեռախոսում այլ ծրագրերի վերաբերյալ:
Սակայն «Յանդեքս. Տաքսի»-ի ներկայացուցիչ Վլադիմիր Իսաևը հայտարարել է, որ իրենք տեղյակ չեն Gett-ի բողոքի մասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի կեսերին «Յանդեքս. Տաքսի»-ն և Uber-ը միավորել են Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում տաքսի ծառայության բիզնեսները: Նոր ընկերության ղեկավար Տիգրան Խուդավերդյանը խոսք է տվել այլընտրանք ստեղծել անձնական մեքենայի, ավտոբուսի ու մետրոյի համար: