loading...

«Վետո»-ի, ոչ թե Համաձայնության կառավարություն. Փաշինյանին հաջողվել է անել անհնարինը



Դիտումներ ` 1622
«Վետո»-ի, ոչ թե Համաձայնության կառավարություն. Փաշինյանին հաջողվել է անել անհնարինը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջովին ձևավորված է:

Փաշինյանի կառավարությունը քաղաքական առումով բազմաշերտ է և պայմանականորեն բաժանված է երեք խմբի: Ընդհանուր առմամբ` կադրային հետաքրքիր լուծումներ են գտնվել, սակայն կառավարության բազմաշերտությունը, հնարավորությունների հետ միասին, ծնում է ռիսկեր:

Նոր նախարարների, այսպես կոչված, մասնագիտական շերտում կատարվել են գրեթե իդեալական նշանակումներ, որովհետև ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մասնագիտական որակները նրանց պահանջարկված են դարձնում գրեթե բոլոր իշխանությունների համար:

Նշանակումների երկրորդ խումբը` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հեղափոխության, այսպես կոչված, կորիզն է: Նրանք հիմնականում երիտասարդ գործիչներ են, որոնց ուսերին, սակայն, ընկած է քաղաքական նոր մշակույթի արմատավորումը պետական կառավարման մեջ: Այս մարդկանց մոտ փորձի պակասը նույնիսկ կարող է դրական համարվել, եթե նկատի ունենանք, որ Փաշինյանի կառավարության հիմնական առաքելությունը նոր կենսունակ համակարգ ձևավորելն է` քրեաօլիգարխիան ջարդելու միջոցով(պայմանականորեն` հեղափոխության թիմի ներկայացուցիչներ պետք է համարել նաև Արտակ Զեյնալյանին և Մանե Թանդիլյանին):



Հենց այս համատեքստում էլ առնվազն մտահոգություն էր ծնել կառավարությունում երրորդ սեգմենտի ներկայությունը:

ԲՀԿ հինգ և ՀՅԴ երկու ներկայացուցիչները չպետք է լինեին կառավարությունում` առնվազն հեղափոխության տրամաբանությունից ելնելով, որովհետև, ըստ էության, ներկայացնում են քրեաօլիգարխիան:

Սակայն կառավարության կազմը բացահայտում է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է, այսպես կոչված, ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավարության ձևավորման հիմքում դնել այնպիսի սկզբունքներ, որոնք, ըստ էության, չեզոքացում են` կաբինետում ԲՀԿ-ի և ՀՅԴ- ի ներկայացվածության հետ կապված մեր մտահոգությունները:

Հայաստանի կոալիցիոն կառավարությունների ձևավորման պատմության մեջ առաջին անգամ` վարչապետը նշանակումների գործընթացում կիրառել է վետոյի սկզբունք: Մեր ունեցած տեղեկություններով` հենց այս սկզբունքով Նիկոլ Փաշինյանը մերժել է փոխվարչապետի պաշտոնում նշանակել Միքայել Մելքումյանին, նրանից առաջ` ևս երեք թեկնածուների: Արդյունքում` ԲՀԿ-ի քվոտայավ փոխվարչապետ է դարձել բանկիր Մհեր Գրիգորյանը, ով ամենափորձառուն է փոխվարչապետների մեջ: Այս նշանակումը դրական ազդակ է գործարարների ու օտարեկրյա ներդրողների համար:


Եթե Նիկոլ Փաշինյանը նույն հետևողականությամբ վերահսկի նաև մյուս ոլորտների աշխատանքը, որոնք քվոտայով տրված են ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, բացառիկ արդյունք է հնարավոր արձանագրել, որովհետև կառավարությունում չկան սկսնդալային և օդիոզ դեմքեր:

Այսպիսով` ամբողջովին ձևավորվել է նոր կառավարություն, որտեղ կան նոր դեմքեր, գաղափարներ: Իհարկե, դժվար է խոսել միասնական թիմի մասին, սակայն կառավարության նույնիսկ այս կազմը հնարավորություն է ստեղծում հեղափոխության արդյունքների քաղաքական կապիտալացման համար:

Ինքնին հասկանալի է, որ համաձայնության կառավարությունը Փաշինյանին անհրաժեշտ է` խորհրդարանում թեկուզև ոչ կայուն մեծամասնություն ունենալու համար: Հուսանք, որ այս փաստն օրակարգից չի հանում արտահերթ ընտրությունների անցկացման թեման:

Նոր կառավարության ձևավորումը վերջ է տալիս ՀՀԿ-ի 19-ամյա կառավարությանը, սակայն ամբողջովին չի արտացոլում հեղափոխության տրամադրությունները, չի վերացնում քաղաքական ճգնաժամը, ինչը հնարավոր է միայն արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով:
Քաղաքական ժամանակավոր համակեցությունը պետք է ունենա հնարավորինս սեղմ ժամկետ և հստակ օրակարգ:

http://www.1in.am/2351367.html


loading...

Փակել